Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային աճ է արձանագրվել՝ 212 հազար 326 նոր վարակակիր մեկ օրում։ Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին։
Մահվան դեպքերը միջին հաշվով օրական մնում են 5 հազարի սահմաններում։
ԱՄՆ-ում հուլիսի 4-ի Անկախության օրը կորոնավիրուսի դեպքերի աճի պատճառով նշվել է առանց զանգվածային մեծ միջոցառումների։ Նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն ընդունելության էր հրավիրել կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողների և զինծառայողների։
Հուլիսի 5-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցել են 11 միլիոն 400 հազարի շեմը, 534 հազար մարդ մահացել է, վարակվածներից ավելի քան 6 միլիոն 400 հազարը բուժվել են։