Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ քննարկել է Ծիծեռնակաբերդի տարածքում համազգային այգի՝ «Հայ պարկ» ստեղծելու նախաձեռնությունը իրականացնելու հնարավորությունները:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է, որ զրուցակիցները կարևորել են այգու ստեղծման նշանակությունն ինչպես համազգային հիշողության պահպանման և համահայկական միասնականության, այնպես էլ մայրաքաղաքի համար բնապահպանական տեսանկյունից:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, ով Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ, ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրն է, պատրաստակամություն է հայտնել իր մասնագիտության շրջանակում աջակցություն ցուցաբերել նման կարևոր գաղափարի կյանքի կոչմանը:
Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին նախագահը խոսել էր ապրիլի 18-ին «Ազատությանը» տված հարցազրույցում:
«Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ 103 հեկտարով», - նշել է նախագահը։