Մատչելիության հղումներ

Ֆիննախը ուժը կորցրած է ճանաչել Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությանը տրված լիցենզիան


Ֆինանսների նախարարությունը ուժը կորցրած է ճանաչել ԲՀԿ առաջնորդ, ընտրակաշառքի գործով մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Օնիրա քլաբ» ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիան։ Խոսքը Աբովյան քաղաք տանող մայրուղու վրա գործող «Շանգրի լա» խաղատան մասին է։

Ֆինանսների նախարարությունը Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի երեկվա որոշումը տեղադրված է «Ազդարար» հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

Ֆինանսների նախարարի խոսնակ Աննա Վարդանյանն «Ազատությանն» ասաց, որ նախարարը որոշումն արդեն ստորագրել է, օրենքով սահմանված կարգով այն կներկայացնեն տնտեսվարողին։ Այս որոշումը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ծառուկյանի ընկերությունը կարող է բողոքարկել դատարանում։

«Օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ընկերությանը՝ եզրակացությունը և որոշումը», - նշեց Վարդանյանը:

Ըստ ֆինանսների նախարարության, «Օնիրա քլաբի» մինչև 2018 թվականի հունիսը չի վճարել նախարարության կողմից ընկերությանը դեռ 2014-ին տրված լիցենզիայի համար այս տարվա երրորդ եռամսյակի պետական տուրքի տարեկան գումարի 25 տոկոսը։

Դեռ հունիսի 14-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդեց Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Մուլտի գրուպ» ընկերությանն առնչվող քրեական գործի մասին։

Ըստ իրավապահների, տարիներ առաջ «Օնիրա քլաբ» ընկերության իրավասու անձինք թաքցնելով փաստերը՝ խաբեությամբ այնպես են արել, որ օգտվեն արտոնյալ պայմաններից։ Ըստ օրենքի, 2014 հունվարի 1-ից հետո խաղատուն, շահումով մեքենայացված խաղ և ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել, եթե կառավարության կողմից հավանության արժանացած 40 միլիարդ դրամից ավելի ներդրումային ծրագրի շրջանակում այդ ներդրումը մեկ վայրում կատարված լիներ։ Մինչդեռ 2011-ին «Օնիրա քլաբի» կառուցած և ավելի քան 13 հեկտար մակերեսով ժամանցի վայրերը, ինչպես նաև արդեն գործող «Շանգրի լա» խաղատունը ներկայացվել են որպես այդպիսին՝ ավելի քան 61 միլիարդ դրամ ներդրման արդյունքում կառուցված շինություններ, ինչի հետևանքով այդ ծրագիրն ստացել է կառավարության հավանությունը և 2013 թվականի դեկտեմբերին թույլատրվել է նույն վայրում շարունակել գործունեությունը։

«Սրա հետևանքով պետությունը զրկվել է փաստացի առանձնապես խոշոր չափերի՝ 40 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում ստանալու հնարավորությունից», - հաղորդում է ԱԱԾ-ն։

Միևնույն ժամանակ, ստացված լիզենցիայով այլ վայրում առանց թույլտվության զբաղվել են խաղատան և շահումով խաղերի կազմակերպմամբ։ Սրա հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս։ Գագիկ Ծառուկյանն այս գործով որպես վկա է անցնում։

Ծառուկանի փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այս գործով դեռևս չեն զբաղվում, չբացառեց, որ հետագայում ստանձնեն այն։

Մեկ ամիս առաջ Ազգային անվտանգությունը խուզարկություն էր կատարել Ծառուկյանին պատկանող Առինջի առանձնատանը։ Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը մեղադրյալ է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի գործով։ ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում Կառավարության հրաժարականը պահանջելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է Ծառուկյանի այդ պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել միայն իրավական հարթությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG