«Բարգավաճ Հայաստան»-իշխանություն հակադարձումները գնալով ավելի սուր են դառնում։ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը պնդում է՝ երկրի վիճակն ինչքան վատանա, իրենք ավելի կոշտ են լինելու՝ չմանրամասնելով, սակայն, ինչի՞ մասին է խոսքը։
Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդումը քաղաքական համարող «Բարգավաճ Հայաստան»-ը երեկվանից բոյկոտում է Ազգային ժողովի նիստերը։
Կառավարության 100 տոկոսի փոփոխության անհրաժեշտություն տեսնող Ծառուկյանը հայտարարել էր՝ արտակարգ դրության ավարտից հետո նաև հանրահավաքներ են անելու:
«Վարի են գնում, 100 հազարավոր աշխատազուրկ մարդիկ ունենք, կորոնավիրուսը խժռում է մարդկանց, ոչնչացնում: Իրական խնդիրների դեմ պայքարելու, այսօր պատերազմ է հայտարարված «Բարգավաճ Հայաստան»-ին, սա է այսօրվա կառավարությունը», - ասաց Արման Աբովյանը:
Հայաստանցին գիտի՝ ով ինչով է զբաղվել, այդ թվում՝ ընտրությունների ժամանակ, Արման Աբովյանի հայտարարություններին հակադարձեց ԱԺ-ի իշխանական փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ «Իմ քայլը» Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները զուտ իրավական գործընթաց է համարում։
«Միգուցե Արման Աբովյանի աշխարհը փլվում է, և իր գործընկերների աշխարհը, որտեղ իրենք ապրել են, բարգավաճել են, թղթեր են ստորագրել, երդումներ են տվել, այդ աշխարհը փլվում է, որովհետև Հայաստանի Հանրապետությունում այլևս օրենքը միանշանակ բոլորի համար է, և Ազգային ժողովի դահլիճն, ինչպես նաև պատգամավոր լինելը չի կարող ինդուլգենցիա հանդիսանալ քրեական հանցագործություններ անելու համար», - ասաց Սիմոնյանը:
Կառավարությանն ուղղված իր հայտնի քննադատությունից հետո Ծառուկյանը պատրաստակամություն էր հայտնել «առողջ ուժերի հետ քննարկել երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղղությունները»։ «Բարգավաճ Հայաստան»-ից չեն հստակեցնում՝ ո՞ր ուժերի հետ են քննարկումների մեջ ու արդյո՞ք առանցքում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն է։ Բայց Արման Աբովյանը այսօր ըստ էության հաստատեց՝ Ծառուկյանն ու Վանեցյանն են հանդիպում։ ԱԱԾ նախկին ղեկավարը, հիշեցնենք, Փաշինյանի հրաժարականի պահանջ դնողներինց է։ Երեկ էլ ԲՀԿ-ի՝ քաղաքական հետապնդումների մասին տեսակետը կիսող Վանեցյանը դատարանի բակում էր՝ աջակցելու ԲՀԿ ղեկավարին։
«Մենք երբեք չենք տարանջատել և չենք տարանջատի սպիտակների և սևերի, պարոն Ծառուկյանը հանդիպումներ է միշտ ունեցել բոլոր այն մարդկանց հետ, ում հետ ինքը գտել է, որ պետք է հանդիպի կամ այն մարդկանց հետ, ում հետ որոշակի կարող է զրուցելու խնդիր, պրոցես է գնացել, մենք հո ռոբոտ չե՞նք: Տեսեք մեզ ինչի մեջ են մեղադրում, ես նույնիսկ չեմ բացառում, որ այդ մեղադրանքները կլինեն շարունակական, ավելի կավելանա, որովհետև այսօր իշխանությունը զգում է, որ ինքը տանուլ է տվել այն գաղափարական հենքը, որի վրա ինքը փորձում է կառուցել որոշակի կոնստրուկցիա և հիմա ցնցումների մեջ է», - ընդգծեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
«Իմ քայլից» Ալեն Սիմոնյանը հակադարձում է այս օրերին կառավարության հրաժարականը պահանջողներին. «Ես կարծում եմ՝ պարոն Վանեցյանը մինչև կառավարության հրաժարականը պահանջելը կարող է, օրինակ, հրաժարվել իր գեներալի կոչումից՝ այդ կառավարության կողմից և կառավարության ղեկավարի կողմից իրեն տրված: Ինչ վերաբերում է մնացած բոլորին, այն մարդիկ, ովքեր հիմա աշխատում են «ընդդիմության կայացման միավորման մեջ», իրենք ինչ էլ ստեղծեն, Սերժ Սարգսյան է ստացվելու, թող բոլորով պահանջեն, կրկնում եմ, ինչքան իրանք և իրանց պես քաղաքական ուժերը շատ պահանջեն Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդքան մեր վարկանիշը բարձրանալու է»:
Վերադառնալով խորհրդարանական ընդդիմադիրներին. ԲՀ-ԼՀ բանակցությունները, ըստ Արման Աբովյանի, դեռ շարունակվում են: Ազգային ժողովում կորոնավիրուսի դեմ պայքարի բացթողումներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու, նաև՝ Սահմանադրական դատարանում (ՍԴ) արտակարգ դրության պայմաններում հավաքների արգելքի իրավաչափությունը վիճարկելու ծրագրեր ունեցող «Բարգավաճ Հայաստան»-ը անհրաժեշտ ստորագրությունների համար դիմել էր «Լուսավոր»-ին։ «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր՝ կհամաձայնեն, եթե քննիչ հանձնաժողովի նախագահը ԼՀԿ-ից լինի, իսկ մինչ ՍԴ դիմելը, հարցը, կարծում են, կարող են խորհրդարանում լուծել: