Մատչելիության հղումներ

ԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել կորոնավիրուսի դեպքերի աճի կապակցությամբ


ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, արխիվ
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, արխիվ

Չնայած շատ երկրներում, մասնավորապես, եվրոպայում կարանտինային սահմանափակումները թուլացվել են, վերաբացվել է տնտեսությունն ու առևտուրը, աստիճանաբար բացվում են նաև սահմանները, այնուամենայնիվ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ COVID-19 վիրուսը չի նահանջում, ավելին, մի շարք երկներում վարակակիրների թիվն աճում է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մտահոգություն է հայտնել, որ սահմանափակումները թուլացնելուց հետո որոշ երկրներ դժվարություններ են կրում, քանի որ կորոնավիրուսի դեպքերը կրկին աճում են։

Ժնևում հունիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսում Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանն ասել է, թե որոշ երկրներ կանգնած են համավարակի երկրորդ ալիքի կամ երկրորդ գագաթնակետի առաջ։

«Առաջին հերթին, աշխարհի մեծ մասը ներկա պահին դեռ մեծապես տուժում է համավարակի առաջին ալիքից։ Եվրոպայում, Հարավային Ասիայում, Հյուսիսայի Ամերիկայում որոշ երկրներ հաղթահարել են վարակի ալիքի գագաթնակետը և դանդաղ ու զգուշորեն դուրս են գալիս այդ իրավիճակից։ Որոշ երկրներում դեպքերի ներկայիս աճը կարող է ներկայացվել երկրորդ ալիք, կամ երկրորդ գագաթնակետ։ Այլ կերպ ասած՝ հիվանդությունը չի իջել շատ ցածր մակարդակի, պահպանվել է ցածր մակարդակում և որոշ ժամանակ անց նորից հետ վերադարձել» - ասել է նա, պարզաբանելով, որ որոշ երկրներում դեպքերի աճը հնարավոր է կապված է հանրությունը վերաբացելու հետ, երբ մարդիկ նորից շփվում են առանց պահպանելու սոցիալական հեռավորություն, երբ տեղերում միջոցառումները ադեկվատ չեն իրավիճակին, երբ չկան բավարար կարողություններ թեստերի ու կասկածելի դեպքերի և կոնտակտավորների մեկուսացնելու համար։

Չինաստանը ասես հաստատելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մտահոգությունները, Պեկինում ժամանակավորապես հետաձգեց տարրական դպրոցների դասերի վերսկսումը, որը նախատեսված էր գալիք երկուշաբթի՝ հունիսի 15-ին։

Որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ անցած երկու օրերին Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքեր հաստատվեցին։

Քաղաքային իշխանությունները հիշեցրել են, որ եթե երեխան իրեն լավ չի զգում, ծնողները պետք է այդ մասին հայտնեն ոչ միայն առողջապահական հաստատությանը, այլև՝ դպրոցին, որտեղ նա սովորում է։

Ծնողները պատասխանատվություն կկրեն երեխայի վիճակը թաքցնելու, կամ սուտ տեղեկատվություն փոխանցելու համար։

Դպրոցներից բացի մարզական մրցույթները համակարգող կենտրոնը ևս հայտարարել է, թե համավարակի իրավիճակի փոփոխության հետ կապաված երեկվանից դադարեցվել են մարզական բոլոր հանրային միջոցառումները։

Այսօր, Պեկինի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնի փոխտնօրեն Փանգ Սինխոն ասել է, որ երեկ օրվա երկրորդ կեսին հայտարարված վեց դեպքերից չորսը կապ ունեն Պեկինի գյուղատնտեսական ապրանքների մեծածախ շուկայի հետ։ Նա նշել է, որ մոտավորապես երկու հազար մարդ թեստ է հանձնել, 45-ի պատասխանը դրական է: Այս շուկայի հետ առևտրային կապեր ունեցած մեկ այլ շուկայի 46 աշխատակիցներ գտնվում են կարանտինային ուժեղ հսկողության տակ, այսօրվա ասուլիսում հայտարարել է Պեկինի հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման կենտրոնի փոխտնօրենը։

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեմ դեղամիջոց ստեղծելու աշխատանքներին, ապա դեղագործական առաջատար ընկերությունների աշխատանքը այդ ուղղությամբ շարունակվում է։

Անցած ամիս Եվրամիությունը ավելի քան ինը միլիարդ եվրո է հանգանակել դեղամիջոց ստեղծելու աշխատանքներին ֆինանսապես աջակցելու համար։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ դեղամիջոցի մշակմանը նպաստելուց բացի, իր նպատակն է նաև երաշխավորել, որ պատվաստանյութը հասանելի դառնա բոլորին:

Ժնևում երեկվա ասուլիսին մասնակցել է նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ Նա ևս մեկ անգամ հույս է հայտնել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը հայտնագործելուց հետո, այն կտրամադրվի բոլոր կարիք ունեցողներին։ Նա խոսքերով՝ շատ առաջնորդներ պարտավորություններ են ստանձնել և շարունակում են աջակցել COVID-19-ի պատվաստանյութը համաշխարհային հանրային արտադրանք լինելու գաղափարին։

Այսօրվա տվյալներով՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերը անցել են 7 միլիոն 700 հազարը, ավելի քան 428 հազար մարդ է մահացել, բուժվածների թիվը մոտենում է 4 միլիոնի։

XS
SM
MD
LG