Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Ռոբերտ Պապոյանը մերժեց ընտրակաշառքի համար մեղադրվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։
Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց` որոշման հիմնավորումները շատ ծավալուն են, և մանրամասն ծանոթանալուց հետո նոր միայն դիրքորոշում կհայտնեն. - «Որոշ առումներով կարող է նաև բողոքարկման անհրաժեշտություն լինի, բայց արձանագրենք ամենակարևոր փաստը, որ այս պահին կալանավորումը մերժվել է, ազատության մեջ է: Ես ուղղակի ամենակարևորը, որ ուզում եմ արձանագրել, ես ուրախ եմ, որ դատարանն ուղղակի կարողացավ իր մեջ ուժ գտնել և վեր կանգնել քաղաքական պրոցեսներից»:
Խորհրդարանին Ծառուկյանին աձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ներկայացրած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Ազատությանը» փոխանցեց, որ դատախազությունը որոշումը պարտադիր բողոքարկելու է Վերաքննիչ դատարանում: Ընդգծեց՝ դատավորը կալանքը մերժել է ոչ թե հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, այլ պարզապես գտել է, որ Ծառուկյանը չի խոչընդոտի քննությանը. - «Դատական ակտն անհիմն է և ապօրինի է, դատախազությունն այն պարտադիր բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան: Դատարանը հաշվի չի առել այն բոլոր մեր կողմից նշված ռիսկերը, որոնք առկա են` կապված նրա ունեցած ֆինանսական հնարավորությունների, կապերի, իր ենթակաների նկատմամբ ունեցած ազդեցության»:
Դատարանի որոշումից հետո մինչ այդ քաղաքական հետապնդումների մասին հայտարարող Ծառուկյանը, որը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկն է, որևէ հարցի չպատասխանեց, այդ թվում` հարցին, թե արդյոք շարունակելու է պահանջել Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը։ «Դե գնացեք, փաստաբաններին հարցրեք, ես ասելու էլ բան չունեմ: Փաստաբաններին ասեք, ձեր բոլոր հարցերին կպատասխանեն», - ասաց ու հեռացավ:
Նկատենք, կալանավորելու վերաբերյալ որոշումը հրապարակվեց մեկ ժամ ուշացումով: Փաստաբանն ասաց` պարզապես տեխնիկական խնդիր է եղել, քանի որ որոշումը բավականին ծավալուն է:
Ծառուկյանը լրագրողների հետ կարճ զրուցել էր մինչև նիստի մեկնարկը և այդ ժամանակ դարձյալ հայտարարել, թե իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում. - «Քաղաքական սա հիմնական պատվեր է, որը դուք դա բոլորդ էլ լավ տեսնում եք, ժամանակը դա ցույց է տալիս: Ժողովրդին դնում են թյուրիմացության մեջ, չի կարելի անընդհատ հիների հետ կապել, հիների հետ, նայելով Մուկուչյանն ասենք թե ո՞վ ա եղել, մինչև հիմա խի՞ կա: Հարց եմ տալիս ձեզ բոլորիդ: Այսօր փաստաթուղթ չկա ստորագրած, հիմնական խնդիրը, որ քննարկվում է, առաջարկվում է...»:
Հարցին, թե երկրորդ նախագահ, գրավի դիմաց ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցություն կլինի՞, նա պատասխանեց. - «Քոչարյանը դա պետք է որոշի, իր գործը, ցանկանում է քաղաքականության մեջ մտնի...ոչ մեկի հետ ես չեմ համագործակցում, համագործակցությունը հիմա իրենք հանդիպումներ կատարում են, առաջինը Դաշնակցության հետ քննարկում են սկզբունքը, մոտեցումը»:
«Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայությունը հունիսի 16-ի երեկոյան։ Ծառուկյանը մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ ԲՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է` սա քաղաքական հետապնդում է, իշխանությունները հակադարձում են` սա մաքուր իրավական գործընթաց է: