Մատչելիության հղումներ

Ինքնամեկուսացվածների հսկողությունն իրականացվում է երկու համակարգերի միջոցով


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյան
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյան

100-250 հազար դրամ վարչական տուգանք կկիրառվի բոլոր ինքնամեկուսացվածների նկատմամբ, ովքեր խախտում են ինքնամեկուսացման կանոնները:

Ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու համար նախատեսված է նաև պատասխանատվություն Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով. երբ սահմանափակումները խախտելն առաջացնում է, օրինակ, մեկ կամ մի քանի անձի վարակում, վարակելու արդյունքում մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ մարդու մահ, կարող է պատժվել տուգանքով՝ առավելագույնը 700 հազար դրամի չափով, կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով, ազատազրկմամբ՝ առավելագույնը 4 տարի ժամկետով։

Սա վերահսկելու համար արդեն մեկ շաբաթ է, ինչ ստեղծվել են շրջիկ խմբեր։ Յուրաքանչյուր խմբում ներգրավված է բժիշկ, ոստիկան և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակից։ Բժիշկը շրջայցերին չի մասնակցում, սակայն կապի մեջ է լինում մյուս երկու աշխատակիցների և ինքնամեկուսացվածների հետ։

Վերահսկողությունը, ըստ պարետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանի, իրականացվում է երկու համակարգերի միջոցով. - «Պարբերաբար հաղորդագրության միջոցով պետք է պատասխանեն, ինքնալուսանկարվեն, և իրենց տեղադիրքի մասին տեղեկատվություն է հաղորդվում, հետևաբար մենք պարբերականությամբ իմանում ենք ինքը տնից դուրս ա եկել, թե չէ: Եթե դուրս ա եկել, ապա համապատասխան ավտոմատ հաղորդագրությունը փոխանցվում ա Ոստիկանության և ԱԻՆ-ի այդ շրջիկ խմբերին: Մյուսը ալեհավաքների միջոցով համակարգն է, որը էլի դուրս գալու դեպքում համապատասխան հաղորդագրություն է ուղարկում Ոստիկանության և ԱԻՆ շրջիկ աշխատակիցներին: Եթե տեսնում ենք, որ մարդը, այնուամենայնիվ, հորդորները չի լսում, իրա ինքնագիտակցությունը էդքան բարձր չի, ինքը ուզում ա վարակի իրա հարազատներին և հասարակությանը, էդ մարդկանց ստիպված ենք լինելու տեղափոխել մեկուսացման վայր»:

Շրջիկ խմբերը ստանում են ցանկ, թե տվյալ շրջանում այդ օրը քանի ինքնամեկուսացված կա։ Վերջիններս նաև բաժանված են ըստ առաջնահերթության՝ օրինակ, հիվանդներ, բջջային հեռախոսից օգտվելու հնարավորություն չունեցողներ։

Շրջիկ խմբերն առնվազն մեկ անգամ այցելում են մեկուսացած քաղաքացուն. – «Տուն չեն մտնում: Պատուհանից, հեռվից, դռան մոտից զանգի միջոցով համոզվում են, խնդրում եմ՝ դուրս եկեք, տեսնենք դուք տանն եք, թե չէ: Էս ընթացքում նաև մենք ֆիքսում ենք ոստիկանի տեղադիրքը, այսինքն` նաև մենք վերահսկողների վերահսկողության համակարգեր ունենք թե' Ոստիկանության, թե' Առողջապահության նախարարության աշխատակիցների նկատմամբ, որպեսզի իրականացնենք պատշաճ աշխատանք: Ներքին վերահսկողության միջոցով մենք ֆիքսում ենք, որ ոստիկանը այցելել է էդ հասցեն: Եթե տեղում է, ֆիքսում է, անցնում է հաջորդ հասցեին: Եթե տեղում չէ, լրացուցիչ պատուհան է իրա մոտ բացվում` համապատասխան արձանագրություն գրելու, լուսանկարելու, ուղարկելու ընդհանուր համակարգին»:

Ինքնամեկուսացվածների հիմնական մասը Երևանում է կենտրոնացված։ Ըստ Բադալյանի, առաջիկայում նրանց թիվը կանցնի հինգ հազարից:

Շրջիկ խմբերի անհրաժեշտության մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր խոսել` նշելով, որ այսուհետ՝ հիվանդանոցներում մնալու են միայն այն հիվանդները, որոնք առավել շատ բուժօգնություն ստանալու կարիք ունեն, իսկ ասիմպտոմ բոլոր հիվանդներին առաջարկվելու է բուժվել տանը:

«Մեզ համար կարևոր է բոլորի աջակցությունը, որովհետև եթե մեր ինքնամեկուսացված քաղաքացիները լքեն իրենց ինքնամեկուսացման վայրերը, վտանգվում ենք մենք բոլորս` նրանց հարևանները, նրանց բակի բնակիչները, այն խանութը, որտեղից նրանք առևտուր են անում: Եվ հաշվի առնելով, որ մենք այլևս դրական ասիմպտոմ դեպքերին չենք մեկուսացնում, ինչպես հիմա, մենք պետք ա առավել աչալուրջ լինենք, որպեսզի նման խախտումներ տեղի չունենան»:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մեկ այլ՝ քաղաքացիների տեղաշարժն ու հեռախոսազանգերի շրջանակը արձանագրող համակարգի միջոցով մեկուկես ամսվա ընթացքում հայտնաբերվել է 2500 վարակակրի 20 հազար կոնտակտավոր։

«Հարցազրույցի արդյունքում ինքնամեկուսացվել ա 700-ից ավելի մարդ, 93-ը հետագայում դրական թեստի արդյունք է ունեցել», - փոխանցեց պարետի խորհրդականը:

XS
SM
MD
LG