Մատչելիության հղումներ

«Յուքոմում» չգիտեն ՎԵՈՆ-ի` վաճառքի գործարքի դադարեցման պատճառների մասին


«Յուքոմ» ընկերության շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձություններին զուգահեռ՝ հեռահաղորդակցության և ինտերնետի ծառայություններ մատուցող ՎԵՈՆ ընկերությունը, որը Հայաստանում կապի օպերատոր «Բիլայն» ապրանքանիշն է ներկայացնում, հայտարարել է «Յուքոմի» կողմից գնման հնարավոր գործարքի շուրջ քննարկումների դադարեցման մասին։

Հունվարի 15-ին «Յուքոմ» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձաժողով «Բիլյանը» գնելու նպատակով, ՎԵՈՆ-ն էլ բաժնեմասը վաճառելու հնարավորություն ստանալու համար էր դիմում ներկայացրել:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժոովի մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը «Ազատությանը» հայտնեց՝ ՎԵՈՆ-ից գրություն արդեն ստացել են, մինչ այս երկու ընկերությունների դիմումներն ուսումնասիվում էին.- «Այսպիսով ընկերությունը խնդրում է դիմումի քննության հետագա ընթացքը չեղարկել»:

Անցած ամիս «Յուքոմ» ընկերության հիմնադիրներ, այժմ 6 տոկոսի բաժնետերեր՝ «Յուքոմի» գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցրած Հայկ Եսայանն ու նրա եղբայր Ալեքսանդր Եսայանը ընկերությունից դուրս գալու դիմում գրեցին: Ի նշան բողոքի ազատման դիմում գրեցին նաև ավելի քան 800 աշխատակիցներ։ Ընկերության կառավարման խորհրդում խնդիրներ էին առաջացել «Յուքոմ»-«Բիլայն» հնարավոր միավորման գործընթացի պատճառով։ Եսայանների հեռանալուց հետո նոր տնօրեն նշանակվեց, սակայն «կրքերը չհանդարտվեցին»։

«Յուքոմի» հիմնական սեփականատերերից, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդու՝ Գուրգեն Խաչատրյանի վերաբերյալ դատարանն օրեր առաջ կալանավորման որոշում կայացրեց, այդուհանդերձ, ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Խաչատրյանը թաքնվում է քննությունից և գտնվում է հետախուզման մեջ։ Գուրգեն Խաչատրյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափով փողերի լվացման և կաշառք ստանալուն օժանդակելու մեջ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են՝ ՎԵՈՆ-ից ստացված դիմումի մեջ գործարքից հրաժարվելու պատճառների մասին չի նշվում.- «Այս պահին հանձնաժողովը կընդունի ի գիտություն ընկերության դիմումը, որով նաև կտեղեկացնի օրենքի համաձայն կառավարությանը, և այդ դիմումի համաձայն քննության հետագա ընթացքը կչեղարկվի»:

«Յուքոմ» ընկերության մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Տիգրան Սաֆարյանն «Ազատության» հետ զրույցում հայտնեց՝ իրենք էլ են ՎԵՈՆ-ից գրություն ստացել.- «Նշվում է բանակցությունների կասեցման մասին, հետևաբար գրությունն իրավական բաժնում է, և բոլոր ընթացակարգերով, ինչպես որ նախատեսված է, պետք է առաջ շարժվենք»:

ՎԵՈՆ-ի գործարքից հետ կանգնելու որոշման պատճառը «Յուքոմում» չգիտեն, այդուհանդերձ կողմերի միջև որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և ըստ դրանց ընկերությունները քայլեր կձեռնարկեն: Սաֆարյանը չհստակեցրեց՝ ինչ պայմանավորվածությունների մասին է խոսքը.- «Պատճառներ չեն նշվում գրության մեջ, ենթադրում եմ, որ որոշակի բանակցություններ պետք է կատարվեն»:

«Յուքոմի» մարքեթինգի և հաղորդակցության տնօրենի կարծիքով` երկու ընկերությունները դեռևս քննարկումներ կունենան՝ ՎԵՈՆ-ի որոշման պատճառը պարզելու համար։

ՎԵՈՆ-ը նաև Տնտեսական մրցակցության հանձնաժողով է գրություն ուղարկել, իսկ թե ինչ բովանդակությամբ, «Ազատությանն» այսօր չհաջողվեց պարզել։

«Յուքոմ» ընկերության բաժնեմասերի շուրջ 76 տոկոսը պատկանում է ֆինանսների նախկին նախարար, Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ներկայումս կալանավորված Գագիկ Խաչատրյանի ընտանիքին։

XS
SM
MD
LG