Մատչելիության հղումներ

Հարյուրավոր գիտնականներ պնդում են` COVID-19-ը փոխանցվում է օդով


Աշխարհի ավելի քան երեսուն երկրների 200-ից ավելի գիտնականներ պնդում են` նոր կորոնավիրուսը փոխանցվում է օդային ճանապարհով, ինչը նշանակում է, որ աշխարհը պետք է վերանայի ռազմավարությունը վարակի դեմ պայքարում:

Իրենց տեսակետը նրանք ամփոփել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ուղղված բաց նամակում, որն այս շաբաթ պետք է հրապարակվի նաև հեղինակավոր գիտական ամսագրերից մեկում:

«Օրեցօր ավելի ու ավելի են ամրապնդվում փաստերը, ըստ որոնց վիրուսի մանրագույն մասնիկները կարող են տևական ժամանալ մնալ օդում և փոխանցվել մարդկանց ա՛յդ ճանապարհով», - ըստ «Նյու Յորք թայմսի», գրել են գիտնականները` հորդորելով ԱՀԿ-ին փոխել կառավարություններին տրվող հանձնարարականները և, օրինակ, ձեռքերը անընդհատ ախտահանելու փոխարեն կենտրոնանալ օդափոխության վրա, հատկապես մարդաշատ ու փակ տարածքներում:

«Եթե այդ պնդումը հաստատվի, անհրաժեշտ կլինի դիմակներ կրել նույնիսկ այն դեպքերում, երբ պահպանվում է սոցիալական հեռավորությունը: Դպրոցներում, ծերանոցներում ու գրասենյակներում պետք կլինի կարգավորել օդորակիչների աշխատանքը, որպեսզի նվազագույն հասցվի նույն շրջանառությունը: Իսկ վիրուսի մասնիկները վերացնելու համար կարող են կիրառվել ուլրամանուշակագույն ճառագայթներ», - նշել են մասնագետները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առայժմ չի արձագանքել գիտնականների այս բաց նամակին: Ավելի վաղ կառույցի ներկայացուցիչները պնդել էին, թե դեռ իրենց տրամադրության տակ չունեն օդային ճանապարհով վիրուսի փոխանցման անհերքելի ապացույցներ: Օրեր առաջ հրապարակված հանձնարարականում կազմակերպությունը կրկին նշել է` նոր վիրուսը հիմնականում տարածվում է հազի կամ փռշտոցի ժամանակ արտազատվող կաթիլների միջոցով, որոնք կարող են մնալ նաև պինդ մակերևույթներիի վրա:

Բաց նամակի հեղինակներից մեկը, մինչդեռ, «Նյու Յորք թայմսի» հետ զրույցում ասել է`կազմակերպությունը գիտությանը համաքայլ չի գնում և շատ դժվարությամբ է վերանայում իր դիրքորոշումը: «Նրանք մահվան գնով կպաշտպանեն սեփական տեսակետը», - անանուն մնալու պայմանով ասել է մեկ այլ փորձագետ, ով տասնամյակներ ի վեր աշխատում է նույն այդ միջազգային կազմակերպության հետ:

Մինչ գիտնականները բանավիճում են, վարակը շարունակում է տարածվել` առայժմ միայն իրեն հայտնի մարտավարությամբ: Միայն պաշտոնական տվյալներով և բժշկական հաստատված թեստերով, աշխարհում արդեն վարակվել է մոտ 11,5 միլիոն մարդ, մահացել է կես միլիոնից ավելի մարդ:

Երեկ հերթական ռեկորդն է գրանցվել մոլորակի երկրորդ ամենախիտ բնակեցված երկրում` Հնդկաստանում. մեկ օրում այստեղ հայտնաբերվել է վարակի շուրջ 25 հազար դեպք, ընդհանուր թիվն անցել է 670 հազարից: Այս ցուցանիշով Հնդկաստանն արդեն առաջ է անցել Ռուսաստանից, և այժմ երրորդն է աշխարհում` Միացյալ Նահանգներից ու Բրազիլիայից հետո:

Մայրաքաղաք Դելիում երեկ բացվել է աշխարհի ամենամեծ ժամանակավոր հիվանդանոցը` covid 19-ով հիվանդների համար, իշխանությունները հրաժարվել են Թաջ Մահալը վերաբացելու մտքից, որոշ շրջաններում խստագույն կարանտին է մտցվել: Կերալա նահանգի մայրաքաղաքում, օրինակ, մոտ մեկ միլիոն բնակիչների արգելվել է տանից դուրս գալ, դեպի քաղաք տանող ճանապարհներից բաց է միայն մեկը, այն էլ` ոստիկանության հսկողությամբ, յուրաքանչյուր թաղամասում աշխատում է մեկ կամ երկու հանրախանութ:

Մինչ Հնդկաստանում պայքարում են վարակի առաջին ալիքի դեմ, մի շարք երկրներում այն երկրորդ պտույտն է գործում: Վարակակիրների ու մահացածների ամենամեծ թիվն ունեցող Միացյալ Նահանգների մեծ մասում` 39 նահանգներում, նոր դեպքերի աճը չի նվազում: Արդեն իսկ կարծիքներ են հնչում, թե հանրապետականները կարող են չեղարկել օգոստոսին Ֆլորիդայում կանայալիք համաժողովը, որտեղ պատրաստվում էին պաշտոնապես առաջադրել Դոնալդ Թրամփի թեկնածությունը նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:

«Դեռ վաղ է ասել, թե արդյոք այդ ժամանակ բազմամարդ միջոցառման անցկացումն անվտանգ կլինի», - երեկ ասել է Թրամփի վարչակազմի առողապահության գծով բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:

Երկրորդ ալիքի դեմ է պայքարում նաև Եվրոպայում վարակից ամենաշատը տուժած Իսպանիան: Մի քանի շրջաններում, այդ թվում Կատալոնիայում արձանագրված նոր դեպքերից հետո իշխանությունները երկրորդ անգամ են տեղերում կարանտին հայտարարել` հորդորելով տասնյակ հազարավոր մարդկանց փողոց դուրս գալ միայն դիմակներով, այն էլ` ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: «Այժմ արդեն գիտենք, որ ավելի լավ է կանխել, քան հետո պայքարել վերահսկողությունից դուրս եկած վարակի դեմ», - «Ռոյթերզ»-ին ասել է տեղի բնակիչներից մեկը:

«Հիմա իշխանությունները թեստավորում են անգամ այն մարդկանց, որոնք առանձնապես ախտանշաններ չունեն, բայց շփվել են վարակվածների հետ, որպեսզի օր առաջ պարզեն ու մեկուսացնեն նրանց: Մինչդեռ առաջին անգամ սահմանափակումների անցանք շատ ուշ, երբ վարակն արդեն շատ էր տարածվել»:

Նոր դեպքերի աճ է արձանագրվել նաև աշխարհի թերևս ամենաբարեկեցիկ երկրում` Շվեյցարիայում: Կառավարության որոշմամբ, այսօրվանից այստեղ որևէ մեկը չի կարող հանրային տրանսպորտ, այդ թվում`գնացք ու զբոսանավ բարձրանալ առանց դիմակի, կարգազանցերին սպառնում են տուգանքներ:

Իրանում, ուր արդեն երկրորդն ամիսն է վարակի երկրորդ ալիքը չի հանդարտվում, դրամական տույժերից անցել են առավել խիստ միջոցների: Նախագահ Հասան Ռոհանին երեկ պետական ծառայողներին հրահանգել է չսպասարկել նրանց, ովքեր փակ տարածք կմտնեն առանց դիմակի, իսկ եթե պետական աշխատողներն իրենք չենթարկվեն պահանջին, կուղարկվեն տուն, իսկ նրանց բացակայությունը անհարգելի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG