Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է կայացրել վերսկսել և կարճել Beeline ապրանքանիշով հայտնի «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերությունների 2019 թվականի դեկտեմբերի 30-ի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Այս մասին ասված է հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
«ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը 2020 թվականի մայիսի 6-ին դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ հրաժարվում է իր դիմումից և խնդրում է կարճել հարուցված վարչական վարույթը:
«Հաշվի առնելով, որ դիմումատուն գրավոր հրաժարվել է իր դիմումից՝ վերանում է հարուցված վարչական վարույթն իրականացնելու անհրաժեշտությունը, հետևաբար հանձնաժողովը որոշել է վարչական վարույթը կարճել», - փոխանցում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիշեցնելով. - «Հանձնաժողովի 2020 թվականի մարտի 19-ի թիվ 122-Ա որոշմամբ, հաշվի առնելով ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունը, կասեցվել էր ընկերությունների դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը»։
Հանձնաժողովը նշում է նաև, որ վարույթի շրջանակում իրականացրել է հեռահաղորդակցության ոլորտի լայնածավալ ուսումնասիրություն, որը խոստանում է հետագայում հրապարակել։
Տարեսկզբին կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող հայաստանյան «Յուքոմ» ընկերությունը Beeline-ը գնելու հարցով դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովներին:
Այդուհանդերձ, հնարավոր գործարքի առնչությամբ «Յուքոմ»-ի կառավարման խորհրդում խնդիրներ առաջացան, և մոտ մեկ ամիս առաջ ընկերության հիմնադիրներ ու մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ եղբայրներ Հայկ և Ալեքսանդր Եսայանները հրաժարական տվեցին, նրանց հետևեցին բազմաթիվ աշխատակիցներ:
«Յուքոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանին էլ ապրիլի վերջին առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանք առաջադրվեց, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը, ինչից հետո Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ներկայումս անազատության մեջ գտնվող Գագիկ Խաչատրյանի որդին անհետացել է, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Այս զարգացումներից հետո՝ մայիսի 6-ին, «ՎԵՈՆ»-ը հայտարարեց «Յուքոմ»-ի հետ քննարկումները դադարեցնելու մասին: