Մատչելիության հղումներ

Քաղաքացիները անձը հաստատող փաստաթուղթ չունենալու դեպքում կտուգանվեն 10 հազար դրամով


Վաղվանից բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ, հակառակ դեպքում՝ սա առանձին վարչական իրավախախտում է դիտվելու և քաղաքացին տուգանվելու է 10 հազար դրամով: Այսօր պարետատան նիստից հետո այս որոշման մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ասաց՝ կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը շարունակում է լարված մնալ, և մեծագույն խնդիր է դիմակների կրման հետ կապված կարգապահության մեծացումը։

«Ինչո՞ւ է այս որոշումը կայացվել, որովհետև շատ դեպքերում, երբ որ դիմակը կրելու կանոնները խախտելու համար վարչական վարույթ սկսելու հարց է առաջանում փողոցում, քանի որ քաղաքացիները չեն ունենում անձը հաստատող փաստաթուղթ, պրոցեսի էֆեկտիվությունը լրջորեն տուժում է: Ընդ որում, այս պարագայում համաձայն վարչական իրավախախտումների մասին օրենսդրության, անձնագիր չկրելը և դիմակի կրման կանոնները խախտելը կլինեն որպես առանձին իրավախախտումներ և յուրաքանչյուրն առանձին-առանձին կենթարկվի տուգանքի: Այսինքն՝ դիմակ չկրելու համար՝ 10 հազար դրամ, և անձը հաստատող փաստաթուղթ չունենալու համար՝ 10 հազար դրամ», - նշեց վարչապետը:

Վարչական վերահսկողություն իրականացնող կարգախմբերի թիվը կրկնապատկվելու է։ Այսինքն՝ ոստիկանին կուղեկցի նաև պետական կառավարման այլ մարմիններից ներկայացուցիչ։ Այսօր վարակի ամենամեծ աղբյուրը են համարվում՝ բակերը, զբոսայգիների զրուցարանները, նարդի, շախմատ, բլոտ խաղալու տեղերը։ Վարչապետի խոսքով՝ այս վայրերում ուժեղացված ստուգայցեր են իրականացվելու։

Վերջին մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 425 նոր դեպք, առողջացել է 295 մարդ, մահացել` ուղեկցող քրոնիկական հիվանդություն ունեցող 8 հիվանդ։ Ըստ Առողջապահության նախարարության՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 96 է:

Այսպիսով, Հայաստանում մինչ օրս արձանագրվել է հիվանդության 17 հազար 489 դեպք, մահացել՝ 293 քաղաքացի։

«Այս պահին փաստացի կորոնավիրուսային հիվանդությամբ բուժում է ստանում 10 հազար 529 պացիենտ, նրանցից մոտ 8 հազարը տանն են գտնվում, մնացածը արդեն հոսպիտալացված են: Նախօրեին կատարել ենք շուրջ 2 հազար հետազոտություն, եթե ավելի կոնկրետ ասեմ` 1956»,- «Ազատությանը» փոխանցեց առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Վարչապետն ասաց նաև՝ կորոնավիրուսի վերաբերյալ ապատեղեկատվությունների սկզբնաղբյուրները պարզելու աշխատանքներ են իրականացվում։

«Ակնհայտ է հիմա, որ կոնկրետ քաղաքական շրջանակներ, այն, որ իրենցից էլ է երևում, ուզում են, որ հնարավորինս շատ մարդ մահանա, հնարավորինս շատ մարդ վարակվի, ուզում են հնարավորինս տնտեսությունը մեծ անկում ապրի, հնարավորինս մեծ պրոբլեմ լինի, որ այդ ճահճի մեջ իրենց տեսակը զարգանա», - նշեց Փաշինյանը:

Պարետատան նիստին էր մասնակցում նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ով ներկայացրեց, թե ինչ միջոցառումներ են այս պահին իրականացվում մայրաքաղաքում։ Ասաց՝ շրջիկ խմբերն այցելում են քաղաքացիներին և տեղում նմուշառում իրականացնում:

«Այսինքն` մարդը չպետք է գա հասնի պոլիկլինիկա, այլ՝ շրջիկ խումբը գնում է և նմուշառում է իրականացնում: Այս պահին արդեն 5 հազար 628 նմուշառում է արված: Այս պահին մեր պոլիկլինիկաները տանում են 4 հազար 493 պացիենտ, որից 1053-ը Covid-19 հաստատված պացիենտներ են», - ասաց Մարությանը:

Այս պահին շարունակվում է հատկապես մարզային հիվանդանոցներում մահճակալների թվի ավելացում, որտեղ կարող են բուժում ստանալ քովիդով վարակվածները։ Չնայած որ մահճակալային ֆոնդը մեծացել է, միևնույն է` վիճակը շարունակում է լարված մնալ, երեկ երեկոյան «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» եթերում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Ասաց՝ հիվանդանոցային մահճակալների ավելացումը չի կարող փոխարինել հակահամաճարակային և զսպման գործողություններին, այն կարող է միայն լրացնել։

XS
SM
MD
LG