Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսով հիվանդներին պատրաստ են սպասարկել «Նաիրի» ԲԿ-ն, ԵՊԲՀ 1-ին հիվանդանոցը


Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին այսուհետ կընդունեն նաև մի քանի այլ բժշկական կենտրոններ։ Մինչ այս հիվանդները բուժումը կազմակերպում էին հայաստանյան 9 հիվանդանոցներում։ Այժմ, ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ևս 350 մահճակալ կավելանա։

Մարտունու բժշկական կենտրոնի տնօրեն Անդրանիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնի շենքային պայմանները թույլ են տալիս, որպեսզի այստեղ ևս ընդունեն Covid-19-ով հիվանդներին։ Ասաց՝ 3 օրում կենտրոնը պետք է արդեն իսկ պատրաստ լինի։

«30 սովորական, 10 ինտենսիվ թերապիայի համար», - ասաց Հարությունյանը։

Կորոնավիրուսով վարակվածների թվի աճի պատճառով՝ որոշվել է Վեդի բժշկական կենտրոնը ևս վերապրոֆիլավորել։ Բժշկական կենտրոնից փոխանցեցին՝ այս պահին աշխատանքներ են տարվում, 2 օրից պատրաստ կլինեն ընդունել մինչև 100 հիվանդի։ Covid-19-ով հիվանդներին առաջիկայում կարող է ընդունել նաև Դիլիջանի ԲԿ-ն։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտարարեց նաև, որ «Արմենիա» ԲԿ-ն ևս կներգրավվի աշխատանքներում։

Հերացու անվան առաջին համալսարանական հիվանդանոցի պատասխանատուների պնդմամբ՝ կորոնավիրուսով վարակվածներին պատրաստ են եղել ընդունելու դեռ մարտի 25-ից։ Այստեղ շուրջ 30 մահճակալ է ավելացվել, այդ թվում՝ ռեանիմացիոն մահճակալներ։

Ռեանիմատոլոգ Իրինա Մալխասյանը ներկայացրեց պայմանները. «Բոլոր մահճակալների մոտ թթվածնի կետեր, բոլոր մահճակալները հագեցված են իրենց կարդիոմոնիտորներով բազմաֆունկցիոնալ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել շնչառությունը, սրտի աշխատանքը, ջերմությունը, որտեղ աշխատում են ռեանիմացիոն քույրեր և բժշկներ»:

Այս հիվանդանոցում այժմ սպասարկվում են միայն թեստավորման փուլում գտնվող քաղաքացիները, որոնք ունեն թեթև, միջին կամ ծանր առողջական վիճակ։ Մալխասյանի փոխանցմամբ, այս ամիսներին սպասարկել են ավելի քան 250 քաղաքացու, որոնց մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն «Ազատությանը» փոխանցեց՝ հիվանդանոցի հագեցվածության մասին իրենք պատասխանատու գերատեսչություններին պարբերաբար տեղեկացրել են։

«Եթե ավելի լավ է մարդը տանը մնա առանց բուժօգնության, թե համալսարանական հմուտ մասնագետների ձեռքում, ես էստեղ կարծում եմ՝ բոլորիս պատասխանը մեկն է», - նշեց Դանիելյանը։

«Նաիրի» բժշկական կենտրոնը ևս պատրաստ է ընդունել կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին, «Ազատության» հետ զրույցում ասաց բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին, նշելով, որ ունեն բոլոր անհրաժեշտ պայմանները։

«Մենք ունենք մի հատ պալատ, որը հատուկ նախատեսված է Covid-ով հիվանդների համար, որտեղ կա հնարավորություն 4-6 հիվանդ ընդունելու՝ արհեստական շնչառությունով: Եթե կարիքը լինի, եթե աշխատենք Covid-ի վրա մենակ, մենք կարող ենք ընդհանրապես 8 դարձնել կամ 10: Մեզանից նախարարությունը խնդրել է ընդամենը 10 տոկոսը, դրա համար մենք ունենք 4-6 տեղ վերակենդանացման բաժանմունքում այս պահի համար, որը կարող ենք ընդլայնել, և ունենք մոտավորապես 7-8 պալատ ռեանիմացիոն բաժանմունքից դուրս այն հիվանդների, որոնք ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կարիքը չունեն», - հայտնեց Գնունին

«Նաիրի» ԲԿ-ի տնօրենն ասաց՝ դեռ մայիսին նախարարությունից հրաման են ստացել, որպեսզի 10 տոկոս մահճակալային ֆոնդից տրամադրեն Covid-ով հիվանդներին:

«Եթե կա անհրաժեշտությունը, մեզ նախարարությունը թող տեղյակ պահի, մենք էլ նման ձևի հիվանդներին պատրաստվենք ընդունելու», - ասաց Անատոլի Գնունին:

Ինչո՞ւ կառավարությունը մասնավոր բուժհաստատություններին նախապես չի առաջարկել հնարավորության դեպքում միանալ Covid-19-ի դեմ պայքարին և միայն վերջին մի քանի օրերին են այդ առաջարկությունը ուղարկել, այս հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց այն մասնավոր հիվանդանոցների անունները, որոնք ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես նաև հավելեց. «Կառավարությունը, Առողջապահության նախարարությունն այս հարցը դիտարկելիս շատ կարևոր է համարում, որ մյուս առողջապահական հատվածները, բաժինները, հնարավորինս մեկուսացված լինեն կորոնավիրուսային բաժիններից, որպեսզի հիվանդների շրջանում վարակը չտարածվի»:

Վարչապետի խոսքով՝ Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնների հնարավորությունները գույքագրել է ու ըստ անհրաժեշտության կայացրել է որոշում։

XS
SM
MD
LG