Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը սահմանադրական փոփոխությունների առնչությամբ դիմել են Դատախազություն


«Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ), ՀՅ Դաշնակցություն (ՀՅԴ) և «Հայրենիք» կուսակցությունների կողմից Գլխավոր դատախազություն է ներկայացվել 9 էջից բաղկացած՝ «Քրեական օրենսգրքի 3 հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում»։ «Ըստ էության, ներկայացված հաղորդումը միտված է օրենսդիր և գործադիր իշխանությունների, ինչպես նաև բարձրաստիճան այլ պաշտոնատար անձանց հանցակցությամբ իրականացված իշխանության յուրացմանը իրավական գնահատական տալուն», - ասված է երեք կուսակցությունների կողմից ստեղծված աշխատանքային խմբի հաղորդագրությունում:

«Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Սահմանադրական դատարանի երեք դատավորների լիազորությունները դադարեցնելու և Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնավարումից զրկելու, ինչպես նաև նրանց փոխարեն այլ անձանց նշանակելու միջոցով օրենսդիր և գործադիր իշխանությունը ներկայացնող, ինչպես նաև այլ բարձրաստիճան մի խումբ պաշտոնատար անձինք` հանցակցությամբ, տիրանում են Սահմանադրական դատարանի լիազորություններին և այդ ամենը կատարում են` վերազանցելով իրենց լիազորությունները», - պնդում են երեք կուսակցությունները:

ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն և «Հայրենիք»-ը համարում են, որ այդ գործողություններով խախտվում է իշխանությունների տարանջատման ու հավասարակշռման սկզբունքը և փաստացի վերացվում Հայաստանի՝ իրավական պետության լինելու բնութագիրը, որ «առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի, 300․1-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 1-ին մասի առերևույթ հատկանիշներ պարունակող արարքներ», և Գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդմամբ ակնկալում են քրեական գործի հարուցում և պատշաճ, անաչառ ու համակողմանի նախաքննություն:

Ազգային ժողովը հունիսի 22-ին ընդունեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած սահմանադրական փոփոխությունները, որոնցով դադարեցվում են Սահմանադրական դատարանի այն անդամների լիազորությունները, ում պաշտոնավարման՝ գործող Սահմանադրությամբ ամրագրված 12-ամյա ժամկետը լրացել է, և Հրայր Թովմասյանը դադարում է լինել բարձր դատարանի նախագահ: Հունիսի 26-ին հայտարարվեց այդ փոփոխություններն ուժի մեջ մտնելու մասին:

XS
SM
MD
LG