Մատչելիության հղումներ

Վանաձորում 3 մանկապարտեզ է փակվել ծնողների մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո


Վանաձորում վերաբացված 20 մանկապարտեզներից 3-ը 14 օրով փակվել են ծնողների մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո։ Ինչպես «Ազատությանն» ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, փակված թիվ 8, 30, և 31 մանկապարտեզներից յուրաքանչյուրը մինչև 10 հաճախող երեխա ուներ:

Վարակակիր ծնողները հիմնականում Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներ են.- «Հիմնականում հա «Գլորիայից» են եղել, մանկապարտեզների վարիչներին մենք զգուշացրել ենք` եթե երեխաների ծնողները կա՛մ կոնտակտավոր լինեն, կա՛մ վարակակիր, մեզ շտապ զգուշացնեն, և իրենք զեկուցագրերով դիմել են, որ կան, և մենք միջոցներ ենք ձեռնարկել, որպեսզի փակվեն այդ մանկապարտեզները, որովհետև երեխաների շրջանում, չնայած այն հանգամանքին, որ շատ քիչ են երեխաներն ընկնում, ամեն դեպքում մենք այդ միջոցները ձեռնարկում ենք»:

Քաղաքապետն ասաց` մայիսի 18-ից, երբ պարետի որոշմամբ թույլատրվեց մանկապարտեզների գործունեությունը, Վանաձորում բոլոր 20 մանկապարտեզները վերաբացվեցին, բայց մոտ 2 հազար երեխաների ընդամենը 10 տոկոսն էր հաճախում։ Վերջին մեկ շաբաթում, մինչդեռ, Լոռու մարզում կորոնավիրուսով հիվանդների թվի աճին զուգահեռ և Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի փակվելուց հետո գնալով նվազում էր մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը.- «Սկզբնական շրջանում մոտ 200 երեխա էր գալիս, հետո կամաց քիչացավ, մինչև հունիսի սկիզբ արդեն պակասեցին, և այս վերջին 3-ը փակելուց արդեն ունենք 85 երեխա հաճախող: Երևի զգուշանում էին, որովհետև մենք էլ էինք հորդորել, որ ինչքան հնարավոր է այն ծնողները, որ հնարավորություն ունեն տանը պահելու երեխաներին, մանկապարտեզ չուղարկեն»:

Մամիկոն Ասլանյանը նշեց՝ մանկապարտեզների աշխատողների շրջանում վարակակիրներ չկան։

Լոռու մարզում մինչ օրս կորոնավիրուսով հիվանդացել է 302 մարդ: Նրանցից 72-ը բուժվել են: Արձանագրվել է մահվան 4 դեպք: «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներից թեստավորվել են 224-ը, որոնցից 153-ի մոտ հաստատվել է կորոնավիրուս։

XS
SM
MD
LG