Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ. ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չունի


Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ տեսակոնֆերանսից հետո, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Ֆրանսիան ներկայացնող համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, ուր, մասնավորապես, ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են կիրառել ուղիղ հաղորդակցության ուղիները և մտահոգություն են հայտնել վերջին սադրիչ հայտարարությունների և բորբոքիչ հռետորաբանության վերաբերյալ։

Էնդրյու Շոֆերը, Իգոր Պոպովը և Ստեֆան Վիսկոնտին հայտարարել են, որ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հետ քննարկել են տարածաշրջանում հանրային առողջապահական վիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ներկայիս դինամիկան և խաղաղության գործընթացի հաջորդ քայլերը, շեշտել են բովանդակային բանակցություններին և խաղաղությանը նպաստող մթնոլորտի խթանման և պահպանման կարևորությունը։ Միջնորդները դրական են գնահատել տեղում իրավիճակի համեմատական կայունությունը և գոհունակություն են հայտնել, որ կողմերը շարունակում են կիրառել ուղիղ հաղորդակցության ուղիները՝ լարումից խուսափելու համար։

Համանախագահները մտահոգություն են հայտնել, որ վերջին սադրիչ հայտարարությունները, բորբոքիչ հռետորաբանությունը և տեղում իրավիճակը շոշափելիորեն փոխելուն միտված հնարավոր քայլերը կարող են խարխլել կարգավորման գործընթացը։

«Համանախագահները ընդգծել են, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նրանք կողմերին կոչ են արել լրացուցիչ քայլեր ձեռնարկել՝ հրադադարը ամրապնդելու և բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելու համար։ Համանախագահները և արտաքին գործերի նախարարները համաձայնել են հուլիսին ևս մեկ տեսակոնֆերանս անցկացնել, ինչպես նաև հնարավորության դեպքում որքան հնարավոր է շուտ դեմ առ դեմ հանդիպել», - ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի արտգործնախարարության տարարծած հաղորդագրության համաձայն, երեկվա տեսակոնֆերանսի ժամանակ Զոհրաբ Մնացականյանը ընդգծել է Ադրբեջանի կողմից հնչեցվող ռազմատենչ և ապակառուցողական հայտարարությունների անթույլատրելիությունը՝ նշելով, որ դրանք վնաս են հասցնում խաղաղ գործընթացի միջավայրին: Միաժամանակ, Հայաստանի արտգործնախարարը կարևորել է Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգության շարունակական ապահովման անհրաժեշտությունը, այդ թվում՝ ազատ և անվտանգ տեղաշարժի միջոցով:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության, Էլմար Մամեդյարովը բարձրացրել է «Ադրբեջանի բռնազավթված տարածքներում Հայաստանի ապօրինի գործունեության, ներառյալ ենթակառուցվածքային փոփոխությունների հարցը»՝ հավելելով, որ «Հայաստանի սադրիչ գործողությունները հանգեցնում են հռետորաբանության սրացման»։

Մոտ մեկ շաբաթ առաջ զորամասի բացման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հասցեին հանդես եկավ սուր հայտարարությունով, թե «ներկայիս Հայաստանը ձևավորվել է ադրբեջանական հողերի վրա»՝ շարունակելով. - «Հայաստանում բռնապետություն է տիրում, և որքան երկար դա շարունակվի, այնքան ավելի վաղ այնտեղի եղած խնդիրները կհասնեն կրիտիկական կետի»։

Ի պատասխան արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, թե Ալիևի ելույթն ակնհայտորեն վկայում է, որ այդ երկրի իշխանությունները տեսնում են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները որպես իրենց իշխանության սպառնալիք:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով, համանախագահների ներկայիս ակտիվությունը պետք է բացատրել ռուս-թուրքական շարունակվող լարվածությամբ, որը կարող է իր անդրադարձն ունենալ նաև Հարավային Կովկասում և հատկապես Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող զարգացումներում․ - «Երբ խոսում ենք արցախյան ուղղությամբ իրավիճակի մասին, ապա, կարծում եմ, ներկայումս առաջանում է բավական էական և շոշափելի վտանգ, որ Թուրքիան կարող է փորձել իր ազդեցությունն օգտագործել Ադրբեջանի վրա՝ տարածաշրջանում լարվածություն և ապակայունացման գործընթաց հրահրելու համար, որպեսզի դրանով նաև կարողանա ազդեցություն և ճնշում իրագործել Ռուսաստանի վրա։ Եվ կարծում եմ, համանախագահների հայտարարությունը նրբորեն շոշափում էր այս տողատակը։ Որովհետև եթե մենք դիտարկենք Ադրբեջանի ներքին իրադրությունը, ապա տեսնում ենք նաև բավական մեծ հռետորաբանական ճնշում արտգործնախարար Մամեդյարովի վրա, որը, այսպես ասած դիվանագիտական գործընթացի ավելի շատ կրող է, և մենք տեսնում ենք այդ ռազմատենչ շրջանակի ճնշումը Մամեդյարովի վրա։ Համանախագահների հայտարարությունն այս տեսանկյունից դիտարկվում է որպես սատարում Մամեդյարովին»։


XS
SM
MD
LG