Արտաքին քաղաքական մարտահրավերներին վերաբերող հարցերի լայն շրջանակ են քննարկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ:
«Հատուկ անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վերջին զարգացումներին և այդ համատեքստում ընդգծվել է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ապակառուցողական ու ագրեսիվ հռետորաբանությունը կողմերին զրկում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու հնարավորությունից», - ասված է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդագրությունում:
Արայիկ Հարությունյանը վերահաստատել է պաշտոնական Ստեփանակերտի հավատարմությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը և բանակցություններին Արցախի` որպես լիիրավ կողմի մասնակցության անհրաժեշտությունը:
Հայաստանի արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության հաղորդագրության համաձայն՝ Զոհրաբ Մնացականյանը մասնավորապես ասել է. - «Բազմիցս ընդգծել ենք այն գերակայությունները, որոնց շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը. Արցախի ներգրավվածությունը, ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաև Արցախի անվտանգային համակարգի կայունությունը: Այս կարևորագույն դրույթների հիման վրա մենք կառուցում ենք մեր բոլոր դիրքորոշումները՝ հասկանալով, որ մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որն ընդունելի է բոլոր երեք կողմերի համար»:
«Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում կարևորագույն խնդիրներից մեկն է և ամենից զատ դա պրակտիկ խնդիր է, քանի որ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդմանը», - նշել է Մնացականյանը՝ շարունակելով. - «Դրանք սկզբունքային և պրակտիկ հարցեր են գործընթացում ռեալ և շոշափելի առաջընթաց ունենալու համար: Այդ առումով մենք իմ լավ բարեկամ և գործընկեր պարոն Մայիլյանի հետ այս երկու տարիների ընթացքում ի ցույց ենք դրել մեր կարողությունը՝ շատ սերտ աշխատելու, բանակցելու և համագործակցելու, որպեսզի շատ ավելի լավ ընկալում ունենանք մեր գերակայությունների և դիրքորոշումների վերաբերյալ, և այս երկխոսությունն ու աշխատանքը շարունակվում է»:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ շարունակվում է աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանգամանալից մտքեր են փոխանակվել համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ անցկացված վերջին տեսակոնֆերանսի շուրջ:
Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը մասնակցել է հանդիպմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երեկ է աշխատանքային այցով մեկնել Արցախ, որտեղ հանդիպումներ է ունենում նաև Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահի, արտգործնախարարի, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդի հետ: