Մատչելիության հղումներ

Կառավարությունը բանակցում է կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով


Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին, 2 հուլիսի, 2020թ.
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստին, 2 հուլիսի, 2020թ.

Պատրաստ լինելուն պես կորոնավիրուսի պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով Հայաստանի կառավարությունը բանակցություններ է վարում արտադրողների և միջազգային կազմակերպությունների հետ, որոնք մտադիր են պատվաստանյութերի մեծաքանակ գնումներ իրականացնել բազմաթիվ երկրների համար, այսօր կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Աշխարհում արդեն 100-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնք հավակնում են դառնալ վերջնական արդյունք, սակայն որոնցից մոտ 20-ն ավելի հավանական է, որ կդառնան, և նախնական առաջին և երկրորդ փուլի հետազոտությունները, պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում շատ քիչ թվով անձանց վրա, հետո մոտ 100, հետո տասնյակ հազարների, ցույց են տալիս, որ ամենայն հավանականությամբ լինելու են պատվաստանյութեր, և լինելու են մի քանիսը, ոչ թե մեկը: Սա շատ կարևոր է ընդհանուր մեր երկրագնդի ազգաբնակչության համար, որովհետև նման հավաստիացում մենք չունեինք, քանի որ այսպիսի վիրուսի դեմ երբևէ պատվաստանյութ չէր ստեղծվել` չլինելով այն այդքան վտանգավոր:

Մենք հիմա բանակցություններ ենք վարում երկու ուղղություններով` առաջինն ուղիղ արտադրողներն են, ես ինքս անձամբ եմ այդ բանակցությունները վարում, օրինակ` երեկ խոսել եմ Moderna ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված ընկերություն է: Եվ այդ վակցինան` MRN 1723, եթե չեմ սխալվում՝ այդպես է արտադրական անվանումը, ամենահավանական թեկնածուներից մեկն է: Ինչպես նաև բանակցում ենք ԱՀԿ-ի, ԳԱՎ-ի և ՅՈւՆԻՍԵՖ-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու են հավաքական գնումներ իրականացնել, այսինքն` մեծաթիվ երկրների համար մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասարաչափ բաշխում տեղի ունենա», - մանրամասնեց նախարարը:

Թե կառավարությունն ինչու է որոշել բանակցել կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման նպատակով, երբ պատվաստանյութը դեռևս գոյություն չունի, Թորոսյանը այսպես բացատրեց. - «Այստեղ ամենամեծ վտանգն այն է, որ կարող են լինել երկրներ, որոնք միանգամից մեծ քանակի արտադրված կամ նույնիսկ դեռ չարտադրված պատվաստանյութը գնեն, և մյուս երկրներին այն պարզապես հասնի շատ ուշ, օրինակ` հասանելի լինի 21 թվականի սկզբում կամ 20 թվականի վերջում, բայց երկրների մի խմբի հասնի օրինակ` դրանից ևս մեկ տարի հետո: Դրա համար շատ կարևոր է այդ բանակցությունները վարել հենց այսօրվանից` նույնիսկ դեռ չունենալով վերջնական արտադրանքը: Տարբեր գնահատականներով` այն հասանելի կլինի երկրներին մատակարարվելու կամ 20 թվականի վերջին, կամ 21 թվականի սկզբին: Այդ ինֆորմացիան վերջնական պարզ կլինի աշնան սկզբում, որովհետև երրորդ փուլի հետազոտությունների ամփոփումը կամ միջանկյալ ամփոփումն սպասվում է այդ ժամանակ: Բայց ընդհանուր փաստը, որ դա լինելու է և փոխելու է ամբողջ իրավիճակը, և մենք վերադառնալու ենք մեր սովորական կյանքին` առանց դիմակների և առանց մնացած կանոնները պահպանելու, արդեն ուրախալի է: Պետք է հետևենք և հետ չմնանք զարգացումներից` շարունակելով այդ բանակցությունները»:

«Այս լուրի ֆոնին, կարծում եմ, առավել պետք է խստացնել հակահամաճարակային կանոնների պահպանումը, որպեսզի մարդկանց չդատապարտենք մահվան», - արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հավելելով. - «Մեզնից յուրաքանչյուրը, հակահամաճարակային կանոնը չպահելով, ամենայն հավանականությամբ մահվան է դատապարտում ինչ-որ մի ուրիշ քաղաքացու, բայց մեզնից յուրաքանչյուրը չի կարող երաշխավորվել, որ այդ քաղաքացին հենց ինքը չի լինի, հենց իր ընտանիքի անդամը չի լինի, իր հարազատը չի լինի»:

Ըստ Առողջապահության նախարարության, Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 593-ով՝ հասնելով 26 հազար 658-ի։ Նախորդ օրն իրականացվել է 2 հազար 100 թեստավորում։ Գրանցվել է կորոնավիրուսից մահվան ևս 6 դեպք՝ հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասել է 459-ի։ Կորոնավիրուսից բուժվածների թիվն ավելացել է 473-ով և հասել 15 հազար 36-ի: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 10 մարդ:

Հայաստանը դիմակներ է արտահանում

Գործադիրի այսօրվա նիստում ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը, թե շուկայում դիմակների ավելցուկ է, և Հայաստանն այլևս արտահանում է տեղում արտադրված դիմակները. - «Ներկրված դիմակները քանի որ 2 ամիս առաջ են ներկրվել, որոշակի թանկ գնով են ներկրվել, տեղական արտադրությունը 60 դրամ է, ու հիմա ունենք դիմակների պրոֆիցիտ, այսինքն` ավելի շատ դիմակ ունենք, քան վաճառվում է: Մի հատ արտահանում արդեն կատարվել է Հայաստանից դիմակների 60 դրամով, մյուս խմբաքանակի համար ևս հայտարկվել է»:

XS
SM
MD
LG