Մատչելիության հղումներ

Մեկուսացման պահանջը «Գլորիայի» աշխատակիցների համար նոր դժվարություններ է առաջ բերում


Արդեն երեք օր բարձր ջերմություն և թոքաբորբ ունի Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի 53-ամյա աշխատակից Լիլիկ Բայադյանը։ Քիչ առաջ կորոնավիրուսի թեստի պատասխանն ստացավ։ Դրական է։ Նրան արդեն տեղափոխում են հիվանդանոց։

Զրույցը պարբերաբար հազի պատճառով ընդհատող կինն «Ազատությանը» պատմեց՝ երեք ամիս առաջ էլ երկկողմանի թոքաբորբով ծանր հիվանդացել է, բայց այս տանջող ցավերն իրեն անծանոթ են.- «Շատ եմ հիվանդացել, բայց էս տեսակ ցավեր ոչ մի անգամ չեմ զգացել, ամբողջ մկաններս, թևերս, ոտքերս, ու ջերմությունս չի իջնում: Իջացնում ենք դեղերով, չի իջնում, նորից ռեսկի բարձրանում ա, ոչ մի անգամ սենց բաներ չի եղել: Հարսս էլ ջերմություն ունի էս պահին, բայց ոտքի վրա ա էլի»:

Լիլիկ Բայադյանն ասում է՝ շաքարային դիաբետ ունի և 2600 աշխատակից ունեցող ֆաբրիկայում մշտապես հետևել է կանոններին, զգուշացել վարակվելուց։ Հարցուփորձ է արել՝ իրենց արտադրամասից միայն ինքն է այս պահին հիվանդ: «Ազատության» հարցին, թե վերագործարկումից հետո հորդորեցին, որ քրոնիկական հիվանդություններ ունեցող աշխատողները չգնան աշխատանքի, ի՞նչն էր պատճառը, որ ինքը գնացել է, ասաց.- «Ես եմ ցանկացել, ճիշտն ասած` խնդրել եմ, ասել եմ, որ ո՞նց պահեմ, ոչ մի աջակցություն չկա, ամուսինս հիվանդ երկրորդ կարգի, չի կարում քայլի, լեզուն էլ, չի կարում նորմալ խոսի, երկու-երեք անգամ ինսուլտ տարած, ստիպված աշխատել եմ, իմ ընտանիքի գոյությունը պաշտպանեմ էլի: Բայց եթե զգայի, որ ես հիվանդ եմ, ես դուրս չէի գա: Մինչև վերջերում էլ աշխատում էի, ժիր էի էլի»:

Մինչ օրս Լոռու մարզում հաստատվել է կորոնավիրուսի 261 դեպք, որոնցից 72-ը բուժվել են, երկուսը՝ մահացել։ Այս պահին 187 վարակակիրների գերակշիռ մասը՝ 149-ը, «Գլորիայի» աշխատակիցներ են։ Շատերը հիմնականում առանց ախտանշանների են տանում հիվանդությունը։ Մարուսյա Մանվելյանը, որ թեստի դրական արդյունքից հետո մեկուսացած է տանը, ասում է՝ մեկ անգամ է ջերմել, երբ դեռ ֆաբրիկան աշխատում էր։ Այժմ թեթև, իրեն չանհանգստացնող հազ ունի։

Ընտանիքի դժվարությունները, մինչդեռ, կապված են միայն մեկուսացման պահանջների հետ։ «Գլորիայի» կորոնավիրուսով վարակված աշխատակիցն ապրում է ամուսնու, որդու, հարսի ու անչափահաս թոռների հետ։ Զգուշացրել են՝ մեկուսացման պահանջները խախտելու դեպքում կտուգանվի 100-700 հազար դրամի չափով.- «Հիմա ինձ ասում են` մեկուսացի, ու ոչ մեկին չի հետաքրքրում, որ խոսքի օրինակ` երեխեք են, ուտել են ուզում, երեխեք են, դուրս են ուզում, 3 տարեկան երեխային ես ո՞նց ասեմ` չէ, դու դուրս մի արի: Երեխուն գոնե պադեզդ ենք ուղարկում, գնա, երեխեն պադեզդում մի քիչ խաղա, նոր գա: Ոչ ախտահանում են պադեզդը, եթե վիրուսակիր կա շենքում, ես էլ առաջին հարկ եմ»:

Ասում է՝ վստահ չէ, ընտանիքի անդամները վարակված են, թե ոչ, բայց տան օրավարձով աշխատող տղամարդիկ մեկուսանալ չեն կարող։ Ամսական 130 հազար դրամ են վճարում բանկերին՝ վերցրած վարկերի դիմաց.- «Ճիշտն ասած` տղաս ու ամուսինս օրավարձով աշխատող են, եթե դուրս չգան, ո՞վ ա մեզ փող տալու, որ երեխեքի համար հաց առնենք, եթե խանութը նիսյա ապրանք չի տալիս»:

Կարինե Ռաֆայելյանը թեստ չի հանձնել, վիրուսի որևէ ախտանշան չունի, բայց ասում է՝ ոստիկանությունից նրան էլ զանգել, հորդորել են մեկուսանալ, քանի որ որպես «Գլորիայի» աշխատակից կարող է վարակակիր լինել.- «Իմ պայմաններում մեկուսանալը նշանակում ա, որ դու ինքնասպանության գնաս, որովհետև էս պահի դրությամբ ես գտնվում եմ մեն-մենակ, երեխեքս Ռուսաստանի Դաշնությունում են գտնվում, ամուսինս էլ մահացած է: Ինձ համար մի հատ հաց ո՞վ ա առնելու, որ բերի, ես ուտեմ: Ոստիկանությունն ինձ զանգել է, տեղեկացրել է, որ ես հանկարծ ու հանկարծ տնից դուրս չգամ: Էս նույն բաները ես իրան եմ ասել, ասում ա` դա մեզ չի վերաբերում»:

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն «Ազատության» ասաց՝ բոլոր մեկուսացածները բժիշկների մշտական հսկողության տակ են։ Պնդեց, որ մարզում կան անհրաժեշտ քանակության թեստեր, և դիմողներն ըստ բժշկական ցուցումի պարտադիր թեստավորվում են.- «Բացի այն, որ կապ են հաստատում և օրը երկու անգամ պետք է հեռախոսազրույց ունեն, բացի դա մենք բոլորի հետհեռախոսակապի միջոցով ճշտում ենք` կարիք ունեն սննդի, և ունենք փաթեթ, որը տրամադրվում է: Մեր աշխատակիցները կամավորների միջոցով նաև դրամադրում են նաև սննդի փաթեթներ, որպեսզի իրենց բնակարանից դուրս գալու հարցն էլ կարգավորենք և մեղմենք: Եվ մի քանի օրվա ընթացքում այդ զանգերը կկատարենք»:

«Գլորիա» ֆաբրիկան փակվեց հունիսի երեքին` աշխատակիցների շրջանում կորոնավիրուսի տարածման պատճառով։ Ամեն օր վարակվածների թիվը տասնյակների է հասնում։ Ֆաբրիկան փակվեց այն բանից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց աշխատողներին տեղափոխող ավտոբուսի լուսանկարը, որտեղ ուղևորները չէին պահպանել անհրաժեշտ կանոնները։ Տնօրեն Բագրատ Դարբինյանը ևս թեստավորվել է։ Պատասխանը բացասական է եղել։

XS
SM
MD
LG