Մատչելիության հղումներ

Նախարար. Հոսպիտալացման կարիք ունի 231 քաղաքացի, 600-ը ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում են


Կիրակի օրը փաստացի ունեցել ենք 397 դեպք կատարված 1276 հետազոտությունից, սա լավ է բացարձակ թվի իմաստով, սակայն նորից մտահոգիչ է, այս մասին «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» շրջանակներում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Որովհետև ամեն դեպքում ունենք մեծ տոկոս կատարված թեստերից, իսկ թիվը ցածր թեստերի պայմանավորված է կիրակի օրով»,- նշեց նախարարը:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ ասուլիսից.

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 600 հոգի

Նախարարը տեղեկացրեց, որ ժամը 15:00-ի դրությամբ հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների թիվը 231-ն է, որից 89-ը սպասել են տանը, իսկ մնացածը` տարբեր բժշկական կենտրոններում, այդ 89-ից մեկի վիճակը եղել է միջինից դեպի ծանր, 36-ինը` միջին ծանրության, 52-ինը թեթև ծանրության:

«Այս թիվն անցյալ շաբաթվա վերջերին իջել էր, և մենք ունեինք 50-60 դեպք յուրաքանչյուր պահի հոսպիտալացման, բայց կարևոր է, որ այդ թիվը լինի ցածր, որպեսզի կարողանանք հասցնել բոլոր ծանր դեպքերին տեղավորել: Չնայած ունենք մահճակալային ֆոնդի աճ, միևնույնն է շարունակում է` իրավիճակը լարված մնալ: Չի կարող հիվանդանոցային մահճակալների ծավալումը փոխարինել համահամաճարակային միջոցների կիրառմանը»,- նկատեց նախարարը:

Ծանր և ծայրահեղ վիճակում է գտնվում 600 հոգի, որից 470-ը, նախարարի տեղեկացմամբ, ծանր վիճակում են, և 116-ը ծայրահեղ ծանր, նրանցից 35-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին:

«Թիվը բավական մեծ է, և ցավոք սրտի ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների մեծ մասը, մեր այսօրվա մինչև տվյալներով, մեծ ռիսկ ունեն մահանալու, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որ թույլ չտան»,- ասաց Արսեն Թորոսյանը` հավելելով, որ մահվան դեպքերի մեջ լինում են նաև երիտասարդներ, ինչպես նաև հունիսի 11-ի դրությամբ մահացած քաղաքացիների 6 տոկոսի մոտ չի եղել որևէ ուղեկցող քրոնիկ հիվանդություն:

«Մեր նշանակած ցուցումների արժեքը մի քանի հազար դրամից չի անցնում»

Ի պատասխան տարբեր դժգոհությունների, թե պոլիկլինիկաները վատ են աշխատում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության ապաքինման դեղատոմսերը, որ նշանակվում են տանը բուժվող քաղաքացիներին, բավականին թանկարժեք են, նախարար Թորոսյանն ասաց, որ բոլոր հիվանդանոցները, որոնք զբաղվում են կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, անում են հիմնական պետական միջոցներով, և չի կարող լինել քաղաքացու մոտ այդպիսի մոտիվ` գնալ Covid-ով բուժվել վճարովի, իսկ նրանք, ովքեր նախարարության ցուցմամբ հիվանդանոցներում ստացիոնար բուժում են ստացել ու վճարել, այդ գումարը հետ կստանան:

«Այն մյուս քաղաքացիները, որոնց ցուցված է բուժում տնային պայմաններում, մեր կողմից ցուցումները չեն անցնում մի քանի հազար դրամի սահմաններից, իսկ եթե իրենց բժիշկները տասնյակ հազարների դեղեր են նշանակել, ուրեմն դա չի համապատասխանում մեր չափորոշիչներին, եթե քաղաքացուն անհրաժեշտ է թանկարժեք անտիբիոտիկների նշանակում, ապա նրա վիճակը ծանր է, և նրան մենք պետք է հոսպիտալացնենք մեր համակարգի մեջ:

Այո հնարավոր է, որ պոլիկլինիկական համակարգը ծանր է ու այդքան էլ լավ չի աշխատում, բայց կներեք պոլիկլինիկական համակարգը միշտ եղել է մեր «աքիլեսյան գարշապարը», և մենք դրել ենք նրանց վրա մի առաջադրանք, որը նրանք չէին էլ սպասում, սակայն ամեն ինչ անում ենք` սկսած տնօրեններով, բժիշկներով, քաղաքապետարաններով, որ բարելավենք վիճակը»:

Աղմուկ անողներին նախարարը հորդորում է իրենց գործով զբաղվել

Օգտատերերից մեկի դիտարկմանը, թե եղել են հիվանդանոցներ, որ պատրաստ էին սպասարկել Covid-19-ով հիվանդներին, ինչպես օրինակ` Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոցը, սակայն նախարարությունը մերժել է ընդգրկել, նախարարը նախ պատասխանեց. - «10 կամ 20 մահճակալ առաջարկող, բայց այդ աղմուկը 500-ի կամ հազար մահճակալի տակ ներկայացնող անձանց պարզապես խնդրում եմ զբաղվել իրենց գործով, այն, ինչ որ մենք իրենց կասենք, քանի որ սա արտակարգ դրություն է, և այդ ժամանակ գործում է կենտրոնացված կառավարման համակարգը, երբ մենք ըստ բուժհաստատությունների բաշխում ենք ֆունկցիաները»: Բացի այդ, ըստ Արսեն Թորոսյանի` բոլոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքները չէ, որ պետք է գերծանրաբեռնված լինեն:

Մենք այլընտրանք չունենք` բացի սնվելուց, պետք է դիմակ կրենք. նախարար

Վարչապետն այսօրվա ճեպազրույցին էլ նշեց, ինչպես նաև նախարարն ասաց, որ չի հաջողվել կառավարությանը բացատրել, որ դիմակ կրելը պարտադիր է: Ֆեյսբուքյան օգտատերերից մի քանիսը նկատել էին, որ ստացվում է` քաղաքացիների մի ստվար հատված նախարարի ուղերձին լուրջ չի վերաբերվում, միգուցե բավարար հեղինակություն չունի՞ ինքը, ինչպես նաև հարցրել են` ե՞րբ է հրաժարական տալու:

«Երբ ուզեք, եթե իրենց թվում է, որ նախարար աշխատելն այս իրավիճակում հաճելի զբաղմունք է,- արձագանքեց Թորոսյանը` շարունակելով,- ինչ վերաբերում է դիմակ կրելուն, միայն ես չէ, որ այդ կոչերն անում եմ, եթե հեղինակությամբ լինի այս կամ այն վարքագիծն ընդօրինակելը, երկրում ամենահեղինակավոր մարդը ևս` վարչապետը այդ կոչերն անում է, և խնդրում եմ հետևել այդ մարդու կոչերին, ոչ թե»:

Ամերիկյան չորս հեղինակավոր համալսարանների` Texas A&M University-ի, University of Texas-ի, California Institute of Technology-ի և University of California San Diego-ի գիտնականները ամիսներ շարունակված հետազոտություններից հետո եզրակացրել են` դիմակները խիստ անհրաժեշտ են նաև առողջ մարդկանց:

Նախարարը, անդրադառնալով այս հետազությանը, նշեց, որ այն ապացուցում է, որ նույնիսկ տոտալ սահմանափակումներն ավելի քիչ էֆեկտ են թողել, քան դիմակների կրումը, «մենք այլընտրանք չունենք` բացի սնվելուց, պետք է դիմակ կրենք»: Թորոսյանը նաև ներկայացրեց, որ համաձայն այդ հետազոտության` վարակի հարուցիչ մասնիկները կարող են օդում մնալ.- «Դա կախված է նաև` ինչ կոնցենտրացիայով ես դու արտաբերել, եթե բարձր ես խոսում, օրինակ, կամ մի քիչ ավելի շատ թվով մասնիկներ են, եթե հազում կամ փռշտում ես, ուրեմն միլիոնավոր մասնիկներ են, հատկապես եթե օդը այդ տարածքում կանգնած է, մինչև որ մասնիկները կգոլորշիանան կամ ուլտրամանուշակագույն ազդեցությունների տակ կվերանան»:

Հակահամաճարակային միջոցառում քաղաքական դաշտում

Մի քանի օգտատերեր նաև հարցրել էին, թե բան ու գործ չունի՞, որ Ֆեյսբուքում ԲՀԿ-ին առնչվող կաշառքի փաստաթուղթ է հրապարակում, որը, ինչպես ԲՀԿ-ն երեկ հայտարարեց, կեղծ էր: «Քննությունը կպարզի` այդ թուղթը Ֆոտոշոփով է սարքած, թե չէ, կարծես թե ԱԱԾ-ի այսօր տարածած հայտարությունից մենք տեսանք, որ այլ թղթեր էլ կային, նույնիսկ ձեռագիր` ոչ Ֆոտոշոփով սարքած, Ազգային ժողովի պատգամավորների կողմից, իսկ բան ու գործին եթե վերադառնամ, ես բան ու գործ ունեմ, այդ թվում` ունեմ պարտականություն` Հայաստանի քաղաքական համակարգի ստերիլիզացիայի, երբ այն քաղաքական ուժերը, որոնք աղտոտում են այդ մթնոլորտը, պետք է պատշաճ գնահատական ստանան: Սա կարող եք դիտարկել նաև հակահամաճարակային միջոցառում քաղաքական դաշտի»,- շեշտեց Արսեն Թորոսյանը:

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Առնչվող թեմաներով

XS
SM
MD
LG