Մատչելիության հղումներ

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է նախագահի՝ «Հայ պարկ» հիմնելու նախաձեռնությանը


Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի

Ռուսաստանի հայերի միությունն աջակցում է նախագահ Արմեն Սարգսյանի գաղափարին և նախաձեռնությանը՝ Ծիծեռնակաբերդի այգու տարածքում «Հայ պարկ» հիմնելու:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը հայտնում է՝ Սարգսյանին ուղղված նամակում միության նախագահ Արա Աբրահամյանը մասնավորապես նշել է, որ այդ նախաձեռնության իրականացումն իր մեջ կարևոր գաղափար ունի և լավագույնս է արձագանքում մեր ժողովրդի ինչպես պատմական, այնպես էլ պետական-հասարակական օրակարգին:

«Մեծարգո պարոն նախագահ: Ինչպես ես, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ազգային միավորման՝ Ռուսաստանի հայերի միության անդամները պատրաստակամությամբ աջակցում ենք Ձեր նախաձեռնությանը, և ուրախ կլինենք մեր հնարավորությունները, գիտելիքն ու ջանքերը ներդնել այն կյանքի կոչելու գործում: Անկասկած, համատեղ աշխատանքն ու միասնական ջանքերը կծառայեն մեր ազգի հետագա համախմբմանը», - մասնավորապես նշվում է Արա Աբրահամյանի նամակում:

Ծիծեռնակաբերդի տարածքում «Հայ պարկ»՝ համերաշխության և հիշողության համազգային այգի հիմնելու նախաձեռնության և գաղափարի մասին նախագահը խոսել էր ապրիլի 18-ին «Ազատությանը» տված հարցազրույցում:

«Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչև «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո և կձգվի այդ 103 հեկտարով», - նշել է նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG