Մատչելիության հղումներ

Վանաձորում դժգոհում են դիմակ կրելու պարտադրանքից, բայց կրում են


Ըստ Առողջապահության նախարարության հրապարակած Covid-19 ինքնամեկուսացածների քարտեզի, Լոռիում ամենաշատ կարմիր կետերը Վանաձորում են երևում։ Ընդ որում, մարզկենտրոնի ծայրամասերում վարակակիրներին ցույց տվող կարմիրներն ավելի շատ են։

Ըստ քարտեզի, ինքնամեկուսացածներ կան նաև Ստեփանավան, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում, ինչպես նաև մի շարք գյուղական համայնքներում։

Վանաձորի Տարոն թաղամասն ամենակարմիրն է։ Բնակիչներն ասում են, որ իրենց թաղամասից կարի ֆաբրիկաներում աշխատողները շատ են։ Հենց նրանցից սկսվեց վարակակիրների թվի աճը։ Հիմա, չնայած ֆաբրիկաներում աշխատող ինքնամեկուսացածների 14-օրյա ժամկետն ավարտվել է, բայց քարտեզի կարմիր կետերը քիչ են պակասել։

Բնակիչներից ոմանք դիմակով, շատերն առանց դիմակի այսօր բակերում էին։

Համլետ Քոչարյանը թոշակառու է։ Շենքի բակում միայնակ նստել էր՝ դիմակով, ինչպես հարկն է։ Ասաց, որ կարգը պահում է ծեր տարիքին վարակի բերան չընկնելու համար։ Բայց մտահոգ է, տան միակ աշխատողն աղջիկն էր, իսկ կարի ֆաբրիկան կիսով չափ է գործարկվել ու հիմա նստած է անաշխատանք. – «Աղջիկս Գլորայում էր աշխատում, հիմի նաղդի պարապ են»:

Վանաձորի ինքնամեկուսացածների քարտեզում կարմիր կետերն առատ են նաև Դիմաց թաղամասում։ Համակարգն այսօր անգամ Դիմացի այգում երկու ինքնամեկուսացածի էր տեղորոշում։ Հայտնի չէ՝ հարակից շենքերո՞ւմ էր մեկուսացածը, թե՞ կարգը խախտել ու այգի էր դուրս եկել։ Այստեղ զրուցարաններում կիսատ-պռատ դիմակներով տարեց մարդիկ էին։ Նարդի էին խաղում ու քաղաքական դատողություններ անում, խելք-խելքի տալիս կառավարման ու թալանը հետ բերելու դժվարությունների մասին։

Սմբատ Արզումանյանը կնոջ կարած դիմակով էր։ Ասաց, որ չնայած 5 շերտ ունի, բայց շնչելու համար հարմար է ու էժան. – «Մառլեն առել ա էժան, մեքենայի տակ ա քցում, կարում: Ոչ մի պրոբլեմ չկա»:

Հարևաններ Ռիման ու Լենան այգում միմյանց մեջքով էին նստել՝ հաստաբուն ծառի աջ ու ձախ կողմերում։ Ասացին՝ հեռու նստելը սովորություն է դարձել. – «Էրկու մետր հեռու ենք նստում իրարից, թեկուզ տանը»:

Վանաձորի բակերում ու այգիներում շատ են նաև երեխաները։ Մանկահասակներին դժվար է պահել տանը, ասում են ծնողները։

Բայց Վանաձորում կարծիք կա, որ դիմակով այս վիրուսից չես պաշտպանվի։ Պատվաստանյութն է իրական միջոցը, ասում են․ - «Հայ ազգը ամենախելացի ազգն ա: Նիուժելի՞ չի կարա մի հատ այնպիսի դեղամիջոց ա, ինչ ա հնարի, որ սրանցից մենք պրծնենք: Մենք դիմակին սովոր չենք: Պարոն Փաշինյանը նեղանում ա մեզանից, որ ծածկեք, պաշտպանեք...բայց դե մենք էլ նեղվում ենք... Սենց բան մենք կրած չենք, տեսած չենք: Հազար տեսակ վիրուս ա էղել, էլ խոզի գրիպ ա, էլ թռչնի գրիպ ա և այլը, մենք ըսենց բան արած չենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG