Մատչելիության հղումներ

Կանչերի կեսից ավելին կորոնավիրուսի դեպքերն են, հայտնում է շտապօգնության տնօրենը


Կանչերի կեսից ավելին կորոնավիրուսի դեպքերն են, «Ազատության» հետ զրույցում հայտնեց շտապօգնության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից մի հատված.

Թագուհի Ստեփանյան. - Բավականին ծանրաբեռնված ենք աշխատում և ունենք շատ կանչեր, մեր կանչերի թիվը բավականին բարձր է այսօրվա դրությամբ և, բնականաբար, բավականին լարված է աշխատանքը:

«Ազատություն». - Եթե թվերով խոսենք՝ մեկ ամիս առաջ մոտավորապես օրական միջինը 650 կանչ է եղել, հիմա ի՞նչ պատկեր ունեք:

Թագուհի Ստեփանյան. - Մեկ ամիս առաջ ի զարմանս մեզ կանչերի թիվը բավականին իջել էր, որովհետև նույն հունվար-փետրվար ամիսներին մեր մոտ գրանցվում էր մինչ 900 կանչ օրական: Մայիս ամսին մենք ունեցանք զարմանալի մի թիվ՝ 500, 550, 600 օրական, բայց այսօր իսկապես կանչերի թիվը շատ է բարձրացել: Օրինակ՝ եթե խոսենք հունիսի 6-ի մասին, մենք ունեցանք 1025 կանչ, երեկ, օրինակ, ունեցել ենք 803 կանչ: Այսինքն 900-950 կարգի է, եթե միջինով հաշվենք, վերջին օրերին՝ հունիսի 1-ից սկսած:

«Ազատություն». - Տիկին Ստեփանյան, դրա մեծ մասը կորոնավիրուսի կասկածնե՞րն են:

Թագուհի Ստեփանյան. - Այո, եթե մինչ այդ մենք չէինք խոսում դրա մասին, և միշտ առաջին տեղը զբաղեցնում էին սիրտանոթային հիվանդությունները, այսօր իսկապես հիմնականում մենք սպասարկում ենք Covid-ով հիվանդներին՝ տեղափոխելով հիվանդանոց, հիվանդանոցից՝ տուն: Հիմնական մասը՝ կանչերի 50 տոկոսից ավելին, Covid-ով հիվանդների կանչերն են:

«Ազատություն». - Ձեր ներուժը բավարարո՞ւմ է հիմա՝ սպասարկելու բոլոր կանչերը:

Թագուհի Ստեփանյան. - Մեր ներուժը բավարարում է, ուղղակի մեզ մոտ հիմա էն հիմնական մնացած կանչերը, որոնք որ Covid-ով հիվանդների կանչերը չեն, լինում է այնպես, որ մի փոքր ուշանում ենք: Խնդրում եմ՝ մի փոքր ըմբռնումով մոտենան բոլորը, որովհետև յուրաքանչյուր նման կանչ սպասարկելիս՝ Covid-ով հիվանդի, այնուհետև մենք մի հատ ժամանակ պետք է ունենանք, որ ախտահանվի ամբողջ մեքենան, անձնակազմի շորերը և այլն:

«Ազատություն». - Դեռ այն վիճակը չէ՞, որ ասենք ոչ պակաս կարևոր ահազանգեր, ինսուլտ, ինֆարկտ և այլն, երբ շտապ բուժօգնությունը շատ կարևոր է, կարող է կյանք փրկել, դեռ չհասցնեք սպասարկել:

Թագուհի Ստեփանյան. - Մենք աշխատում ենք անկախ ամեն ինչից առաջնային սպասարկել նման կանչերը, որովհետև եթե դա առկա է, և գանգատները համապատասխանում են ինֆարկտին կամ ինսուլտին, մենք առաջնային աշխատում ենք սպասարկել այդ կանչը, հետո նոր արդեն Covid-ով հիվանդի տեղափոխումը:

«Ազատություն». - Տիկին Ստեփանյան, իսկ տներում, տեղում թեստեր արվո՞ւմ են, շտապօգնությունը նման ծառայություն իրականացնո՞ւմ է:

Թագուհի Ստեփանյան. - Չէ, շտապօգնության ծառայությունը դրանով չի զբաղվում, ուղղակի Երևանի քաղաքապետարանի պոլիկլինիկաներին մենք տրամադրում ենք մեքենա, և այդ մեքենայում աշխատում են պոլիկլինիկաներից ներգրավված բուժքույրերը, ովքեր նմուշառում են կատարում այն հիվանդներին, ովքեր մնացել են տանը:

«Ազատություն». - Մեկ ամիս առաջ շտապօգնության ծառյության 12 աշխատակից արդեն վարակված էր, այսօր ի՞նչ պատկեր է:

Թագուհի Ստեփանյան. - Դե այդ 12-ից համարյա բոլորը ապաքինված են: Այսօր ևս ունենք մի քանի դեպքեր, բայց իրավիճակը վերահսկելի է: Ընդհանուրը մետ 5-6 հոգի են, նվազել է:

«Ազատություն». - Իսկ նրանց փոխարինող պահուստային բազա ունե՞ք, որովհետև վարակվելը նշանակում է մեկուսանալ, չգալ աշխատանքի:

Թագուհի Ստեփանյան. - Այո, մենք ունենք համապատասխան անձնակազմ, ովքեր փոխարինում են:

«Ազատություն». - Իսկ պաշտպանիչ միջոցները բավարարո՞ւմ են վարորդների, բժիշկների համար:

Թագուհի Ստեփանյան. - Դեռ մարտի 1-ից սկսած ձեռք բերեցինք բոլոր այն անհրաժեշտ միջոցները, որոնց օգնությամբ մենք կարող ենք պաշտպանել մեր անձնակազմը: Այսօրվա դրությամբ նման խնդիր չունենք:

Հարցազրույցն ամբողջությամբ այստեղ.

XS
SM
MD
LG