Մատչելիության հղումներ

Դատարանը մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը


Ռուբեն Հայրապետյանը, արխիվ
Ռուբեն Հայրապետյանը, արխիվ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ա. Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժել է Ռուբեն Հայրապետյանի որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Հայրապետյանների փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Այսօր Ռաֆիկ Հայրապետյանի ազատությունից զրկվելը հնարավոր չդարձավ միայն այն պատճառով, որ նրան մեղսագրված արարքներից միայն մեկով հաստատվեց հիմնավոր կասկածը, և հաշվի առնելով, որ նա ունի երկու անչափահաս երեխա, հիմք ընդունելով 2018 թվականի համաներում հայտարարելու մասին օրենքի պահանջները՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանն, առաջնորդվելով Վճռաբեկ դատարանի հանրահայտ որոշման պահանջներով, կայացրեց միակ հնարավոր օրինական որոշումը՝ մերժելով կալանավորման միջնորդությունը: Այս իրավիճակում դատարանը չէր էլ կարող անդրադառնալ կալանավորման հիմքերին՝ այն հարցին, որ Ռաֆիկ Հայրապետյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Համոզված եմ, որ ամեն ինչ առջևում է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մակինյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին ու նրա որդուն որպես մեղադրյալ քրեական գործում ներգրավելու որոշում է կայացվել նախորդ շաբաթ։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է, որ Հայրապետյանի կազմակերպմամբ իր ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարն ազատությունից ապօրինի զրկվել ու շուրջ 22 օր պահվել է «Հարսնաքարում»՝ ենթարկվելով ծեծի ու նվաստացումների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG