Մատչելիության հղումներ

Անախտանիշ վարակակիրները նույն կերպ են տարածում կորոնավիրուսը, ինչպես ախտանիշներ ունեցողները


Իտալիա - Ախտահանման աշխատանքներ Պադուվայում, մարտ, 2020թ.
Իտալիա - Ախտահանման աշխատանքներ Պադուվայում, մարտ, 2020թ.

Գիտնականները պնդում են՝ ախտանիշներ չունեցող վարակակիրները նույն կերպ են տարածում կորոնավիրուսը, ինչպես ախտանիշներ ունեցողները:

Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտության համաձայն՝ կորոնավիրուսի վարակի տարածմանը մեծապես նպաստում են ախտանիշ չունեցողները. ի տարբերություն ախտանիշներ ունեցող հիվանդների, որոնք որպես կանոն սահմանափակում են իրենց շփումները, ասիմպտոմ հիվանդները հիմնականում առանց գիտակցելու զգուշավորություն չեն դրսևորում:

Կորոնավիրուսի բռնկումից շուրջ կես տարի անց մասնագետներին չի հաջողվում հեշտությամբ հայտնաբերել հիվանդության որևէ նշան չունեցող, բայց վարակն աննկատ տարածողներին, հետևաբար՝ բարդանում է վարակի տարածումը զսպելը:

Իտալիայի շրջաններից մեկում՝ Վենետո մարզի Վո կոմունայում մի քանի շաբաթ տևած կարանտինի ընթացում Լոնդոնի Թագավորական քոլեջի և Պադովայի համալսարանի գիտնականները համատեղ հետազոտություն են անցկացրել ոչ մեծաթիվ բնակչության շրջանում` արդյունքները հրապարակելով Nature պարբերականում: 3,2 հազար բնակչություն ունեցող ավանում է հենց փետրվարի 21-ին արձանագրվել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքը, որին հաջորդել է երկշաբաթյա կարանտինը: Այդ ընթացքում գիտնականները թեստավորել են տեղի գրեթե բոլոր բնակիչներին և պարզել, որ վարակակիրների մոտ 40 տոկոսը կորոնավիրուսի որևէ ախտանիշ չունի: Ուշագրավ է, որ այդ թիվը համընկնում է Հոնկոնգում, Սինգապուրում և Չինաստանում ավելի վաղ անցկացված ուսումնասիրությունների արդյունքներին, որոնց համաձայն` վարակակիրների 30-ից մինչև 60 տոկոսի մոտ հիվանդությունն անցնում է առանց դրան բնորոշ դրսևորումների:

Վոյում կարանտինի առաջին օրերին վարակված է եղել 73 մարդ, երկու շաբաթ հետո ընդամենը 29 վարակակիր է եղել։ Երկու դեպքում էլ հաստատված վարակակիրների մոտ 40 տոկոսը չեն ունեցել սիմպտոմներ։ Ըստ հետազոտողների, հայտնաբերված բոլոր վարակակիրները՝ սիմպտոմով թե ասիմպտոմ, մեկուսացվել են, ինչն էլ նպաստել է հիվանդության տարածումը կանխելուն:

«Չնայած վարակի աննկատ տարածմանը՝ այն հնարավոր է վերահսկել», - պնդում է Պադովայի համալսարանի պրոֆեսոր, հոդվածի համահեղինակ Անդրեա Քրիսանտին: - «Մեր հետազոտությունն ապացուցում է, որ եթե թեստավորվեն բոլոր քաղաքացիները, անկախ այն հանգամանքից՝ ունեն ախտանիշ, թե ոչ, հնարավոր է զսպել հիվանդության տարածումն ու վերահսկել իրավիճակը»։

Շաբաթներ առաջ տարբեր երկրների առողջապահական կառույցներ իրենց հաղորդագրություններում նվազեցրել էին ասիմպտոմ վարակակիրների կողմից հիվանդության տարածման ռիսկը, ինչը քննադատության ալիք էր բարձրացրել գիտական հանրության շրջանում: Իտալական հետազոտության համաձայն, այսպես կոչված վարակային ծանրաբեռնվածությունը , այսինքն՝ մարդու օրգանիզմում վարակի մասնիկների ընդհանուր քանակը, ասիմպտոմ հիվանդների մոտ նույնքան է, որքան մյուս հիվանդների մոտ: Հետևաբար, ասիմպտոմ վարակակիրները կարող են նույն ձևով տարածել վարակը՝ հատկապես դիմակների բացակայության պայմաններում։

«Մենք դա հաստատել ենք՝ Վոյում վերականգնելով վարակակիրների շփումների շղթան, սակայն դեռևս հստակ պատասխան չունենք, թե որքան ուժեղ ազեցություն ունեն կոնկրետ ախտանիշները։ Մենք գիտենք, որ երբ մարդը հազում է կամ փռշտում, արտանետում է որոշակի քանակությամբ վիրուսային մասնիկներ, ինչից էլ դիմացինը վարակվում է։ Սակայն, միևնույն ժամանակ, հիվանդները, որպես կանոն, հաճախ սահմանափակում են իրենց շփումները՝ ի տարբերություն ախտանիշներ չունեցող անձանց», - պարզաբանում է Լոնդոնի Թագավորական քոլեջի դոկտոր Իլարիա Դորիգաթին:

XS
SM
MD
LG