Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքի վերաբերյալ ԱԱԾ միջնորդությունը


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ժամանեց Երևանի ընդհանուր իրավասության դատարան: Դատարանը քննում է Ծառուկյանի կալանքի վերաբերյալ ԱԱԾ միջնորդության քննությունը: Նիստը փակ է:

Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու միջնորդության քննությունը մակագրված է դատավոր Ռոբերտ Պապոյանին:

Դատարանի բակում բազմաթիվ են լրատվամիջոցների ներկայացուցիչները, տարածք են բերվել մեծ թվով ոստիկաններ։ Տարածք մուտք գործել կարող են միայն լրագրողներն ու ԲՀԿ պատգամավորները։

Այստեղ է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Վանեցյանը։ Լրագրողների հետ զրույցում նա անդրադարձավ Գագիկ Ծառուկյանին առաջադրված մեղադրանքին, Ծառուկյանին առնչվող քրեական գործերին՝ դրանք համարելով քաղաքական հետապնդում․ - «Գտնվում ենք էստեղ մեր կողմից քաղաքական համերաշխություն հայտնելու նպատակով։ Երեկ մեր կողմից տարածված հայտարարության մեջ ամբողջովին գնահատականները տրված են»։

Վանեցյանը նաև ասաց․ - «Գլխավոր դատախազը, որը ներկայացրեց մեղադրանքները, որևէ կերպ չկարողացավ համոզել հանրությանը և իր մեղադրանքը հիմնավորել։ Այն հիմքերը, որ ներկայացրել են հանրությանը, որը հասանելի է բոլորիս, հիմք է տալիս ենթադրելու, որ այստեղ չկան հիմնավոր ապացույցներ»։

Հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ իր նկատմամբ նույնպես կարող է քրեական գործ հարուցվել, Արթուր Վանեցյանն արձագանքեց․ - «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ապօրինի, քաղաքական նպատակ ունեցող հետապնդումները կարող են հիմք տալ, որ մենք մտածենք, որ հնարավոր է, որ և իմ նկատմամբ իրականացվի որևէ գործողություն։ Բայց ես առիթ ունեցել եմ ասելու, որ օրինական ճանապարհով ինձ զրկել ազատությունից ուղղակի հնարավոր չէ, որովհետև ես որևէ բան ապօրինի չեմ արել»։

Հիշեցնենք, որ երեկ անցկացված փակ, գաղտնի քվեարկություններով խորհրդարանը համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու միջնորդությունը:

Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդը գնաց ԱԱԾ հարցաքննության: Դրանից հետո հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ: Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 154.2 հոդվածով (ընտրողի կողմից թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից կաշառք ստանալը կամ թեկնածուների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների), հանրաքվեի քարոզչական նախաձեռնությունների կողմից ընտրողներին կաշառք տալը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը), նա մեղադրանքը չի ընդունում, այն որակում է ապօրինի։

XS
SM
MD
LG