Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հունիսի 30-ի տեսակոնֆերանսից հետո աշխատանքային այցով Արցախում է: Սա գարնանն Արցախում անցկացված համապետական ընտրություններից հետո Մնացականյանի առաջին այցն է:
Հայաստանի արտգործնախարարը նախ շնորհավորել է Արցախի նորընտիր նախագահին ազատ ու ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ, ապա կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումների վերաբերյալ:
«Առանց Ղարաբաղի մասնակցության, ղարաբաղյան իշխանության մասնակցության անհնարին է լուծել, կամ առաջխաղացում ապահովել բանակցային գործընթացում: Եվ ամենակարևորը այն է, որ Հայաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են այն կուրսի մասին, որը հայտարարվել է Հայաստանի վարչապետի կողմից՝ ղարաբաղյան, Արցախի իշխանությունների մասնակցության ձևաչափով», - հայրարարել է Արայիկ Հարությունյանը:
«Արցախի ներգրավվածություն, ինքնորոշման իրավունքի իրացում, ինչպես նաև Արցախի անվտանգային համակարգի կայունություն՝ սրանք են գերակայությունները, որոնց շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը:
«Մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որը ընդունելի է բոլոր երեք կողմերի համար և որը, այո, Արցախի ղեկավարության, Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում՝ դա կարևորագույն խնդիրներից մեկն է և դա ամենից բացի նաև պրակտիկ խնդիր է, որովհետև հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը:
Նախարար Մնացականյանը Արցախի խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանին և պատգամավորներին ևս ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ տեսաժողովի արդյունքները:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն ասում է՝ բանակցային գործընթացի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին հաջորդող այցերն Արցախ քաղաքական ուղերձներ են պարունակում։
«Այսինքն՝ այցերը տեղի են ունենում երկու պետությունների միջև փոխհարաբերության, այսպես ասեմ, ձևաչափին բնորոշ, ավելի բնորոշ և ավելի առերևույթ դրսևորումներով: Սա, իհարկե, թվում է՝ զուտ արարողակարգային տարբերակ է և արարողակարգային դետալ է, բայց, կարծում եմ, իր քաղաքական խորհրդանշականությունը այդուհանդերձ ունի», - «Ազատության» հետ զրույցում նշեց Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանը կարևորում է նաև ներկայումս Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձությունները: Երեկ, մասնավորապես, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հատուկ գործողություն էր իրականացրել արտգործնախարարությունում:
«Մենք տեսանք նաև տեսակոնֆերանսից հետո համանախագահների հայտարարությունը, որը, ընդհանուր առմամբ լինելով իրենց բնորոշ էդ չեզոքության և հավասարության նշանի տրամաբանության մեջ, այդուհանդերձ, քաղաքական տողատակում բավականին նուրբ, բայց շատ հստակ ազդակներ ուներ՝ ուղղված ադրբեջանական կողմին, որ խնդիրը չունի ռազմական լուծում, և նաև դատապարտում էին հրահրիչ հայտարարությունները: Եվ այս ֆոնին, իհարկե, Ադրբեջանում արտգործնախարարության հանդեպ էդ զարգացումները բավական խոսում են, թե ընդհանրապես ինչ իրավիճակում է և ինչպես է իրավիճակը գնահատում Բաքուն», - շեշտեց Հակոբ Բադալյանը:
«Բայց ես կարծում եմ՝ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, իհարկե, առիթը կարող է լինել, այն բանակցային գործընթացում է, բայց լայն իմաստով՝ Ադրբեջանում ներիշխանական, ներկլանային՝ արդեն մի քանի տարի շարունակ առկա և սրվող դիմակայության դրսևորում է», - ասաց քաղաքական մեկնաբանը: