Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից վերադարձել է տուն, սակայն, ըստ բժիշկների, շարունակելու է վերականգնողական բուժումը։ Մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ ժամերին Քոչարյանը շտապեց իր Ֆեյսբուքի պաշտոնական էջում նոր լուսանկար հրապարակել՝ վերնագրելով՝ «Տանը»։
Տուն վերադառնալու համար նա վճարեց 2 միլիարդ դրամ կամ ավելի քան 4 միլիոն դոլար։ Նախկին նախագահի գրասենյակից հաղորդում են, որ Վերաքննիչ դատարանի սահմանած գրավը վճարել են դեռ երեկ։ Երեկ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, «Ազատության» հետ զրույցում հայտարարել էր, թե պահանջվող գումարն իրենց ձեռքի տակ չկա։ Համաձայն հաղորդագրության` գրավը վճարվել է հանրահայտ խոշոր գործարարների և բարերարների, ինչպես նաև քաղաքացիների աջակցությամբ։ Երկրորդ նախագահի գրասենյակը թեև խոստացել է, բայց դեռ չի հրապարակել Քոչարյանին աջակցողների տվյալները։
Նրա անվան հետ կապվող մամուլը, սակայն, որոշ անուններ արդեն բացահայտել է։ Ըստ այդմ, գումարի մեծ մասը հատկացրել են ռուսաստանաբնակ գործարարները՝ «Տաշիր գրուպի» նախագահ Սամվել Կարապետյանը, շինարարական «Մոնարխ» ընկերության սեփականատեր Սերգեյ Համբարձումյանը, կրկին շինարարական բիզնեսով զբաղվող Գենադի Ստեփանյանը, ինչպես նաև «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի խոշոր բաժնետեր Վլադիմիր Եվտուշենկովը. Քոչարյանն, ի դեպ, այս ընկերության խորհրդի անկախ տնօրեն է։
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնում մեկուկես ամիս առաջ վիրահատված Քոչարյանը գրավը վճարվելուց անմիջապես հետո մեկնել է տուն։ Կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը փոխանցեց՝ Քոչարյանն անցել է, այսպես կոչված, ցերեկային բուժման դեռ հունիսի սկզբից, բայց քանի որ կար Վարչական դատարանի որոշում, չէր կարող իրագործել այդ ռեժիմի ապահովումը հիվանդանոցից դուրս։ Մայիսին Վարչական դատարանը, հաշվի առնելով 65-ամյա Քոչարյանի առողջական վիճակը, հատկապես կորոնավիրուսի պայմաններում, որոշել էր մինչև համավարակի ավարտը թույլատրել նրան մնալ բժշկական կենտրոնում։
«Ցերեկային ստացումների անհրաժեշտությունն է, տեսեք` ապրիլի 28-ին է ինքը ընդունվել, իսկ երեկ 19-ն էր: Հունիսի 19-ին ինքը մեզ մոտից գնացել է չէ՞, հունիսի սկզբին ինքն արդեն կարող էր գնալ ռեաբիլիատացիոն բուժման, դաժե մայիսի վերջից կարող էր գնալ ռեաբիլիտացիոն բուժման: Վարչական դատարանի որոշումից հետո եթե դուրս գրեին, չէր կարող կալանավայր վերադառնալ», - ասաց Չարչյանը:
Քոչարյանին գրավով ազատ արձակելու դիմումը Վերաքննիչ էին ներկայացրել նրա փաստաբանները՝ բողոքարկելով մայիսի 13-ին Մարտի 1-ի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը։ Այս դատավորը մերժել էր ամբաստանյալի աթոռին հայտնված նախկին նախագահին կալանքից ազատ արձակել ինչպես Հայաստանի և Արցախի նախկին 4 վարչեպետերի անձնական երաշխավորության, այնպես էլ՝ գրավի դիմաց։ Դատարանը նաև մերժել էր վերացնել կալանքը։ Պաշտոնաթող նախագահի պաշտպանները դատարանում պնդել էին՝ կորոնավիրուսի այս պայմաններում խոցելի տարիքում և հիվանդություն ունեցող Քոչարյանը չի կարող պահվել բանտում։
Մինչդեռ թե՛ դատախազները, թե՛ նաև Մարտի 1-ի 10 զոհերից 9-ի և տուժողների ներկայացուցիչները պնդել էին՝ ազատության մեջ նա կխոչընդոտի գործի քննությանը։ Դատախազ Գևորգ Բաղդասարյանը Վերաքննիչ դատարանում «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ կան զուգահեռ քննվող երկու գործեր, որոնց մեղադրյալները Քոչարյանի աջակիցներն են։ Երկրորդ նախագահի մտերիմ, նրա անվան հետ կապ ունեցող 5-րդ ալիքի տնօրեն Արմեն Թավադյանն, ըստ իրավապահների, մեղադրվում է կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք տալու համար կաշառելու կամ հարկադրելու համար։ Անցած սեպտեմբերին նրա նախաձեռնությամբ Քոչարյանի գործով տուժողին առաջարկել են 5 միլիոն դրամ կաշառք՝ իր ցուցմունքից հրաժարվելու և Ռոբերտ Քոչարյանի օգտին դատարանում ցուցմունք տալու համար։ Մյուս գործում ևս ներգրավված են Քոչարյանի 2 աջակիցները, որոնք մեղադրվում են դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշում գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը և քննությանը խոչընդոտելու համար։
«Հենց Աննա Դանիբեկյանի նկատմամբ գործունեությանը խոչընդոտելու, միջամտություն ենթադրող գործողությունների հետ կապված կալանավորված անձի ընտանիքին այցելում է Ռոբերտ Քոչարյանի որդին, և այդ նյութը հրապարակվում է այն տրամաբանությամբ, որ հայրենասիրական քայլ է իրականացվում: Ռոբերտ Քոչարյանը պնդեց, որ ինքը ազդեցություն ունի իր ընտանիքի անդամների վրա, Ռոբերտ Քոչարյանի որդին տեսակցությունների հնարավորություն ունի, բայց Ռոբերտ Քոչարյանի որդու առնչությունն Աննա Դանիբեկյանի նկատմամբ արարք կատարած անձանց հետ գոնե կարծում եմ` իրենց կողմից հրապարակային է դարձել», - նշեց դատախազը:
Մարտի 1-ի 10 զոհերից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը ևս պնդում է՝ ազատության մեջ երկու ժամկետ պաշտոնավարած Ռոբերտ Քոչարյանը տարբեր եղանակներով կսկսի ազդել գործով անցնող անձանց վրա:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում վստահեցրեց՝ իշխանություններին չի անհանգստացնում, որ պաշտոնաթող նախագահն ազատ է արձակվել կալանքից. - «Անհանգստացնում է մարդկանց զայրույթը և այն ընկալումը, որ ինչ-որ մեկին բռնել եք, ինչ-որ մեկին բաց եք թողնում: Մենք դատարանի վճիռներն իմանում ենք բոլորի հետ միասին, այսինքն` երբ որ դրանք հրապարակային են դառնում»:
Սահմանադրական կարգի տապալման և 3 միլիոն դոլար կաշառք ստանալու համար մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահին, մեղադրանք ապացուցվելու դեպքում սպառնում է առավելագույնը 15 տարվա ազատազրկում։ Նա մեղադրանքը չի ընդունում, ավելին՝ պնդում է՝ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Նրան 2 միլիարդ դրամ գրավով ազատ արձակելու որոշումը բողոքարկելու է թե՛ դատախազությունը, թե՛ տուժող կողմը։ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների՝ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի դատավարությունը մեկնարկել է 2019-ի մայիսից։ Մինչև օրս, սակայն, բուն գործը չի քննվել։ Այս ընթացքում դատարանը հիմնականում զբաղված է եղել Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունները քննելով։