Մատչելիության հղումներ

ԵՄ-ն հուլիսից կբացի սահմանները


Եվրամիության երկրները ծրագրում են մինչև այս ամսվա վերջը վերականգնել ազատ տեղաշարժը շենգենյան գոտում: «Կարծում եմ, մեր առողջապահական ու քաղաքական իրավիճակը արդեն տալի՛ս է այդ հնարավորությունը», - այսօր հայտարարել է միության Ներքին գործերի հանձնակատար Իյլվա Յուհանսոնը` անդամ երկրների ներքին գործերի նախարարների հետ հեռավար քննարկումներից հետո: Երրորդ երկրների քաղաքացիների, այդ թվում հայաստանցիների համար, մինչդեռ, ԵՄ սահմանները փակ կմնան առնվազն մինչև հուլիս:

«Ընդհանուր մոտեցումն այն է, որ մենք պետք է նախ ներքին սահմանները բացենք, հետո` արտաքին: Հունիսի 15-ին ավարտվում է Եվրահանձնաժողովի տված հանձնարարականը, որը կոչ էր անում սահմանափակումներ մտցնել երրորդ երկրների քաղաքացիների համար: Սակայն ԵՄ անդամ գրեթե բոլոր պետություններն այսօր համակարծիք էին, որ անհրաժեշտ է ևս երկու շաբաթով երկարաձգել այդ որոշման ժամկետը», - հայտարարել է Յուհանսոնը:

Մինչև այդ, ըստ հանձնակատարի, Եվրամիության երկրները պետք է համաձայնեցնեն, թե ինչ պահանջներ ու չափորոշիչներ են սահմանելու երրորդ երկրներից ժամանող քաղաքացիների համար: «Ակնհայտ է, որ առաջին հերթին հաշվի է առնվելու տվյալ երկրի համաճարակային իրավիճակը», - նշել է Եվրամիության Ներքին գործերի հանձնակատարը:

Բացելով սահմաններն ու վերացնելով սահմանափակումները` եվրոպացի պաշտոնյաները միաժամանակ ընդգծում են, որ համաճարակը չի ավարտվել, և դեռ վաղ է վերադառնալ նախկին կյանքին:

«Մենք պետք է սովորենք ապրել նոր կանոններով», - երեկ հայտարարել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը` տեղեկացնելով, որ հունիսի 15-ից երկրի տարածքում հասարակական տրանսպորտից կարելի է օգտվել միայն դիմակներով:

«Պարտադիր չէ, որ դրանք բժշկական լինեն: Դա կարող է լինել նաև կտորից դիմակ, որը կարող եք ինքներդ տանը կարել», - բացատրել է նախարար Գրանտ Շապպսը: - «Այս ճանապարհով են գնացել բազմաթիվ երկրներ, և հիմա, երբ ուղևորահոսքն ավելանում է, մենք պետք է համոզված լինենք, որ ձեռնարկել ենք կանխարգելիչ բոլոր քայլերը` ավտոբուսներում, գնացքներում ու օդանավերում վիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար: Ապացուցված է, որ դիմակների կրումը թեկուզ սահմանափակ, բայց նվազեցնում է վարակի փոխանցումը»:

Մասնագետների հիմնական մտավախությունը համաճարակի երկրորդ ալիքն է, ինչի ականատեսն ենք, օրինակ, Իրանում:

«Թեև այդ երկրի առողջապահության նախարարը օրեր շարունակ քաղաքացիներին զգուշացնում էր, որ իրավիճակը սրվում է, փողոցներում, բանկերում ու շուկաներում մարդկանց կուտակումները չէին նվազում», - փաստում է BBC-ի թղթակիցը:

Երկու շաբաթ առաջ էլ հազարավոր իրանցիներ այցելել էին վարակի տարածման կարմիր` ամենավտանգավոր գոտում ընգդրկված բնակավայրերից մեկը` պասից դուրս գալու` Էիդ ալ ֆիթր տոնը նշելու: Արդյունքում մի քանի օր է վարակվածների թվի օրական աճը վերադառնում է մարտի ամենաբարձր ցուցանիշներին, երբ Իրանը, ըստ պաշտոնյաների, գտնվում էր համաճարակի գագաթնակետին:

Այս տարածաշրջանում մտահոգիչ է իրավիճակը նաև Թուրքիայում: Այստեղ ևս վարակի օրական դեպքերը ավելացել են` յոթ հարյուրից հասնելով հազարի: Իշխանությունները երեկ եռօրյա սահմանափակումներ են մտցրել խոշորագույն տասնհինգ քաղաքներում, ևս մեկ շաբաթով երկարաձգել են Անթալիայում հայտարարված կարանտինը: Արդեն երկու շաբաթ տանը փակված բնակիչներին այդ որոշումը դուր չէր եկել, հարյուրավոր մարդիկ փորձել էին կոտրել ոստիկանական արգելապատնեշները, որոնք սահմանափակում են ազատ տեղաշարժը թաղամասերի միջև: Սկսվել էին բախումներ, ոստիկանությունը ստիպված էր եղել արցուքնաբեր գազ ու ռետինե փամփուշտներ կիրառել:

Այսօր արդեն կառավարությունը հայտարարեց, թե չեղարկում է սահմանափակումները:

«Հանրությունից ստացած բացասական արձագանքները ստիպում են վերանայել այդ որոշումը», - Թվիթերում գրել էր նախագահ էրդողանը` միաժամանակ ընդգծելով. - «Եթե ուզում եք խուսափել սահմանափակումներից, պետք է խստագույնս հետևեք հակամաճարակային կանոններին ու պահպանեք սոցիալական հեռավորության նորմերը»:

XS
SM
MD
LG