Մատչելիության հղումներ

Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցի քննությունը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, 16-ը հունիսի, 2020թ.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում, 16-ը հունիսի, 2020թ.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցը կքննվի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում: Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդության քննությունը մակագրվել է դատավոր Ռոբերտ Պապոյանին: «Ազատությանը» փոխանցեցին Դատական դեպարտամենտից:

Հիշեցնենք, որ երեկ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:

Արթուր Դավթյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու միջնորդությունը:

Ավելի ուշ Գագիկ Ծառուկյանը գնաց ԱԱԾ հարցաքննության: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ: Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

XS
SM
MD
LG