Մատչելիության հղումներ

Շարունակվում է Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը շարունակում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության քննությունը:

Պաշտպան Երեմ Սարգսյանը երեկ հայտնեց՝ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը հետաձգվել է պաշտպանական կողմի միջնորդությամբ։

Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն Ազգային անվտանգության ծառայությունն է ներկայացրել: ԲՀԿ առաջնորդը, ըստ նրա փաստաբանի, մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու կամ ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու համար: Նույն այդ քրեական գործով Ծառուկյանը երեքշաբթի օրը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը ներկայացրել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Դատախազն իր միջնորդությունում նշել է, որ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում «Երևանշին» ընկերությունում խուզարկության ընթացքում են հայտնաբերվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կաշառք բաժանելու դեպքերի վերաբերյալ փաստաթղթեր:

«Երևանշին» ընկերության տնօրեն Վազգեն Պողոսյանը, ով մեղադրվում է Վերմիշյանին 5 հազար դոլար կաշառք տալու մեջ, ցուցմունք է տվել այն մասին, որ Ծառուկյանը 2017-ին իրեն առաջարկել է մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ ապահովի 9 հազար ձայն: Այդ պայմանավորվածության համաձայն, Ծառուկյանի բիզնես կառավարիչ Սեդրակ Առուստամյանից և ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանից ստացել է 10 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ, որոնք պետք է բաժանվեին ընտրողներին:

Բացի այս քրեական գործից, ԱԱԾ-ում Ծառուկյանին առնչվող ևս երկու քրեական գործ է հարուցվել։

XS
SM
MD
LG