Մատչելիության հղումներ

120-ից ավելի երկրներ կորոնավիրուսի ծագման հարցով անկախ քննություն սկսելու կոչ են անում


Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյն, արխիվ
Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյն, արխիվ

Կորոնավիրուսի ծագման և տարածման հանգամանքների վերաբերյալ միջազգային հանրության շրջանում օր-օրի խորացող կասկածների ֆոնին` աշխարհի ավելի քան 120 երկրներ կոչ են անում այդ հարցով անկախ հետաքննություն սկսել:

Նման նախաձեռնությամբ հանդես են եկել Եվրամիությունն (ԵՄ) ու Ավստրալիան, ինչին կողմ է արտահայտվել արդեն 122 երկիր, այդ թվում` Հարավային Աֆրիկան, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան: Այս մասին հայտնի դարձավ Ժնևում այսօր մեկնարկած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նախաշեմին:

Ավստրալիայի արտգործնախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ անկախ հետաքննության կողմնակիցները ցանկանում են «օգնել աշխարհին դասեր քաղել, որոնք անհրաժեշտ են առողջության պաշտպանության համար»: Դիվանագետն ավելի վաղ պնդել էր, որ իրականությունը պարզելու համար անհրաժեշտ է միջազգային անկախ հետաքննություն անցկացնել, այլ ոչ թե վստահել այդ գործը Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ), որը շարունակաբար գովեստի խոսքեր է հնչեցնում Չինաստանի հասցեին:

Իր հերթին, Եվրամիության արտաքին կապերի խորհրդի մամլո խոսնակ Վիրջինիա Բատու-Հենրիկսոնը նշել է, որ Բրյուսելը մտադիր է այդ հարցով կոնսենսուսի հասնել: «Մեզ պետք է բոլոր հիմնական խաղացողների աջակցությունը, Չինաստանը դրանցից մեկն է», - նշել է նա:

Համաճարակի ճիրաններում հայտնված երկրներին հուզող գլխավոր հարցը սա է՝ արդյո՞ք արվել է հնարավորը՝ կանխելու կորոնավիրուսը, որն աշխարհում խլել է ավելի քան 300 հազար մարդու կյանք՝ վարակելով շուրջ 4,7 միլիոնի:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, այսօր ելույթ ունենալով ասամբլեայի բացմանը, խոստացավ այդ հարցի պատասխանը տալ ամենամոտ և ամենահարմար պահին` անկախ հետաքննության արդյունքում:

«Մենք բոլորս այս համաճարակից դասեր ենք քաղել, յուրաքանչյուր երկիր և յուրաքանչյուր կազմակերպություն, իր փորձից ելնելով, պետք է դասեր քաղեր: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավատարիմ է թափանցիկության, հաշվետվության սկզբունքին և շարունակաբար կատարելագործվելուն»,- հայտարարել է Գեբրեյեսուսը` հավելելով, որ իր գլխավորած կառույցը հնարավորինս արագ կփորձի անկախ գնահատական տալ համաճարակի միջազգային արձագանքին և խորհրդատվական փաթեթ նախապատրաստել համաճարակի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման համար:

Պաշտոնական Պեկինն այսօր հաստատեց՝ կողմ է համաճարակի շուրջ անկախ հետաքննությանը, սակայն պայմանով, որ այդ գիտական աշխատանքը գլխավորի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը՝ պահպանելով անաչառության ու արդարության սկզբունքը: Այս մասին հայտարարել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինպինը և հավաստիացրել, որ իր երկիրը ամենայն ազնվությամբ ներկայացրել է կորոնավիրուսի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, դրա տարածման դեմ ձեռնարկած քայլերով և բուժման մեթոդներով:

Միաժամանակ, Չինաստանի նախագահը կոչ է արել հետաձգել բոլոր տեսակի հետաքննություններն այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում համաճարակը վերահսկողության տակ չի առնվել: «Համաճարակի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Չինաստանը կաջակցի կորոնավիրուսի համավարակին արձագանքման համաշխարհային քայլերը համակողմանի ստուգելու գաղափարին», - վստահեցրել է Սի Ծինպինը:

Վաշինգտոնն առայժմ չի աջակցել վարակի ծագման շուրջ անկախ հետաքննություն անցկացնելու գաղափարին: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե Վաշինգտոնն ինքը կփորձի պարզել, թե որքանով են հիմնավոր պնդումները, որ կորոնավիրուսը ոչ թե կենդանուց է մարդկանց փոխանցվել, այլ սկիզբ է առել Ուհանի բիոլաբորատորիայում և տարածվել է մարդկային սխալի պատճառով։

Սպիտակ տան ղեկավարը բազմիցս Չինաստանին մեղադրել է նաև վարակի մասին փաստերը կոծկելու մեջ, ինչն էլ, նրա կարծիքով, դարձել է համաճարակի պատճառ, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ըստ ամերիկյան իշխանությունների, օգնել է Պեկինին թաքցնել կորոնավիրուսի բռնկումը: Այս կասկածները հիմք ընդունելով՝ Սպիտակ տան ղեկավարն անցյալ ամիս` համաճարակի տարածման ամենաթեժ պահին, որոշեց սառեցնել կառույցին հատկացվող ֆինանսական օգնությունը:

Միացյալ Նահանգները շվեյցարական Ժնևում տեղակայված և 195 երկրներ միավորող Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոշորագույն ֆինանսավորողն է, միայն անցած տարի ամերիկյան հանգանակությունը կազմել է 400 միլիոն դոլար, ինչը կառույցի ընդհանուր բյուջեի 15 տոկոսն է կազմում: Չինաստանի ֆինանսական ներդրումը, օրինակ, մոտ տասն անգամ ցածր է:

Միևնույն ժամանակ, Նահանգները կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրներից է, որն առաջինն է թե՛ վարակակիրների, թե՛ մահացության ցուցանիշներով:

Աշխարհում առողջապահական ոլորտը համակարգող կառույցը հերքում է Վաշինգտոնից հնչող մեղադրանքները` պնդելով, թե չունի որևէ լիազորություն՝ ստիպելու կառավարություններին բացահայտել տեղեկատվությունը: Կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսի համոզմամբ՝ կառույցին փորձում են ներքաշել քաղաքական ֆուտբոլի մեջ:

Առողջապահության ոլորտի փորձագետները կորոնավիրուսի ծագման վերաբերյալ բազմակողմանի և համապարփակ որևէ ուսումնասիրություն մինչ օրս չեն կատարել, մասնագետները նշում են, որ վարակի ծագման վերաբերյալ վերջնական փաստն առայժմ չի հաստատվել, օր-օրի խորացող կասկածները դեռ անպատասխան են մնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար անդամ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, այդուհանդերձ, երեկ հորդորել է առաջին հերթին կենտրոնանալ համաճարակի վաղ նախազգուշացման արդյունավետ համակարգ ստեղծելու վրա:

«Առողջապահության համաշխարհային կազմակերությունը լեգիտիմ գլոբալ հաստատություն է, որի հետ կապված են բոլորը: Այդ իսկ պատճառով, մենք միշտ պետք է մտածենք, թե ինչպես բարելավել կազմակերպությունում գործընթացները, հոգ տանել կայուն ֆինանսավորման համակարգի մասին», - հայտարարել է կանցլերը՝ հավելելով. - «Կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեզ պետք է ուժեղ ԱՀԿ, իսկ այդ կազմակերպությունը մենք ենք՝ անդամ պետությունները»:

Մերկելի այս հայտարարությանը միացել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: Նա, իր հերթին, հայտարարել է, որ մահացու վիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերումը դառնալու է աշխարհի սեփականությունը, և կոչ է արել ապահովել դրա հավասար հասանելիությունը բոլոր երկրների համար:

XS
SM
MD
LG