Մատչելիության հղումներ

Արտաշատի ԲԿ բժիշկ. Որքան էլ ծանր ու դժվար լինի, բուժաշխատողները չեն նահանջելու


Այս ամենը տեղի է ունենում, քանի որ հակամահաճարակային կանոնները համատարած և զանգվածային կերպով չեն պահպանվում, պարետատան նիստից հետո հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 դեպք:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց` շարունակվում են հրապարակվել համատարած խախտումների լուսանկարները համացանցում, սակայն սա նաև հրապարակողների նկատմամբ քննադատություն է արժանացնում: «Հանրային վերահսկողության հարթակը ոչ թե մարդկանց մեղադրելու, դատապարտելու համար է, այլ մեր պրոբլեմը հասկանալու, ընդ որում հնարավորինս խորին հասկանալու»,- նկատեց նա:

Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը տեղեկացրեց, որ վերջին շրջանում ավելացել է ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը, ինչի պատճառը, ըստ նրա, բոլորիս անզգուշության, անփութության, ըմբոստության մեջ է: Նա հիշեցրեց հայտնի խոսքը. «Իմ դիմակը փրկում է քեզ, իսկ քոնը ինձ»: «Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեզ համար, և մենք վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին, սիրելի հայրենակիցներ, դուք էլ մեզ համար պայքարեք, և մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին»,- ասաց նա:

Վերջինս ևս մեկ անգամ կոչ արեց պահպանել պարետատան սահմանած կանոնները` նկատելով, որ դրանք ոչ թե պարետի կանոններն են, այլ կյանքի այս փուլում անհրաժեշտ կանոններն են.- «Որքան էլ ծանր լինի, որքան էլ դժվար լինի, բուժաշխատողները և բժիշկները ոչ մի քայլ հետ չեն գնալու և չեն նահանջելու հիվանդությանը, ուստի այս պայքարում մենք միասին ենք հաղթելու: Առո՛ղջ եղեք»:

XS
SM
MD
LG