Ավելի քան երկու ամիս շարունակված կարանտինից ու կոշտ սահմանափակումներից հետո իտալացիներն այս առավոտ փողոց են դուրս եկել` սիրած էսպրեսոն սրճարանում վայելելու։
Այսօրվանից, կառավարության որոշմամբ, բաց են նաև բարերը, ռեստորանները, վարսավիրանոցներն ու հագուստի խանութները:
Վերաբացվող երկրում, սակայն, շատ բան այլևս նախկինի նման չէ․ փողոցներում հատուկենտ մարդկանց կարելի է հանդիպել առանց դիմակի ու ձեռնոցի, դրանք պարտադիր են անգամ եկեղեցիներում։ Իտալական ջերմ գրկախառնությունների փոխարեն էլ սոցիալական հեռավորության նորմերն են` առնվազն մեկուկես մետր:
Համաճարակի պատճառով ավելի քան երեսուն հազար զոհ տված երկրում, սակայն, խստությունից հիմա քչերն են բողոքում․ - «Վերջապես, վերջապես վերադարձանք աշխատանքի, պետք է դանդաղ քայլերով առաջ գնանք` հույսով, որ շուտով կյանքը կվերադառնա իր բնականոն ռիթմին»:
Երեկ Իտալիայում արձանագրվել է մահվան 145 դեպք` ամենացածր ցուցանիշը համաճարակի բռնկումից ի վեր: Արդեն երկու շաբաթ է, օր֊օրի նվազում են նաև վարակի նոր դեպքերը:
«Եթե այս տեմպը պահպանվի, մեկ ամսից իտալացիները կարող են արտերկիր մեկնել` հանգստի, ու հյուրեր ընդունել Եվրամիության երկրներից», - երեկ հայտարարել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն։ - «Մենք մասնագետների հետ կգնահատենք վիճակագրական տվյալները։ Եթե ամեն ինչ դրական լինի, կվերացնենք տեղաշարժի բոլոր սահմանափակումները: Հունիսի 3-ից հնարավոր կլինի նաև ճանապարհորդել Եվրոպայի տարածքում, ինչը կնպաստի զբոսաշրջության վերականգնմանը»:
Այսօրվանից տնտեսության նոր ոլորտներ են բացվում նաև Իսպանիայում, Պորտուգալիայում, Դանիայում։ Բելգիայում աշխատանքն են սկսում դպրոցներն ու մանկապարտեզները։ Փորձագետների գնահատականով, Եվրամիության երկրներն արդեն հաղթահարել են հիվադացության պիկը:
Համաճարակից ամենաշատը տուժած մյուս մայրցամաքում` Ամերիկայում նույնպես երեկ արձանագրվել է մահացության ամենացածր ցուցանիշը վերջին մեկ շաբաթվա մեջ:
Հինգ տասնյակ նահանգների գերակշիռ մասը սկսել է մեղմել է սահմանափակումները։ Նախագահ Թրամփը երեկ, վերադառնալով Քեյմփ Դեյվիդի ամառանոցից, պնդել է` համաճարակի դեմ պայքարում խոստումնալից արդյունքների են հասել․ - «Բազմաթիվ հաջող հանդիպումներ ունեցանք անցած օրերին, հսկայական առաջընթաց է արձանագրվել տարբեր ուղղություններով, այդ թվում`այս սարսափելի համաճարակի դեմ դեղամիջող գտնելու հարցում»:
Թրամփը, սակայն, չի հստակեցրել, թե ինչ առաջընթացի մասին է խոսքը, և ինչ նոր քայլեր է ձեռնարկելու Ամերիկան համաճարակի դեմ։
Վերջին տվյալներով, կորոնավիորսն աշխարհում ավելի քան երեք հարյուր հազար մարդու կյանք է խլել, վարակվածների թիվը մոտենում է հինգ միլիոնին:
Վարակակիրների կտրուկ աճ է արձանագրվում Բրազիլիայում և Բելառուսում
Մինչ այդ, վարակի էպիկենտրոնը տեղափոխվում է աշխարհի ամենախոշոր ու ամենախիտ բնակեցված պետություններից մեկը` Բրազիլիա: Վերջին տվյալներով, վարակի դեպքերն այստեղ հասնում են շուրջ 250 հազարի․ այս ցուցանիշով Բրազիլիան այլևս հինգերորդն է աշխարհում:
Չնայած մտահոգիչ այս թվերին` երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարոն շարունակում է պնդել` կարանտինը դեռ որևէ մեկին օգուտ չի բերել, առաջին հերթին պետք է մտածել տնտեսության ու աշխատատեղերի մասին: Նա մինչև օրս նա հանրային վայրերում դիմակ չի կրում, սոցիալական հեռավորություն չի պահպանում:
«Դաշնային կառավարությունը տվել է անհրաժեշտ աջակցությունը վարակված մարդկանց բուժելու համար, և մենք հուսով ենք, որ շուտով կազատվենք այս խնդրից: Շնորհավորում եմ մեզ բոլորիս», - հայտարարել է նա:
Տեղական իշխանությունները, սակայն, միմյանց շնորհավորելու իմաստը չեն հասկանում, նախագահի լավատեսությունը չեն կիսում: Ճիշտ հակառակը, երկրի խոշորագույն քաղաքի` Սան Պաուլոյի քաղաքապետը երեկ հայտարարել է, որ հիվանդանոցների իննսուն տոկոսն այլևս զբաղված է, և մի քանի օրից հիվանդները փողոցում են մնալու:
«Այս ամենի համար մեղավոր են նրանք, ովքեր իրենց անպատասխանատու հայտարարություններով մարդկանց կյանքի հետ են խաղում», - պնդել է քաղաքապետը` ակնարկելով նախագահին:
Այս տարաձայնությունների պատճառով անցած մեկ ամսում երկրում երկու Առողջապահության նախարար է փոխվել, մեկն ինքն է հեռացել, մյուսին նախագահն է պաշտոնանկ արել իր քաղաքականությանը դեմ գնալու պատճառով։
Թերևս ոչ պատահական զուգադիպությամբ, վարակի կտրուկ աճ է արձագրվում նաև Բելառուսում, որի նախագահը ևս` բրազիլացի գործընկերոջ նման, մինչև օրս համաճարակը որակում է գլոբալ պսիխոզ և հրաժարվում կարանտինից ու սահմանափակումներից:
Այսօր այդ երկրի Առողջապահության նախարարությունը հրապարակել է վերջին տվյալները, ըստ որոնց անցած քսանչորս ժամում վարակակիրների թիվը ավելացել է 922-ով և հասել մոտ երեսուն հազարի: Նախկին ԽՍՀՄ֊ում սրանից ավելի շատ դեպք առայժմ արձանագրվել է միայն Ռուսաստանում: