Մի քանի օրից կորոնավիրուսային հիվանդության թեստի դրական արդյունքով հարյուրավոր քաղաքացիներ, որոնք չունեն ախտանշաններ կամ ունեն շատ թեթև, մեկուսացման վայրերից վերադառնալու են տուն, իսկ նոր ախտորոշված քաղաքացիները չեն մեկուսացվելու հյուրանոցներում կամ հիվանդանոցներում: Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Իր ֆեյսբուքյան էջում դիմելով քաղաքային պոլիկլինիկաների, գյուղական ամբուլատորիաների և առողջության կենտրոնների բուժաշխատողներին` նա գրել է. «Նրանց տնային հսկողությունը ընկնելու է ձեր բոլորի ուսերին, ինչպես նախկինում թեթև ախտանշաններ ունեցող սուր շնչառական վարակներով մեր քաղաքացիների հսկողությունն է:
Այս փոփոխությունը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջինը՝ դրական ախտորոշում ունեցող քաղաքացիների թիվն է, որն օրեցօր աճում է, իսկ երկրորդը՝ անախտանիշ դեպքերի վարման ռազմավարության փոփոխությունն է` մահճակալների և այլ ռեսուրսների օպտիմալ օգտագործման տեսանկյունից»:
Արսեն Թորոսյանի խոսքով` ռազմավարության այս փոփոխությունը սահուն իրականացնելու համար Առողջապահության ազգային ինստիտուտն իրականացնելու է կովիդ-դրական պացիենտների տնային պայմաններում վարման ընթացակարգերի լայնածավալ հեռավար դասընթացներ։
«ԱԱՊ օղակի և հիվանդանոցային համակարգի կապը օպերատիվ կերպով պահելու համար ՀՀ ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հիմնվելու է բժիշկների համար նախատեսված զանգերի կենտրոն, որտեղ կորոնավիրուսային հիվանդության բուժման ավելի մեծ փորձ ունեցող բժիշկ-մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն իրենց գործընկերներին թե՛ մեթոդական հարցերի, թե՛ կոնկրետ պացիենտների վերաբերյալ»,- գրել է նախարարը: