Մատչելիության հղումներ

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 7 միլիոնը, բուժվածներինը՝ 3,1 միլիոնը, մահացել է մոտ 403 հազար մարդ


Թայլանդ - Կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութ, որը դեռ պետք է փորձարկումներ անցնի, մայիս, 2020թ.
Թայլանդ - Կորոնավիրուսի դեմ մշակված պատվաստանյութ, որը դեռ պետք է փորձարկումներ անցնի, մայիս, 2020թ.

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի համավարակի զոհերի թիվը մոտենում է 403 հազարին, վարակվածների թիվը գերազանցել է 7 միլիոն 15 հազարը, բուժվածներինը՝ 3 միլիոն 142 հազարը, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Բրազիլիան, որը վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղում է ԱՄՆ-ից հետո, փակել է կորոնավիրուսի վերաբերյալ վիճակագրության մի մասը: Մասնավորապես, ըստ Reuters-ի, երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թվի մասին տեղեկություններն այլևս չեն հրապարակվում: Նաև Առողջապահության նախարարության կայքէջից անհետացել են շրջաններում COVID-19-ի տարածման վերաբերյալ տվյալները և արխիվային տեղեկատվությունը:

«Ամփոփ վիճակագրությունը չի արտացոլում երկրի ներկայիս իրավիճակը», - Թվիթերում գրել է Բրազիլիայի նախագահը, հավելելով, որ միջոցներ են ձեռնարկվում՝ ապահովելու ավելի ճշգրիտ վիճակագրական տվյալներ նոր և արդեն առկա դեպքերի վերաբերյալ:

Ժաիր Բոլսոնարուն բազմիցս է հայտարարել, որ կորոնավիրուսային վարակի ռիսկը չափազանցված է, քննադատել նահանգապետներին սահմանափակումներ կիրառելու համար, ցուցադրաբար անտեսել Առողջապահության նախարարության խորհուրդները և հանրային հանդիպումներ անցկացրել իր կողմնակիցների հետ: Ապրիլի կեսերին Բոլսոնարուն աշխատանքից հեռացրեց առողջապահության նախարարին, ով պնդում էր, որ հարկավոր է կոշտ սահմանափակումներ կիրառել COVID-19-ի տարածումը կանխելու համար:

Մեծ Բրիտանիայում սկսում է գերծել երկշաբաթյա կարանտին երկիր ժամանող բոլոր անձանց համար: Պետք է լրացնել հարցաթերթիկ՝ նշելով կոնտակտային տվյալները և այն վայրը, որտեղ անձը մտադիր է ինքնամեկուսանալ:

Երեկ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մինչև հուլիսի 1-ը ծրագրված փուլային մեղմացման ժամանակացույցը կարող է հայտարարվել արդեն այսօր: Ըստ նրա՝ սահմանափակումների մեծ մասը կհանվի: Սոբյանին խոսքով, սակայն, դեռ չի նախատեսվում բացել մարզական ակումբները և թույլատրել հանրային միջոցառումները: Ռուսաստանում նոր դեպքերի թվի նվազում դեռ չի նկատվում:

XS
SM
MD
LG