Մատչելիության հղումներ

Դատախազությունը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերանայել Պողոս Պողոսյանի սպանության գործը


Գլխավոր դատախազի տեղակալը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ 2001 թվականին «Առագաստ» սրճարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի կողմից սպանված Պողոս Պողոսյանի գործով դատավճիռը վերանայելու և ամբողջապես բեկանելու համար։

Ըստ Գլխավոր դատախազության, բողոքարկելու հիմքը նոր հանգամանքերն են։ Պահանջում են գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

Գործով գլխավոր հիմնական վկան Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնն է, ում՝ անցած տարի սեպտեմբերին ներկայացրած դիմումի ու հայտարարության հիման վրա էլ Պողոս Պողոսյանի սպանության գործով նոր վարույթ հարուցվեց Գլխավոր դատախազությունում և այն ուղարկվեց Քննչական կոմիտե։

Վարույթի ընթացքում կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը: Ըստ Գլխավոր դատախազության, ձեռք բերված նոր փաստական տվյալները հաստատում են՝ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:

Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնը, որը 2001-ին որպես հրավիրյալ դասախոս դասավանդել է Կառավարման դպրոցում, «Ազատությանն» ավելի վաղ պայտմել էր, որ տեսել է, թե ինչպես է Քոչարյանի թիկնազորը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պողոս Պողոսյանին, այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնավուրին և Ռոբերտ Քոչարյանին մոտենալու և «Պրիվետ, Ռոբ» ասելու համար. - «Այդ երեկո ավելի վաղ այդտեղ էին երկու տղամարդիկ, ովքեր ենթադրաբար Քոչարյանին գիտեին, ինչ-որ առիթ էին նշում։ Ըստ երևույթին, նրանք մոտեցան Քոչարյանի սեղանին՝ ասելով՝ «Բարև, Ռոբ» կամ նման մի բան։ Եվ նա դրանից վիրավորվեց։ Երբ Քոչարյանը գնաց, մենք այստեղ էինք նստած՝ ներքևում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսված զուգարանի և դեպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց։ Քոչարյանին բարևող տղամարդիկ նրա հետևից գնացին ու հետո հետ եկան, նրանց թիկնապահները հետ հրեցին, հրեցին տղամարդկանց զուգարանը։ Կինս ասաց, որ նրանց կսպանեն։ Ես չէի հավատում լսածիս ու ասացի՝ ոչ, քանի դեռ ես այստեղ եմ։ Ես վազեցի, մտա ներս։ Այդ Կուկու կոչվածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն։ Ես նրան հրեցի։ Երբ մտա ներս, երկրորդ տղամարդը՝ Պողոս Պողոսյանը, ընկած էր հատակին, նա համարյա մեռած էր, նրա գլուխն ուռած էր։ Ես բղավեցի, օգնություն կանչեցի։ Նրանք չգիտեին, թե ես ով եմ։ Կարծում եմ, մտածեցին, թե դեսպան եմ, քանի որ կոստյումով էի: Կինս եկավ, որ տեսնի, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Նա մտահոգված էր։ Ես նրան ասացի, որ շտապօգնություն կանչի։ Բժիշկները շատ արագ եկան, բայց այդ տղամարդը մահացավ»։

Սթիվեն Նյութոնի ավելի վաղ տված գրավոր ցուցմունքը 2001 թվականին դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահած դատարանը հաշվի չէր առել՝ հիմնավորմամբ, թե այն անգլերեն է։

Վրաստանի 43-ամյա քաղաքացի, դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանությունից հետո Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից միայն «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը նստեց մեղադրյալի աթոռին, այն էլ Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածի՝ անզգույշ սպանության հատկանիշներով, և դատապարտվեց երկու տարվա պայմանական ազատազրկման:

Այժմ, սակայն, Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Սթիվեն Նյութոնի ներակայցրած հայտարարությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին:

Պողոս Պողոսյանի եղբորորդին՝ Սամվել Պողոսյանը կասկածներ ունի, որ հորեղբորը սպանել են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իմացությամբ. - «Կասկածներ ունեմ։ Չեմ կարող հիմա դա փաստարկել ու ապացուցել, բայց տեսականորեն, երբ մտածում ես, չէր կարող էլի առանց նրա իմացության ինչ-որ բան կատարվեր»։

Սամվել Պողոսյանը հույս ունի, որ նոր քննության արդյունքում ոչ միայն սպանություն իրականացնողները պատասխան կտան, այլև պատվիրատուները՝ օրենքի ամբողջ ուժով. - «Նախկինում կատարված կեղծ դատավարությամբ Հայաստանի դատական համարագի վրա, այսպես ասած, սև բիծ դրվեց, ցույց տրվեց, որ հայկական դատական համակարգը էնքան էր կախված իշխանություններից, որ չէր կարող նույնիսկ բացահայտել ճշմարտությունը, երբ տասնյակ մարդկանց աչքի առաջ սպանություն էր կատարվում։ Եվ հիմա փաստորեն պետք է մեր դատական համակարգը իրեն արդարացնի, մաքրվի և Հայաստանի քաղաքացիների մոտ վստահություն լինի սեփական երրորդ իշխանության նկատմամբ»։

2000-կանների սկզբին Պողոս Պողոսյանի իրավահաջորդների փաստաբանն էր Ռոբերտ Քոչարյանի ներկայիս փաստաբանական թիմի անդամ Ռուբեն Սահակյանը, որն ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում չէր բացառել, որ գործի վերաբացումը պայմանավորված է այժմ Մարտի մեկի գործով մեղադրյալ աթոռին նստած Ռոբերտ Քոչարյանի անձով, ու կարծիք էր հայտնել, որ այս նոր վարույթը որևէ հեռանկար չունի:

XS
SM
MD
LG