Աշխարհում Covid-19-ի դեպքերի ընդհանուր թիվը մոտ 11,8 միլիոն է, հիվանդությունից մահացածներինը՝ ավելի քան 544 հազար, բուժվել է մոտ 6,5 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:
Դեպքերի թվով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, Ռուսաստանը հիմա 4-րդ տեղում է:
Միացյալ Նահանգներում մեկ օրում հաստատված վարակի դեպքերի թվի նոր ռեկորդ է գրանցվել՝ ավելի քան 60 հազար 200:
Covid-19 է ախտորոշվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի մոտ:
Օտարերկրյա ուսանողներին արգելվելու է մնալ Միացյալ Նահանգներում, եթե 2020 թվականի աշնանը նրանց դասընթացներն անցկացվեն բացառապես առցանց ձևաչափով:
Ավստրալիայի իշխանությունները 5 միլիոն բնակչություն ունեցող Մելբուռն քաղաքում առաջիկա վեց շաբաթվա համար նորից խստագույն սահմանափակումներ են մտցրել՝ տանից կարելի է դուրս գալ միայն խանութ գնալու և հարազատներին օգնելու նպատակով:
Իսրայելում կրկին փակվել են ֆիթնես ակումբները, հյուրանոցները, լողավազանները և տուրիստական վայրերը:
Անգլիայում փաբերի բացվելուց ընդամենը մի քանի օր հետո իշխանությունները փակել են առնվազն երեք նման հաստատություն, որոնց այցելուների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Ղազախստանում Covid-19- ի նոր դեպքերի թիվն աճում է:
Ղրղըզստանում շտապ կերպով տեղեր են պատրաստվում հիվանդների ցերեկային խնամքի համար:
ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին ԱՀԿ-ից դուրս գալու մասին
Երեկ ԱՄՆ-ը պաշտոնապես տեղեկացրեց ՄԱԿ-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) դուրս գալու մասին: Վաշինգտոնը մեղադրում է ԱՀԿ-ին կորոնավիրուսի համավարակին արձագանքը ուշացնելու մեջ:
Այսպիսով, ընթացակարգի համաձայն, ամենամեծ դոնորի՝ ԱՀԿ-ից դուրս գալը տեղի է ունենալու մեկ տարին լրանալուց հետո, այսինքն` հաջորդ տարվա հուլիսի 6-ին:
Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Վաշինգտոնը մտադիր է լիովին դադարեցնել հարաբերությունները կազմակերպության հետ, քանի որ դրա ղեկավարությունը հրաժարվել է իրականացնել այն բարեփոխումները, որոնց մասին պնդում էր ամերիկյան վարչակազմը:
Թրամփը ևս մեկ անգամ մեղադրել է ԱՀԿ-ին՝ ասելով, թե կազմակերպությունը հայտնվել է Չինաստանի լիակատար վերահսկողության տակ: ԱՄՆ նախագահի պնդմամբ՝ Չինաստանի իշխանությունները և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարությունը չեն ձեռնարկել համապատասխան միջոցներ նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: