«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանին երեկ չկալանավորած դատարանն իր որոշման մեջ հիմնավորված է համարել, որ ընդդիմադիր գործիչը կապ ունի ընտրակաշառք տալու դեպքերի հետ. այսօր հայտարարեց այս գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունը։
Ըստ ԱԱԾ-ի, դատարանը նաև գրել է, որ քրեական գործի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը հնարավոր է կանխել ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ:
Որոշումը, սակայն, բողոքարկելու են թե' Ծառուկյանի փաստաբանները, թե' դատախազությունը, որն իրականացնում է գործի վերահսկողությունը։
Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց բողոքի համար առնվազն երկու հիմք ունեն. առաջինն այն է, որ համաձայն չեն դատարանի այդ գնահատականի հետ, որ կա հիմնավոր կասկած, և Ծառուկյանը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպել է ընտրակաշառքի բաժանում. – «Նկատի ունենք, որ հիմնավոր կասկածի վերաբերյալ դատարանի դատողությունների հետ համաձայն չենք: Էդ մասով մենք գտնում ենք, որ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը նույնիսկ հաղթահարված չէ: Դատարանին տրամադրված ապացույցներում որևէ փաստական տվյալ չկա, որը ուղիղ կերպով կհիմնավորի, որ պարոն Ծառուկյանը առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքին»:
Մյուս հիմքն այն է, որ, ըստ Ծառուկյանի փաստաբանների, այս գործը պետք է հարուցեր ու քններ ոչ թե ԱԱԾ-ն, այլ Հատուկ քննչական ծառայությունը. – «Կալանքի միջնորդության քննարկման ընթացքում վերահաստատվեց նաև այն հանգամանքը, ներկայացած դատախազները հայտնեցին, որ Գլխավոր դատախազը դատավարական հսկողություն չի իրականացրել: Անմիջական հսկողություն իրականացնող դատախազը ներկա էր դատական նիստին: Ըստ էության, մենք գտնում ենք, որ 190-րդ հոդվածով էլ իմպերատիվ պահանջ կա, որ էդ գործը ընդդատյա է Հատուկ քննչական ծառայությանը` ՀՔԾ-ին»:
Գլխավոր դատախազությունը ևս անհամաձայնություններ ունի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանի որոշման հետ։
«Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Ծառուկյանը ազատության մեջ կազդի այս գործով անցնող անձանց վրա», - ասում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ - «Ազատության մեջ մնալու պայմաններում Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի ներգործություն գործելու հնարավորությունների վերաբերյալ նկատի ունենանք, որ բավականին մեծածավալ աշխատանք կատարելու դաշտ կա, և հնարավոր է բազմաթիվ մարդկանց առնչությունը, որոնք կապված են ինչպես Գագիկ Ծառուկյանի հետ, այնպես էլ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»:
Աբրահամյանը նաև հակադարձում է փաստաբանների այն պնդմանը, թե այս գործը բացառապես պետք է քննի ՀՔԾ-ն։ Նա վկայակոչում է Քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը. – «Որն ասում է, որ նման դեպքերում դատախազը իրավունք ունի նախաքննությունը մեկ քննչական մարմնից վերցնելու և փոխանցելու մեկ այլ քննչական մարմնի: Արդեն ձևավորված պրակտիկա է դա, շատ են եղել դեպքերը, երբ ելնելով հանրային շահից, այսինքն` քննությունների լրիվությունը, օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ապահովելու անհրաժեշտությունից` վերադաս դատախազը կամ Գլխավոր դատախազը, իրացնելով իր հայեցողական լիազորությունը, նախաքննության իրականացումը հանձնարարել է կոնկրետ քննչական մարմնի»:
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր քաղաքական ուժի առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ Ծառուկյանն ու նրա թիմակիցները, ինչպես նաև մի շարք ուժեր հայտարարում են, թե ընդդիմադիր գործիչը ենթարկվում է քաղաքական հետապնդման Կառավարությանը քննադատելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ հորդորդելով հարցը դիտարկել իրավական դաշտում:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր «Ազատության» հետ զրույցում կրկին պնդեց, որ այս գործը ի հայտ եկավ Ծառուկյանի հայտնի քննադատական ելույթից հետո. – «Սա համարում են հերթական էժանագին մանիպուլյացիան: Մեզանից որևէ մեկը չգիտեր, որ նման քրեական գործ կա, ավելին` ես վստահ եմ, որ նման որևէ քրեական գործեր չեն եղել: Որովհետև դատախազը, մի նախադասություն սպրդեց իր շուրթերից դահլիճում, որ երբ իմ գործընկերներից մեկը հարցրեց Վազգեն Պողոսյանի ցուցմունքի հետ կապված, ասեց` դե հա, այս գիշերվա, մի գիշերվա... ինչ-որ մի հատ ձևակերպում տվեց»:
Մինչդեռ Ծառուկյանին պատգամավորական անձեռմխելությունից զրկելու միջնորդություն ներկայացրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում հայտարարել էր, թե դեռ ամիսներ առաջ, փետրվարին մեկ այլ՝ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու քրեական գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել «Երևանշին» ընկերությունում և ԲՀԿ-ին առնչվող փաստաթղթերը հայտնաբերվել էին հենց այնտեղ։
Ծառուկյանի գործը քննող ԱԱԾ-ն այսօր նաև հաղորդեց, որ երեկ դատարանը անդրադարձել է այս գործում ներգրավված 5 կասկածյալների ցուցմունքներին, որոնցով, ըստ իրավապահների, հաստատվում է Ծառուկյանին առաջադրված մեղադրանքը։
Փաստաբանը մինչդեռ ասում է՝ թող իրավապահները պարզաբանեն, թե այդ ցուցմունքներն ինչ կապ ունեն Ծառուկյանի հետ. – «Եթե դատախազությունը ցանկություն ունի ինձ հակադարձել, թող առարկայական ներկայացնեն էդ ցուցմունքը և ասեն էդ ցուցմունքի որ տողը կամ որ բառակապակցությունն է առհասարակ վկայում նրա մասին, որ պարոն Ծառուկյանը առնչություն ունի ընտրակաշառքներ բաժանելու հետ»:
ԱԱԾ-ն նաև հիմնվում է «Երևանշին» ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017 թվականին ներկայացված հաշվետվությունների վրա։ Դրանցում կան նշումներ, թե մեկ ձայնի համար վճարված գումարների, ընտրողներին տրված կաշառքի չափի, ակտիվիստներին վճարված գումարների մասին, ինչպես նաև Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այլ անձանց գումարներ փոխանցելու մասին։ Իրավապահ կառույցը նաև շեշտում է, որ այս ընտրակաշառքները բաժանողները դրանց մասին հաշվետվություններ են ներկայացրել կուսակցության ղեկավար կազմին, և որ ընտրակաշառքի մասին կասկածները չեն տարածվում միայն Գեղարքունիքի մարզի վրա։
ԱԱԾ-ն պնդում է, որ կատարվել են 80-ից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում էլ հայտնաբերվել և ագրավվել են «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառք տալը հաստատող այլ փաստեր։ Դրանցում եղել են ընտրողների անհատական տվյալներ, ընտանիքի անդամների թիվը, յուրաքանչյուր անձին տրված համապատասխան 10.000 դրամի վերաբերյալ նշումներ և կաշառք ստանալու հանգամանքը հավաստող ստորագրություններ: Իրավապահ կառույցը նաև ունի տվյալներ, որ ընտրակաշառք բաժանելու համար կուսակցության ղեկավար կազմի կողմից ըստ ծառայության վայրերի, զորանոցների տեղակայման վայրերի, ծառայության ժամկետների, վեր են հանվել նաև կոնկրետ զինծառայողների անհատական տվյալները, նախապես կազմվել են կաշառք ստանալու պատրաստակամություն հայտնած անձանց ցուցակներ, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցության ղեկավար կազմը բանկերից ստացել է 10.000 դրամներից բաղկացած հարյուրավոր միլիոն դրամներ։
Ծառուկյանի փաստաբան Էմին խաչատրյանը պնդում է՝ Ծառուկյանի բնակարանից նման թղթեր չեն հայտնաբերվել և որ այս տվյալները իրենց հայտնի չեն։
ԱԱԾ-ն այսօրվա իր հաղորդագրությամբ դիմում է Հայաստանի քաղաքացիներին և հորդորում կաշառքի դեպքի վերաբերյալ որևէ տեղեկությունների տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել իրենց։