Մատչելիության հղումներ

Միայն դիմակ կրելը բավարար չէ վարակի տարածումը կանխելու համար. վարակաբան


Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը մոտենում է 30 հազարին։ Նախորդ օրը հիվանդությունից 7 մարդ է մահացել։ Վարակվել է 330 հոգի։

Նախորդ օրերի համեմատությամբ վարակվածության այս ցածր ցուցանիշն, ըստ Առողջապահության նախարարության, պայմանավորված է լաբորատորիաների ախտահանման աշխատանքով. - «Դրան զուգահեռ դիմելիությունը բնակչության շաբաթ-կիրակի ավելի քիչ է լինում», - «Ազատությանն» ասաց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ նախորդ օրը կորոնավիրուսից բուժվել է 162 քաղաքացի։ Covid-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է շուրջ 12 հազար մարդ: Մինչ այս պահը մահացել է 491 մարդ, առողջացել` ավելի քան 16 հազարը։

Բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի ավագ դասախոս Արման Բադալյանի կանխատեսմամբ՝ օրական 500-ից 700 հաստատված վարակվածության ցուցանիշը դեռ որոշ ժամանակ պահպանվելու է։ Եթե թեստավորման քանակը ավելացնեն, ապա այս թիվը շատ ավելի բարձր կլինի։ Բադալյանը թեստավորման քանակն ավելացնելու կողմնակից է, նրա կարծիքով` վարակի տարածումը կանխելու ելքը նաև սա է. - «Թեստերի քանակը միշտ պիտի ավելի շատ լինի, որ ավելի շատ հայտնաբերես, ու ամեն հայտնաբերվածի ետևից կանգնած է, շարունակում է հակամահամաճարակային միջոցառումները: Սա էլ գործողություններից մեկն է: Միշտ էլ ասել եմ` թեստը պետք է միշտ էլ շատ լինի, ուրիշ տարբերակ չունենք»:

Անգամ ամառվա տապին փակ և բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը չի վերանայվել։ Պարետատունը շարունակում է խստորեն պահանջել ու չկրողներին տուգանել։ Արման Բադալյանն ասում է՝ դիմակ կրելու պահանջը ճիշտ է, բայց միայն այս պարտադրանքով վարակի տարածման դեմ արդյունավետ պայքարել հնարավոր չէ. - «Միայն դիմակը չի, դիմակը, սոցիալական հեռավորություն, ձեռքերի ախտահանում, սա մի կարևոր կետ: Մյուսը` կոնտակտների հայտնաբերում, վարակի աղբյուրի հայտնաբերում, մեկուսացումն է, թեստերի քանակի շատ անելը, թեպետ մենք տեսնում ենք` բավական բարձր է դրական տոկոսը, որը խոսում է նրա մասին, որ դեպքերը շատ են, և մենք ոչ բոլորին ենք կարում որսալ, այսպես ասած, գտնել: Սա էլ է նրա մասին խոսում, որ հանրության մեջ բավական շատ է վարակը տարածված»:

Հակահամաճարակային միջոցառումներն, ըստ վարակաբանի, պետք է իրականացվեն համալիր ու խստորեն` ազատ տեղաշարժի սահմանափակումները, տեղային լոքդաունը, զանգվածային թեստավորումը, վարակակիրների հայտնաբերումն ու մեկուսացումը, ինչպես նաև տներում մեկուսացած վարակակիրների նկատմամբ խիստ վերահսկողությունը. - «Ես կարծում եմ` ինքը միքսդ տարբերակ պետք է գնա, եթե անհրաժեշտություն եղավ լոքդաունի էլ ավելի փոքր տարածքներում, ուրեմն արվի փոքր տարածքներով, մնացածն էլի նույն ձևի շարունակվի, ու սենց փոխնեփոխ գնա, որովհետև ունիվերսալ տարբերակ չունենք: Չմոռանանք նաև մի կարևոր բան` լոքդաունից հենց դուրս եկար, պիտի էլի հսկես, որովհետև եթե լոքդաունից դուրս եկար, ու նորից ինքը թափանցեց տվյալ տարածք, կստացվի` լոքդաունն անիմաստ էր: Մենք միջին դիրքի ենք մեղմացման ու լոքդաունի մեջ, բայց հիմա մեծ հաշվով հետ եկանք էլի մեղմացման տարբերակ»:

XS
SM
MD
LG