Մատչելիության հղումներ

«Յուքոմ»-ի հիմնադիր Եսայան եղբայրներն ու մի քանի հարյուր աշխատակից ազատման դիմում են գրել. ընկերությունը չի մեկնաբանում


Կապի հայաստանյան խոշորագույն օպերատորներից «Յուքոմ»-ի հիմնադիր և ընկերության մոտ 6 տոկոսի բաժնետերեր՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրները ընկերությունից դուրս գալու դիմում են գրել, նրանց միացել են շուրջ 350 աշխատակիցներ։ Երեկ կեսգիշերին այս տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց ընկերության աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ։

«Յուքոմի» համահիմնադիր Հայկ Եսայան, արխիվ
«Յուքոմի» համահիմնադիր Հայկ Եսայան, արխիվ

Այսօր արդեն տարբեր աղբյուրների պնդմամբ՝ 1800 աշխատակից ունեցող կազմակերպությունում ազատման դիմում են գրել շուրջ 500-ը։ Հեռախոսակապի և ինտերնետի օպերատոր «Յուքոմ»-ը ցանկանում է գնել բջջային մեկ այլ օպերատորի՝ «Բիլայն»-ի բաժնետոմսերի ամբողջական փաթեթը։ Ըստ «Ազատության» անանուն աղբյուրի՝ «Բիլայն»-ի գործադիր տնօրեն Անդրեյ Պյատախինը «Յուքոմ»-ի բաժնետերերին է փոխանցել իր ղեկավարած ընկերության ներքին ինֆորմացիան, որպեսզի դրա դիմաց ստանա միավորվող ընկերության տնօրենի պաշտոնը։

«Յուքոմ»-ի գործադիր տնօրեն Հայկ Եսայանն ու նրա եղբայր Ալեքսանդր Եսայանն, ըստ մեր անանուն աղբյուրի, չեն համաձայնել իրենց բաժնեմասի նվազեցմանը, ինչը տեղի կունենար միավորման համար բաժնետերերի կատարելիք ներդրումների արդյունքում։

Անդրեյ Պյատախինի և Եսայան եղբայրների միջև խնդիր չկա. «Բիլայն»-ի մամուլի պատասխանատու

Հայաստանում «Բիլայն»-ի մամուլի պատասխանատու Նառա Նազարյանն այս հայտարարությանն ի պատասխան ասաց.- «Հայաստանում «Բիլայն»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել է իր պաշտոնը և չի նախատեսում լքել այն: Գործարքը գտնվում է դեռ քննարկման փուլում, մենք չենք մեկնաբանում: Ըստ հանձնաժողովի պահանջի` բոլոր փաստաթղթերը, ինչը որ գործարքի հետ կապված է, ընկերությունը ներկայացնում է»:

«Ազատություն». - Այսինքն` այս միավորող ընկերության տնօրենի պաշտոնը ստանալու դիմաց, ինչպես պնդում է մեր աղբյուրը, ներքին ինֆորմացիան, որը փոխանցվել է, Դուք ասում եք, որ սա գաղտնի չէ՞, ու պաշտոնական տեղեկությո՞ւն է փոխանցվել:

Նառա Նազարյան.- Այո:

«Ազատություն».- Գործարքը տեղի ունենալուց հետո անգամ Անդրեյ Պյատախինը չի՞ պատրաստվում ղեկավարել «Յուքոմ»-ը:

Նառա Նազարյան.- Նման հարցեր արդեն պետք է տալ ակցիաներներին «Յուքոմ»-ի:

«Ազատություն».- Առճակատում կա՞ Պյատախինի ու Եսայան եղբայրների միջև:

Նառա Նազարյան.- Խնդիր չկա ոչ մի:

«Յուքոմ»-ից դեռևս չեն մեկնաբանում

Մինչև այս պահն «Ազատությանը» չի հաջողվում պաշտոնական պատասխան ստանալ «Յուքոմ»-ից։ Կազմակերպության բաժնեմասերի 29 տոկոսը պատկանում է «ԱյՅու Թելեքոմյունիքեյթ» ընկերությանը, որն էլ պատկանում է ֆինանսների նախկին նախարար, այժմ կալանավորված Գագիկ Խաչատրյանի որդիներ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին։ Բացի դա, նրանցից յուրաքանչյուրը տնօրինում է նաև ընկերության 11,9-ական տոկոս բաժնեմասը։ Խաչատրյանների ընտանիքի մեկ այլ անդամ՝ Արամ Խաչատրյանը, տնօրինում է «Յուքոմ»-ի 24 տոկոսը։ Մնացյալ բաժնեմասերից 10 տոկոսը պատկանում է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի «Ֆորա-բանկ»-ին, 6 տոկոսը՝ Կարապետյանի քրոջ ամուսնուն՝ Սուրիկ Պողոսյանին, մոտ 6 տոկոսն էլ՝ Հայկ և Ալեքսանդր Եսայան եղբայրներին։

Պետական ռեգիստրի տվյալներով՝ ամիսներ առաջ՝ մարտի 27-ին, Խաչատրյանների բաժնեմասերի վրա կալանք է դրվել։

«Յուքոմ»-ում կոնֆլիկտը կազդի ծառայությունների որակի վրա. պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան, արխիվ
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան, արխիվ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը, որը երկար տարիներ աշխատել է «Բիլայն Արմենիա» ընկերությունում որպես հանրային կապերի պատասխանատու, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Յուքոմ»-ի և «Բիլայն»-ի ակնկալվող միաձուլման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման հրապարակումից հետո պատգամավորական վերահսկողության լիազորությամբ ակտիվորեն կներգրավվի որոշման քննարկմանը։ Այս պահին նա կարևորում է սպառողների իրավունքն ու նշում՝ «Յուքոմ»-ից պետք է պաշտոնական պատասխան տրվի տեղի ունեցածի վերաբերյալ:

«Վատ եմ վերաբերվում այն կոնֆլիկտին, որը տեղի է ունենում «Յուքոմ»-ում, և որը, իհարկե, կազդի և՛ ծառայությունների որակի վրա, և՛ նաև ընկերության վարկանիշի վրա: Եվ այստեղ ես պաշտպանում եմ բաժանորդների շահերը, ես կարծում եմ, որ դա չի բխում բաժանորդների շահերից: Կցանկանայի «Յուքոմ»-ի ներկա ղեկավարության տեսակետը տեսնել լրատվամիջոցներում և ափսոսում եմ, որ մինչև այսօր ներկա ղեկավարությունը որևէ բացատրություն չի տվել հանրությանը, թե ինչ է տեղի ունենում իրականում ընկերության ներսում»,- նշեց նա:

«Բիլայն» ապրանքանիշով հանդես եկող «Վեոն Արմենիան», ի դեպ, Հայաստանում առաջատարն է ֆիքսված հեռախոսակապի՝ ավանդական հեռախոսային շուկայում բաժանորդների գրեթե 80 տոկոսով, այս ընկերությանն են պատկանում բջջային հեռախոսակապի շուկայի 25 տոկոսը, ֆիքսված ինտերնետ կապի շուկայի 35 տոկոսը։

Գործարքը դեռ չի կայացել. ՀԾԿՀ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդյո՞ք լիազորություն ունի ստեղծված իրավիճակը շտկելու ուղղությամբ միջամտություն անելու, հետաքրքրվեցինք մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանից: Վերջինս ասաց, որ այս հարցին այսօր չեն կարող պատասխանել, իսկ թե ի՞նչ փուլում է «Յուքոմ»-ի կողմից «Բիլայն»-ի գնման գործընթացը, ասաց.- «Գործարքը չի կայացել, դեռևս ուսումնասիրության փուլում է, և ժամկետներն օրենքով նախանշված չեն»:

Դիանա Մնացականյանն 9 տարի աշխատել է «Յուքոմ»-ում որպես հանրային կապերի պատասխանատու: 3 ամիս է` ինչ այլ աշխատանքի է անցել։ Ասում է` եթե դեռ «Յուքոմ»-ում լիներ, աշխատանքից ազատվելու դիմում գրողների շարքում կլիներ.- «Եսայան եղբայրներն այնպես են կարողացել անել, որ բոլորը հավատան հայկական միասնական օպերատոր ունենալու գաղափարին: Եվ վստահ եմ, որ ավելի շատ կլինի թիվը, ովքեր ազատման դիմում են գրում, գաղափարից ելնելով են առաջին հերթին այդ դիմումները գրում, որովհետև այս երկրում շատ կարևոր է հայկական օպերատոր ունենալը»:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը դեռ փետրվարի 13-ին, կառավարության նիստից հետո անդրադառնալով «Յուքոմ»-ի և «Բիլայն»- վերամիավորման թեմային, ասել էր՝ հնարավոր է նաև գործարքի այնպիսի տարբերակ, որ պետությունը որոշակի պայմաններ թելադրի։ Կառավարության ճեպազրույցների դահլիճում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Գեղամ Գևորգյանն ասաց, որ «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների համակենտրոնացման հայտը դեռ անցյալ տարեվերջին է եղել, «Յուքոմ» և «Բիլայն» ընկերությունների մասով հանձնաժողովը դեռ ոչ մի որոշում չի կայացրել.- «Հանձնաժողովը դեռևս ուսումնասիրությունը չի ավարտել, դեռևս համակենտրոնացման թույլ տալու, թույլ չտալու կամ որևէ պայմանով թույլ տալու մասին որոշում չկա: Հանձնաժողովը չունի որևէ այս պահին ավարտված դիրքորոշում, ուսումնասիրությունները և քննարկումները շարունակվում են, և վարույթն սկսելու պես գործընթացը կշարունակենք և բնականաբար, արդյունքների մասին կիրազեկենք հանրությանը»:

ԲՏԱ նախարարությունը կոչ է անում պատասխանատվություն ցուցաբերել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կապի և հեռահաղորդակցության օպերատորներին կոչ է անում պատասխանատվություն ցուցաբերել, իսկ լրատվամիջոցներին հորդորում «անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի և հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարևորությունը»: Նախարարությունը հայտնում է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գնման գործընթացին, և հարցը գտնվում է քննարկման փուլում։

XS
SM
MD
LG