Նյու-Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն կրկին դիմում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով հանդես չգալ այնպիսի հայտարարություններով, որոնք կարող են ամերիկյան հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե կորոնավիրուսի համաճարակը այնքան էլ լուրջ խնդիր չէ։
«Պարոն նախագահ, ձեզանից ընդամենը մի պարզ բան է պահանջվում՝ խոստովանեք ամերիկան ժողովրդին, որ Covid-19-ը գոյություն ունի և դա լուրջ խնդիր է։ Այս համաճարակը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ մենք բոլորս չենք ընդունել այդ փաստը և չենք արել վիրուսին հակազդելու համար անհրաժեշտ քայլերի մեր չափաբաժինը», - հայտարարել է Նյու Յորքի նահանգապետը՝ տարակուսելով, որ Սպիտակ տան ղեկավարը շարունակում է համառորեն հրաժարվել դիմակ կրելուց։ - «Ինչպե՞ս կարող է դա քաղաքական հայտարարություն հանդիսանալ։ Դիմակ կրելը բանականության հարց է։ Ես ցանկանում եմ, որ նախագահը սկսի մեկ շատ պարզ ազդակ ուղարկել ամերիկյան հանրությանը՝ դիմակ կրեք»։
Դոնալդ Թրամփը կրկին քննադատության թիրախ դարձավ հանգստյան օրերին հնչեցրած հայտարարարություններից հետո։ Համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսից ավելի քան 130 հազար մահ արձանագրած պետության ղեկավարը Անկախության օրվան նվիրված տոնակատարությունների ժամանակ հայտարարել էր, թե Covid 19-ի դեպքերի 99 տոկոսը վարակվածների առողջության համար որևէ վտանգ չի ներկայացնում։ Թրամփի այս հայտարարությունը հնչեց Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի ֆոնին։ Երկրի 50 նահանգներից 38-ում վարակակիրների թիվը շարունակում է աճել։ Առավել ծանր է կացությունը երկրի հարավային նահանգներում՝ Ֆլորիդայում, Տեխասում, Կալիֆորնիայում։
ԱՄՆ-ից հետո կորոնավիրուսից ամենաշատ տուժած Բրազիլիայում վարակակիրների թիվը արդեն հատել է մեկուկես միլիոնի շեմը, ավելի քան 65 հազար մարդ մահացել է։ Նախօերին բրազիլական մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ կորոնավիրուսի ախտանիշեր են ի հայտ եկել նախագահ Ժաիր Բոլսոնարոյի մոտ։
CNN Brasil հեռուստաընկերության տեղեկություններով, երկրի նախագահը ջերմել է։ Անցած գիշեր սակայն Բոլսոնարոն հայտարարեց, որ այցելել է մայրաքաղաք Բրազիլիայում գործող հիվանդանոցներից մեկը, թեստավորվել է և նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել։ «Թոքերս կատարելապես մաքուր էին», - դիմելով նախագահական նստավայրի մոտ հավաքված իր կողմնակիցներին ասել է Ժաիր Բոլսոնարոն։
Ընդհանրապես հարկ է նկատել, որ այս պահին Միացյալ Նահանգներից հետո ամենածանր համաճարակաբանական իրավիճակը Լատինական Ամերիկայի պետություններում է։ Այս տարածաշրջանի երեք երկրներում՝ Բրազիլիայում, Պերուում և Չիլիում այս պահին միասին վերցված ավելի քան 2 միլիոն 200 հազար վարակակիր կա։ Կորոնավիրուսի տարածման տեմպերը մտահոգիչ են հատկապես Պերուում, որտեղ, ինչպես և բազմաթիվ այս երկրներում, վարակի տարածումը համընկավ տնտեսության վերագործարկմանն ուղղված գործողությունների հետ։
Բավական անսպասելիորեն կորոնավիրուսի բռնկման նոր օջախ է դարձել Ավստրալիան, որը վարակակիրների և մահացածների ցածր ցուցանիշներով մինչև օրս Covid 19-ի դեմ արդյունավետ պայքարի դասական օրինակ էր համարվում։
Վերջին օրերի իրադարձությունները սակայն կարող են սասանել Ավստրալիայի այս համբավը։ Կորոնավիրուսի դեպքերն այստեղ կտրուկ կերպով աճել են, իսկ հիմնական էպիկենտրոնը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքն է՝ Վիկտորիա նահանգի մայրաքաղաք Մելբուրնը։ Վերջին 24 ժամերին արձանագրված կորոնավիրուսի 199 դեպքերից 191-ը հենց Մելբուրնում են հաստատվել։ Որպես հետևանք, առաջիկա վեց շաբաթները քաղաքի և արվարձանների շուրջ հինգ միլիոն բնակիչները ստիպված են լինելու անցկացնել տանը։
«Մնալ տանը նշանակում է մնալ տանը, այլ ոչ թե գնալ ամառանոց կամ մեկ այլ բնակարան։ Տանից դուրս գալու միայն չորս պատճառ գոյություն ունի՝ աշխատանք, ուսում, սննդամթերքի ձեռքբերում և այցելություն բժշկին։ Սրանք շատ ավելի խիստ միջոցներ են, քան նախկինում ձեռնարկածները, բայց այսօր ստեղծված կացությունն էլ շատ ավելի վտանգավոր է, լի է մարտահրավերներով և ողբերգության վերածվելու շատ ավելի իրական հեռանկար ունի, քան ամիսներ առաջ», - հայտարարել է Վիկտորիա նահանգի վարչապետ Դենիել Էնդրյուսը։
Ավստրալական իշխանությունների որոշմամբ, ամբողջությամբ արգելափակվել է երթևեկությունը երկրի երկու ամենախիտ բնակեցված նահանգների՝ Վիկտորիայի և Նոր Հարավային Ուելսի միջև։ Վերջին անգամ Ավստրալիայի իշխանությունները նման քայլի դիմել էին ավելի քան մեկ դար առաջ՝ 1919 թվականին իսպանական գրիպի համաճարակի ժամանակ։