Այսօր Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում քննվող` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննության ժամանակ նրա փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել դատավոր Ռոբերտ Պապոյանին, նիստի ավարտին հայտնեց փաստաբան Երեմ Սարգսյանը: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ակնկալվում է, որ կվերադառնա երեկոյան:
«Ընդհանրապես այս մակագրությունների կարգը միջդատական վարույթների հետ կապված, որոնք տեղի են ունենում Հայաստանի Հանրապետությունում, այսինքն` դատարանի նախագահն իր ցանկությամբ ընտրում է որևէ դատավորի և մակագրությունն իրականացնում է: Գտնում ենք, որ այս կարգն ի սկզբանե արդեն խախտում է արդար դատաքննության իրավունքը, որովհետև չի ապահովում այն երաշխիքը, որ իրականում սկզբունքն այն է, որ պատահականության սկզբունքով պետք է լինի դատավորի ընտրությունը: Չի կարող այնպես լինել, որ պետությունը, այս դեպքում դատարանի նախագահը որոշի, իր նախընտրած դատավորին տա: Ես դատավորի մասով կոնկրետ այս պահին խննդիր չեմ բարձրացնում, բարձրացնում ենք կոնկրետ Շենգավիթ նստավայրի հետ կապված, որովհետև Շենգավիթ նստավայրում բացառությամբ 1-2 դատավորի, մնացած մասով ակնհայտորեն միշտ խնդիր է լինում», - հայտարարեց Երեմ Սարգսյանը:
Նիստից հետո Գագիկ Ծառուկյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ, ասաց` իրենց օրակարգը չի փոխվել, շարունակում են պահանջել Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը. - «Անձնական որևիցե դիվիդենտ հավաքելու, շահի, այլ որպես Ծառուկյան, որ ձեռս պուլսի վրա ա, ես նորից եմ ասում` այսօր երկիր են պահում ֆեյքերով: Ես ինչ որ ասել եմ, ասել եմ 97 տոկոսով, հիմա տեսնելով ժողովրդի սպասելիքը, այս ծայրահեղ վիճակը, համաճարակը, որպես սրտացավ մարդ, ասել եմ...», - ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը դատարան է ներկայացրել ԱԱԾ-ն հունիսի 16-ի երեկոյան։ Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալ, կաշառք ստանալ, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտել կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Կալանավորման միջնորությունը հնարավոր դարձավ միայն խորհրդարանում Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո:
Ծառուկյանի խոսնակ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը հաստատեց, որ այս օրերին հանդիպումներ են ունեցել Ռուսաստանի ու Ղազախստանի դեսպանների հետ, ասաց՝ հանդիպումները շարունակական են լինելու, քննարկվող հարցերի շրջանակը չբացահայտեց. - «Քննարկվել է մեր երկրում ստեղծված իրավիճակը, և մնացած հարցերը քննարկվել են off record: Հանդիպումների շարքը շարունակական է, մենք հանդիպել ենք ոչ միայն ՌԴ դեսպանի հետ, նախօրեին նաև Ղազախստանի դեսպանի հետ է հանդիպում տեղի ունեցել, և այդ հանդիպումները շարունակական են և այսօր, և վաղը, և մյուս օրերին շարունակվելու են այդ հանդիպումները»:
ԲՀԿ-ն Ծառուկյանի դեմ քրեական գործը համարում է քաղաքական հետապնդում, իշխանությունը հորդորում է հարցը դիտակել իրավական հարթությունում՝ նկատելով ընտրակեղծարարությունը լուրջ հանցանք է: