Կարի արտադրամասից Ծաղկաձորի մեկուսարան, ապա՝ Օրթոպեդիայի կենտրոն, հետո էլ՝ Նորքի ինֆեկցիոն՝ արդեն թոքաբորբով ու բարդացած շնչառությամբ։ Արարատի մարզի բնակչուհի Աննա Բաբայանի [անունը փոխված է. - խմբ.] խոսքով՝ մոտ մեկ ամիս կորոնավիրուսից բուժվելու ընթացքում ու դրանից հետո միակ մխիթարանք այն է, որ ընտանիքի անդամներին չէր վարակել։
«Ամսի 16-ին ինձ զանգում են, հարցնում են, որ «Դուք էսինչ մա՞րդն եք», ասում եմ՝ «այո», «Դուք էսինչ տե՞ղն եք աշխատում», ասեցի՝ «այո», «Դուք պատրաստ եղեք, մենք հեսա Ձեր հետևից մեքենա կուղարկենք շտապօգնության, Ձեզ կմեկուսացնեն», - «Ազատությանը» պատմեց կինը:
Նա անձամբ իրենց արտադրամաս այցելած իտալացու հետ չի շփվել, սակայն առանց սոցիալական հեռավորության աշխատել ու շփվել է որակը հսկող մասնագետների հետ, որոնք էլ, իրենց հերթին, աշխատել էին իտալացի մասնագետի հետ։ Այդ կարի արտադրամասից տասնյակ կանայք տեղափոխվել են մեկուսարաններ դեռ մարտին։
Աննա Բաբայանն ասում է՝ մինչև մեկուսարան տեղափոխվելը չի վարակել ընտանիքի անդամներին. - «Տանը ունենք 92 տարեկան մեծ մայրիկ՝ մեր սկեսուր մայրիկն է, ունեմ երկու երեխա, մեկ էլ՝ ամուսինս: Եկել են թեստավորել են՝ ոչ մեկի մոտ էլ ոչ մի բան»:
Արդեն Ծաղկաձորի մեկուսարանում սենյակը կիսել է գործընկերներից մեկի հետ: Վստահ չէ՝ արտադրամասո՞ւմ է վարակվել, ճանապարհի՞ն՝ Ծաղկաձոր մեկնելիս, թե՞ նույն սենյակում մեկ այլ վարակվածի հետ բնակվելիս, համենայն դեպս, մեկուսարանում նույն սենյակի երկու բնակիչներն էլ նույն օրը սկսել են ջերմել՝ Ծաղկաձոր տեղափոխվելուց 4 օր, իսկ արտադրամասում վերջին աշխատանքային օրվանից՝ 6 օր անց։ Հենց այդ ժամանակ էլ նրանց թեստավորել են, պատասխանը դրական է եղել. - «37.8, 38.5` այ էդքան է եղել, հասկանում ե՞ք, ու ամսի 23-ի իրիկունը եկավ սկոռին [շտապ բուժօգնության ավտոմեքենան]՝ մի քանի հոգի էլ կային մեր աշխատողներից էլի, մի հինգ-վեց հոգի, մեզ տեղափոխեցին Նորքի հիվանդանոց, ինձ իջեցրին, թոքերս ստուգեցին՝ թոքերս նորմալ էր, բայց ինչու էի ես ջերմում՝ հարցական էր բժշկուհու համար: Հետո մեզ էդտեղից տեղափոխեցին Օրթոպեդիկ հիվանդանոց, քանի որ, ասացին, «դուք թեթև եք տանում, ձեր մոտ սիմպտոմները թեթև են»:
Իր խոսքով՝ խրոնիկ առողջական խնդիր, մասնավորապես՝ անեմիա ունեցող Աննա Բաբայանի վիճակն օրեցոր վատացել է, զարգացել է թոքաբորբ։ Նրան վերադարձրել են Նորքի ինֆեկցիոն. - «Շունչս չէր հերիքում, ունեի հազ, այ էդ դրանից հետո սկսվեց ամեն ինչը, կոկորդիցս արդեն իջել էր թոքերիս, էն ժամանակ թոքերս մաքուր էր: Շնչառությունն էր հիմնականում, գլխացավ չեմ ունեցել, ուղղակի էնքան որ հազ ունեի շատ ահավոր: Պատկերացրեք, որ մարդ չուզենա հազի, բայց հազում ես, հազում ես, ու ահավոր վիճակ է էդ հազի ժամանակ»:
Հիվանդանոցում ստացել է հակաբորբոքային միջոցներ, այլ դեղորայք։ Ավելի քան մեկ շաբաթ կորոնավիրուսի առաջացրած թոքաբորբի դեմ բարդ պայքարից հետո աստիճանաբար սկսել է հաղթահարել հիվանդությունը։
«Ուղիղ յոթ օր ես համարյա բան չեմ կերել, համարյան ո՞րն է՝ ուզում եմ ուտեմ, բայց չի գնում, չեմ կարողանում ես, չի գնում, ախորժակ չունեի, ախորժակ չունեի, մեկ էլ հոտը չէի զգում: Բայց էդ անտիբիոտիկների վրա, արդեն տասներորդ օրը որ անցավ, ես կամաց-կամաց զգում էի: Ուտելիք էին բերում, մի բանը որ ուտում էի, արդեն զգում էի՝ էդ կծվությունը զգում էի...», - շարունակեց պատմել Բաբայանը:
Հիմնական բուժումը ստանալուց հետո Աննա Բաբայանը նորից տեղափոխվել է մեկուսարան, որտեղ անցկացրել է ևս մի քանի օր, մինչև կորոնավիրուսի թեստի պատասխանն արդեն բացասական է եղել։ Արդեն ապրիլին վերադարձել է տուն։ Ասում է՝ իր ծանոթների, համագյուղացիների շրջանում չկան մարդիկ, որոնք պնդում են, թե կորոնավիրուսը հորինված է, չկա նման հիվանդություն և այլն։ Իր տարած թոքաբորբի ու հաղթահարած դժվարությունների մասին բոլորն արդեն գիտեն։
Կարի արտադրամասում վարակված կինն ավելացնում է՝ իր ընտանիքի անդամներն այս օրերին շփումները խիստ սահմանափակել են, հասարակական վայերում դիմակ են կրում։ Ասում է՝ եթե մարդիկ իրենց մասին չեն մտածում, գոնե պետք է խղճան բուժաշխատողներին, որոնք մարտին արդեն գերհոգնած էին։
«Շատ մարդկային էին իրենք, շատ, ու իրենց ուշադրությունը, իրենց էդ տանջված, հոգնած վիճակը, իրենց էդ վազքը, որ չէին իմանում՝ որ մեկի մոտ գնան, որ, ասենք, շուտ հասցնեն, սատարում են, օգնում...», - ասաց Աննա Բաբայանը: