Մատչելիության հղումներ

ՍԴ 4 անդամներն արձագանքել են արդարադատության նախարարին


Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը հանդես են եկել հայտարարությամբ`
ի պատասխան արդարադատության նախարարի՝ երկու օրից ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման և ևս երեք դատավորի պաշտոնանկ արվելու հայտարարության վերաբերյալ:

«Սահմանադրության 167-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ, իսկ կազմավորման և գործունեության կարգը` Սահմանադրությամբ և Սահմանադրական դատարանի մասին օրենքով:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի վերոնշյալ նորմը չի վիճարկվել Սահմանադրական դատարանում, չի ճանաչվել Սահմանադրությանը հակասող, ԱԺ կողմից չի ճանաչվել ուժը կորցրած, ուստի գործող է և ենթակա է կատարման», - ասված է ՍԴ անդամների հայտարարության մեջ:

Նրանք հորդորում են «համապատասխան պաշտոնյաներին դուրս չգալ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված լիազորությունների շրջանակից, իրավունքի ու օրինականության ծիրից»:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր պաշտոնական տեղեկագրում հրապարակել է հունիսի 22-ին ընդունված սահմանադրական փոփոխությունները:

Հիշեցնենք, որ ուրբաթ ուժի մեջ մտնող սահմանադրական փոփոխություններով բարձր դատարանի 9 հոգանոց կազմից հեռանում են այն անդամները, որոնց պաշտոնավարման 12 տարվա ժամկետը լրացել է։ Այս փոփոխությունների արդյունքում նախկին Սահմանադրություններով ընտրված անդամներից նոր ձևավորվող կազմում կշարունակեն պաշտոնավարել Աշոտ Խաչատրյանը, Արևիկ Պետրոսյանը, Արայիկ Թունյանը և Հրայր Թովմասյանը։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարման ժամկետը, ըստ գործող Սահմանադրության, լրանում է 10 տարի անց։ Այս փոփոխությունները ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ կազմում թափուր է մնալու 3 դատավորի պաշտոն։ Իսկ նախագահի պաշտոնը ժամանակավորապես մինչև ամբողջ կազմը համալրելը և այդ նոր կազմից նոր նախագահ ընտրելը կզբաղեցնի տարիքով ավագ դատավորը՝ Աշոտ Խաչատրյանը։ Բարձր դատարանի կազմում գործող Սահմանադրությամբ ընտրված է 2 դատավոր` Արման Դիլանյանն ու Վահե Գրիգորյանը:


XS
SM
MD
LG