Այսօր Եվրոպական անվտանգության թիմի առցանց նիստին մասնակցել են ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները՝ կոմիտեի նախագահի գլխավորությամբ, ինչպես նաև «Ատլանտիս Յուրոփիան Էյրվեյզ», «ԱՐՄԵՆԻԱ» Էյրվեյզ», «Ավիակոմպանիա Արմենիա», «Ատլանտիս Արմենիան Էյրլայնզ», «Արմենիան Հելիքոփթերս» և «Սքայբոլ» օդանավ շահագործողի վկայական կրող ընկերությունների ներկայացուցիչները։
Ինչպես հայտնում են Քաղավիացիայի կոմիտեից, հայկական կողմը համապարփակ կերպով ներկայացրել է ՀՀ-ում թռիչքային անվտանգության ոլորտում իրավիճակը, նշանակալի փոփոխությունները, նախորդ տարվա նոյեմբեր ամսվա լսումներից հետո կատարված հստակ քայլերը և հետագա կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունները։
Նշենք, որ ժամանակավորապես սահմանափակվել էին թվով 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը (բացառությամբ քաղաքացիների տարհանման, մարդասիրական և բժշկական նպատակներով իրականացվող թռիչքները)։
Կոմիտեն հորդորել է EASA-ին վերանայել 2 ավիաընկերությունների՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ:
Ըստ Եվրոպական Միության գործընկերների հայտարարության՝ վերջնական զեկույցը նախատեսվում է տրամադրել կոմիտեին այս ամսվա վերջին: