Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն (ՏՄՊՊՀ) այսօր առաջին նիստն անցկացրեց «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների դիմումով, որոնք դեկտեմբերի 30-ին թակել էին ՏՄՊՊՀ-ի դուռը համակենտրոնացման թույլտվություն ստանալու համար. «Յուքոմ»-ը ցանկանում է գնել «Բիլայն»-ի բոլոր բաժնետոմսերը։
«Ընկերությունների ակտիվների արժեքը և հասույթի չափը գերազանցում է մրցակցության օրենսդրությամբ սահմանված ակտիվների արժեքը և հասույթի չափը, հետևաբար ընկերությունների միջև նշված համակենտրոնացումը ենթակա է հայտարարագրման», - ասաց ՏՄՊՊՀ աշխատակիցը։
Ավելի քան 307 միլիոն դոլար ակտիվների արժեք ունեցող «Բիլայն»-ը կամ «Վեոն Արմենիան» առաջատարն է ֆիքսված հեռախոսակապի՝ ավանդական հեռախոսային շուկայում բաժանորդների գրեթե 80 տոկոսով, վաճառվող ընկերությանն են պատկանում բջջային հեռախոսակապի շուկայի 25 տոկոսը, ֆիքսված ինտերնետ կապի շուկայի 35 տոկոսը։
Մյուս՝ բջջային կապի ու շարժական ինտերնետի շուկայում Հայաստանում առաջատարը «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն ընդունում է՝ «Յուքոմ»-«Բիլայն» գործարքի թույլտվության դեպքում կա շուկայում գերիշխող դիրք հաստատելու վտանգ, ինչն էլ քննարկում են հանձնաժողովում։
«Գերիշխող դիրքի կենտրոնացվածությունն է շատանալու, դա միանշանակ է, դա ակնհայտ է։ Ֆիքսված կապը այսօր էլ մենաշնորհ չի, էլի գերիշխող դիրք է, բայց այսօր էլ կա գերիշխող դիրք, այո, մենք այդ հարցերը բնականաբար նայելու ենք տոկոսներով, թե որտեղ ինչ փոփոխություն է տեղի ունենալու», - նշեց Գևորգյանը։
Ըստ Կանադայում բնակվող իրավաբան Դավիթ Սանդուխչյանի, որը երկար տարիներ Հայաստանում աշխատել է հաղորդակցության ոլորտում, եթե այսօր շարժական կապի շուկայում գոյություն ունի մեկ գերիշխող օպերատոր՝ «Վիվասել ՄՏՍ»-ը, ապա համակենտրոնացման արդյունքում Հայաստանը կունենա արդեն երկու գերիշխող տնտեսվարող, հետևաբար մենաշնորհի ռիսկ չի առաջանա։
«Նույնիսկ եթե «Վեոն»-ը «Յուքոմ»-ի հետ միանա, միաձուլվել, չգիտեմ ինչ կազմակերպչական ձև կընդունի այդ համակենտրոնացումը, նույնիսկ այդ դեպքում մենք կունենանք հավասար մրցակցություն այդ դաշտում երկու օպերատորների։ Միշտ երեք օպերատորն ավելի լավ է, քան թե երկու օպերատորը, բայց դե եթե լինեն երկու օպերատոր, էլի վատ չի, էսպես ասած», - «Ազատության» հետ զրույցում նշեց Սանդուխչյանը։
Բոլորովին այլ պատկեր կլինի լարային կապի շուկայում։ Սանդուխչյանի խոսքով, «Վեոն Արմենիա»-ն վերահսկում է ոչ միայն ձայնային ծառայությունների շուկայի մեծ մասը, այլև գծային ենթակառուցվածքները, ստորգետնյա խողովակաշարեր և այլն, հետևաբար «Յուքոմ»-ի կողմից «Բիլայն»-ը ձեռք բերելու դեպքում ֆիքսված կապի շուկայում կառաջանա մեկ խոշոր օպերատոր, որը կհսկի շուկայի մոտ 70 տոկոսը։
«Ձայնային ծառայության դեպքում մենք ունենք կարգավորման մեխանիզմներ Էլեկտրոնային հաղորդակցության մասին օրենքով նախատեսված, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է կարգավորել սակագինը, ինչպես, օրինակ, գազը, լույսը, ինտերնետի դեպքում օրենքն արգելում է կարգավորել գնային սակագինը։ Այսինքն՝ նոր ընկերությունը կունենա մենաշնորհ ոչ միայն տարածքային, այլ նաև գնի ձևավորման», - նշեց իրավաբանը։
ՏՄՊՊՀ-ի նախագահն այսօր վստահեցրեց՝ դիտարկելու են բոլոր ռիսկերը. «Եթե մեր կառույցը մերժեց, չեն միավորվելու, եթե մեր կառույցը թույլ տվեց, միավորվելու են։ Մեր կառույցը կարող է պայմանով թույլ տալ, կարող է թույլ չտալ, կարող է թույլ տալ»։
ՏՄՊՊՀ-ն այս վարույթով զբաղվելու համար դեռ գրեթե 2 ամիս ժամանակ ունի։ Այսօրվա նիստին հանձնաժողովը փորձելու էր նաև պարզել ընկերությունների իրական սեփականատերերին։
«Նիստի այս ընթացքում նաև դա ենք քննարկելու, բայց դա չէի կարող ներկայացնել», - ասաց հանձնաժողովի նախագահը։
Ըստ «Բիլայն»-ի կայքի՝ հայաստանյան ընկերությունը պատկանում է աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկին՝ «ՎԵՈՆ» ընկերությունների խմբին, որի գլխամասն Ամստերդամում է։
Սեփականատերերին չի թաքցնում նաև «Յուքոմ»-ը, որի կայքում հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն՝ «Յուքոմ»-ի բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, Ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյան եղբայրներից յուրաքանչյուրը տնօրինում է 11,9 տոկոս բաժնեմասի, նրանց ընտանիքի մեկ այլ անդամ՝ Սուրեն Խաչատրյանը՝ 24 տոկոսի, մնացած բաժենմասերից 10 տոկոսը պատկանում է «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Սուրիկ Պողոսյանին, ավելի քան 5,5 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայանեղբայրներին, որոնցից Հայկ Եսայանն ընկերության գլխավոր տնօրենն է։ Միևնույն ժամանակ, «Յուքոմ»-ում հրապարկված նույն փաստաթղթի համաձայն, «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերության բաժնեմասերը ևս պատկանում են Խաչատրյաններին։
«Հետք» պարբերականը հայտնում է, որ «Ֆորա-բանկ»-ը պատկանում է «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին, իսկ մնացած 6 տոկոսի սեփականատեր Սուրիկ Պողոսյանը Սամվել Կարապետյանի քրոջ ամուսինն է։