Մատչելիության հղումներ

Վանաձորի «Գլորիա» և «Սարտոն» կարի ֆաբրիկաներն այսօր վերսկսեցին աշխատանքը


Երեկ պարետատունը թույլատրել է այս ընկերություններին աշխատել՝ պայմանով, որ պահպանեն հակահամաճարակային անհրաժեշտ պահանջները։

Ֆաբրիկաների ղեկավարները դիմել էին պարետին՝ արտադրությունը վերսկսելու թույլտվություն ստանալու համար։ Երկու ընկերությունները միասին շուրջ 3000 աշխատատեղ ունեն։

«Ախտահանումը քլորաջրով օրական երկու անգամ անում ենք արտադրամասերը։ Դրանից հետո դիմակներն ենք բաժանում ենք, կարում ենք տանք իրանց, սպիրտային հեղուկները տեղադրել ենք, որ ձեռքերը ով ինչքան ուզենա, մաքրի, ու ձեռքի չորանոցներ ենք դրել», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանը։

2600 աշխատատեղ ունեցող «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներն այսօր «Ազատությանն» ասում էին, որ անհնար է աշխատանքի ընթացքում մշտապես կրել պաշտպանիչ դիմակ և ձեռնոցներ, բայց նշում էին, որ հաճախակի ախտահանում են ձեռքերն ու փորձում զգուշություն պահպանել վարակի տարածումը բացառելու համար։

Ֆաբրիկայի ղեկավարը մինչդեռ ասաց, որ պահանջելու է աշխատակիցներից՝ կրել պաշտպանիչ միջոցները։

Չնայած հասարակական տրանսպորտի գործունեությունը դեռևս արգելված է, բայց աշխատակիցների հիմնական մասը Վանաձորի տարբեր թաղամասերից, ինչպես նաև հարակից համայնքներից ընկերությանը պատկանող ավտոբուսներով է ֆաբրիկա հասնում։

Տնօրեն Բագրատ Դարբինյանը պարետին խոստացել է օրական երկու անգամ ախտահանել նաև ավտոբուսները։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Գլորիա» ֆաբրիկան առանց պարետի թույլտվության վերսկսել էր արտադրությունը։ Աշխատատեղը լքելու ոստիկանների հորդորներին ի պատասխան, աշխատակիցներն ասում էին, որ տանը նստելով չեն կարողանում լուծել ընտանիքի սոցիալական խնդիրները։

Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ապրիլի 21-ին ֆաբրիկայի 9 աշխատակցի՝ այդ թվում սեփականատիրոջ, նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն են կազմել։ Վարչական վարույթները դեռևս ընթացքի մեջ են։

Ֆաբրիկայի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ասաց, որ բողոքարկելու են իրավապահների որոշումները՝ եթե դրանք հասնեն տուգանքի․ - «Փաստաբանի եմ փոխանցել փաստաթղթերը, որ մեր շահերը պաշտպանի։ Ոչ միայն դատի կտանք, այլ վարչապետին էլ ենք դիմելու»։

Նշենք, որ Դարբինյանը, կարող բանվորներին դիմելով, չէր բացառում, որ աշխատելու դեպքում հնարավոր են նաև կորոնավիրուսով վարակվելու դեպքեր։ «Հիստերիայի մեջ ընկնել պետք չէ, կվարակվենք՝ կառողջանանք», - ասում էր նա։ - «2600 մարդ ա, հիմա էնքան խիստ ա տարածված, հնարավոր ա մեկը հիվանդանա։ Ո՛չ ես կարամ գարանտիա տամ, ո՛չ ոչ մեկը։ Պիտի դուք էդքանին էլ պատրաստ լինեք»։

XS
SM
MD
LG