Մատչելիության հղումներ

Երկամսյա դադարից հետո բացվել են մանկապարտեզները


Ավելի քան երկամսյա դադարից հետո մանկապարտեզներն այսօր կրկին բացեցին դռները աշխատող ծնողների երեխաների առջև։

Նախակրթական հաստատությունների գործունեությունն իրականացվելու է պարետատան հստակ ցուցումներով․ կողմնակի անձինք մուտք գործել չեն կարող, անգամ ծնողները երեխաներին բերելիս և տանելիս շենք մտնել չեն կարողանա, պետք է պահպանվի սոցիալական հեռավորությունը, բացառվեն կուտակումները, անհրաժեշտ է ապահովել նախակրթարանների տարածքների պարբերական ախտահանումն ու օդափոխումը, աշխատողներն ու փոքրիկները օրական առնվազն երկու անգամ պետք է ջերմաչափվեն, նվազագույնի պետք է հասցվի երեխաների միջև սերտ շփումը։

Երևանի Դավթաշեն թաղամասի թիվ 62 մանկապարտեզն այսօր ընդունել է 415 սաներից 41-ին։ Հաստատության բուժաշխատող Արևիկ Գդիլյանը վստահեցրեց, որ հետևում են բոլոր պահանջներին․ - «Գծանշումները արված են ծնողների համար, որպեսզի ապահովենք սոցիալական հեռավորությունը, կատարվում է ջերմաչափում առավոտյան ընդունելության ժամանակ։ Կողմնակի անձանց մուտքը խստիվ արգելվում է»։

Այստեղ ընդգծեցին, որ բոլոր խմբերում երեխաների քանակը պակասեցվել է, ուստի հետևելը բարդ չէ։

«Ազատության» այցի ժամանակ երեխաների մի մասը ճաշում էր, մյուսներն արդեն անկողնում էին։

Երևանի կենտրոնում գործող թիվ 5 մանկապարտեզն այսօր ընդամենը 8 երեխա էր ընդունել։ Բուժքույր Գայանե Խուդոյանը վստահեցրեց, որ բոլորը ջերմաչափվել են, ամեն բան կարգին է․ - «Գծանշումները արված են ծնողների համար, որպեսզի պահեն սոցիալական հեռավորությունը։ Վերջին գիծը ծնողի և երեխայի հրաժեշտի գիծն է։ Ծնողն այդտեղ սպասում է, երեխային իր ներկայությամբ ջերմաչափել եմ ու ընդունել եմ։ Գրանցել եմ մատյանում։ Եթե առավոտյան անմիջապես ունենան ջերմություն, կուղարկենք։ Եթե ջերմությունը բարձր կլինի ընթացքում, կահազանգենք կամ ծնողին, և ասել են թեժ գիծ»։

Խուդոյանն ասաց, որ երեխաների համար շատ դժվար է միմյանց հետ չշփվելը․ - «Իրենց համար դժվար է տեսնել քիչ երեխաներ ու չշփվել մեկը մյուսի հետ»։

Փոքրիկներից մեկի մայրիկը՝ Արմինեն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ երեխային պարտեզ բերելու որոշումը դժվար չի եղել․ - «Երեխաները բոլորը բակերում լցված են իրար վրա, և երեխաներին մենք այս եղանակին չենք կարող բանտարկել տանը»։

Նա ասաց, որ կարանտինային երկու ամիսները շատ դժվար են անցկացրել, սոցիալական վատ պայմաններում։ Իսկ տանն այդքան երկար փակված մնալը բացասաբար էր ազդում երեխայի վրա։ Ուստի մանկապարտեզների վերաբացման լուրն իրենց շատ էր ուրախացրել․ - «Ես վստահ եմ, որ մանկապարտեզում [աշխատակիցները] շատ պատասխանատու են, իրենցից ընդհանրապես կասկած, վախ չունեմ»։

Տիկին Մարիաննան Շենգավիթի մանկապարտեզներից մեկից տուն էր տանում իր վեցամյա որդուն։ Նա ասաց, որ թեև անհանգստանում է որդու համար, բայց նրան մշտապես մեկուսացված պահել էլ չի ստացվում, վերջին մեկ-երկու շաբաթներին արդեն թողնում էր, որ երեխան բակ իջնի։

«Իմ կարծիքով [մանկապարտեզում] ապահովությունը կապահովվի, և ես դա տեսնում եմ։ Այստեղ երեխաները խաղում են միմյանց հետ, սովորում են», - ասաց նա։

Ի դեպ, երեխաներին տուն ուղարկելիս դաստիարակները ծնողներին են տալիս նրանց անկողնային պարագաները, որպեսզի դրանք ամեն օր մաքուր ու ախտահանված լինեն։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG