Վերջին շրջանում նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման տեմպերը դարձել են խիստ անհանգստացնող: Չորեքշաբթի երեկոյան կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստի մեկնարկին այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մտավախություն հայտնելով, որ եթե կորոնավիրուսի տարածման առկա տեմպը պահպանվի, տնտեսական գործունեության հիմնական տեսակները թույլատրելու մարտավարությունը հնարավոր է վերանայվի:
Հաշվարկները ցույց են տալիս, որ եթե ոչինչ չփոխվի, մայիսի վերջին հնարավոր է հիվանդների թիվը հասնի 10 հազարի, իսկ հունիսի կեսերին՝ արդեն 20 հազարի: Թեև հիմնական մարտավարությունը կորոնավիրուսի հետ և զուգահեռ ապրել ու տնտեսական ակտիվությունը պահպանել սովորելն է, սակայն բացառված չէ, որ դարձյալ կարանտինային խիստ ռեժիմի վերադառնալու անհրաժեշտություն լինի:
«Մեր մարտավարությունը և ռազմավարությունը ընդհանուր առմամբ եղել է հետևյալը՝ սովորել ապրել բնականոն կյանքով, կամ շատ թե քիչ բնականոն կյանքով, կամ հնարավոր ամենաբնականոն կյանքով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Բայց, բնականաբար, սա ասելով՝ նկատի ենք ունենում, որ կարողանալ իրավիճակը կառավարել այնպես, որ սահմանափակումներից ետքայլ անելուց հետո կրկին անհրաժեշտություն չլինի վերադառնալ նախկինում կիրառված սահմանափակումների», - ասել է վարչապետը՝ շարունակելով. - «Եվ այսօրվա մեր արձանագրումը հենց այդ է, որ, ցավոք սրտի, մենք վստահ չենք, որ առկա տեմպը պահպանվելու դեպքում մենք կկարողանանք պահել այս մարտավարությունը, բայց մեր հիմնական խնդիրը շարունակում է մնալ հենց դա՝ սովորել, շարունակել սովորել ապրել կորոնավիրուսի պայմաններում և կորոնավիրուսի տարածումը վերցնել խստագույն հսկողության տակ»:
Ինչ վերաբերում է այլ երկրների հետ զուգահեռներին՝ Փաշինյանը նշում է, որ գուցե այլ երկրներում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելի քիչ է, սակայն փոխարենը՝ տնտեսական ցուցանիշներն են ավելի վատ: Իրենք փորձում են հավասարակշռել քայլերը՝ առողջապահական և տնտեսական կոլապսից խուսափելու համար:
Համացանցում այս օրերին հատկապես քննարկվում են Վրաստանի ցուցանիշները՝ այդ երկրում պաշտոնապես 713 դեպք է հայտնաբերվել՝ 12 մահվան ելքով:
«Կարևոր եմ համարում արձանագրել, որ կորոնավիրուսի արդյունքում կամ կորոնավիրուսի այս ճգնաժամի ընթացքում մեզ հաջողվել է պահել գնաճի ըստ էության մինիմալ շեմ, մեր ֆինանսական շուկան ցնցումների չի ենթարկվել: Եվ սա ասում եմ՝ արձանագրելու համար, որ, այո, կան երկրներ, որտեղ զուտ համավարակի թվային տրամաբանության իմաստով շատ ավելի լավ իրավիճակ է, բայց, մյուս կողմից, պլանավորվածը մի քանի անգամ գերազանցող գնաճ կա, ցնցումներ են արձանագրվում տնտեսական, ֆինանսատնտեսական շուկայում», - ընդգծել է Հայաստանի կառավարության ղեկավարը:
Օրերս առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ առանց ախտանշանների հիվանդներին այլևս չեն պահելու հիվանդանոցներում և ուղարկելու են տուն բուժվելու: Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասում է՝ ստիպված են այդ քայլին գնում. հիվանդանոցներում տեղերը սահմանափակ են, իսկ հիվանդների թիվն աճում է:
«Եվ հիվանդանոցային պայմաններում բուժվում են այն անձինք, ովքեր ունեն գանգատներ, սիմպտոմներ, և, բնականաբար, ովքեր որ ծանր են», - «Ազատության» հետ զրույցում նշեց Զեյնալյանը:
Իսկ ինչպե՞ս է վերահսկվելու, որ ինքնամեկուսացման ուղարկված վարակակիրները հետևեն բոլոր ցուցումներին: «Ամեն ինչ պետք չի վերագրել վերահսկողությանը և այն մտահանգման գալ, որ պարտադիր պետք է վերահսկել: Էստեղ շատ կարևոր է յուրաքանչյուրիս զգոնությունը, յուրաքանչյուրիս լուրջ վերաբերմունքը, լուրջ մոտեցումը իրավիճակին, և սահմանափակումները վերացնելու պարագայում և՛ շփումներն են ավելանում, և՛ քաղաքային տրանսպորտ, մարդիկ աշխատանքի են գնում, և այլն, և այս պայմաններում զգոնությունը և անձնական պատասխանատվությունը պիտի լինի ամենաբարձր մակարդակի վրա, որպեսզի կարողանանք համատեղ իրավիճակից դուրս գալ և հաղթահարել այս վիճակը: Այլապես միայն վերահսկողություն իրականացնելով, միայն տուգանելով, միայն բռնելով հարցը չի լուծվի», - շեշտեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: