Մատչելիության հղումներ

Վարչապետ. Եթե այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք


Մենք բավականին մեծ պրոբլեմի առաջ ենք կանգնած այս պահին, և այդ պրոբլեմի պատճառն այն է, որ մենք բոլորս թերևս բավարար լրջությամբ չենք վերաբերվում կորոնավիրուսին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ քաղաքական ու քաղաքացիական պատասխանատվություն պետք է ցուցաբերի»,- նշեց վարչապետը` տեղեկացնելով, որ եթե այս տեմպը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար, իսկ հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք, ինչը նշանակում է, որ մահվան թվերը էականորեն կավելանան, որովհետև վերակենդանացման բաժանմունքներն ամբողջովին լցված կլինեն պացիենտներով, ու մարդկանց օգնություն ցույց տալ չեն կարողանա:

«Եթե մենք այս դինամիկան չկոտրենք, տեմպը չփոխենք, եթե չիջեցնենք կտրուկ այս դինամիկան, մենք իսկապես շատ լուրջ պրոբլեմների առաջ ենք կանգնելու, և ամեն օր մեզ մոտ տասնյակ, կարող է նույնիսկ հարյուրավոր մարդիկ են մահանալու: Ինչը նշանակում է, որ մենք ստիպված կլինենք կրկին մտցնել հնարավոր ամենախիստ սահմանափակումները: Բայց մենք հնարավորություն ունենք դա չանելու, և դա չանելու ձևը կրկին մեզնից յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունն է»,- նկատեց գործադիրի ղեկավարը:

Վերջինս շեշտեց` այս օրերին էլ փողոցներում հանդիպել է մարդկանց, որոնք առանց դիմակների, առանց սոցիալական հեռավորության պահպանման շրջում ու զրուցում են, կոչ արեց դիմակ կրել, սոցիալական հեռավորություն պահպանել, ախտահանվել, ախտահանված սպասքից օգտվել:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց` ավտոբուսներ, հասարակական տրանսպորտ առանց դիմակի պետք չէ մտնել.- «Մենք կիրառելու ենք լուրջ միջոցներ, տուգանելու ենք և գանձելու ենք տուգանքները, որովհետև սա ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է»:

Հիշեցնենք, որ Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 218-ով՝ հասնելով 5 հազար 41-ի:

XS
SM
MD
LG